Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան գին ունեցավ, հաշմված ոտքը չուներ գին

Հոկտեմբեր 06,2004 00:00

Մեքենան գին ունեցավ, հաշմված ոտքը չուներ գին 2003թ. մարտի 16-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը հատելիս Էդուարդ Պետրոսյանի «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետին հարվածել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ շպրտելով նրան հանդիպակաց ուղեմաս: Հետո Էդուարդի վրայով անցավ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան՝ Պետրոսյանի ձախ ոտքի վրա թողնելով անվադողի հետքը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Ա. Ավետիսյանը հիվանդանոցում գտնվող Է. Պետրոսյանին մայիսի 21-ին ուղարկեց քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը: Պարզվում է, «նյութերի նախապատրաստման ընթացքում» ձեռք էին բերվել «ելակետային տվյալներ» վթարի մասին, որոնք հաստատել են թե «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Կարապետյանը, այնպես էլ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Լուսինե Շահբազյանը: Վերջինս, ըստ դատախազության «ելակետային տվյալների», կանգնած է եղել կարմիր ազդանշանի տակ: Սակայն ինչպե՞ս է առաջացել անվադողերի հետքերը Պետրոսյանի վրա: Ըստ դատաբժշկական փորձագետի թիվ 239 եզրակացության, նրա վնասվածքները «պատճառված են բութ առարկայի ազդեցությամբ եւ դասվում են մարմնական ծանր վնասվածքների շարքին»: Մնում էր պարզել, թե «բութ առարկան» որ մեկն էր. «ՎԱԶ-2107» մեքենա՞ն, «Ֆոլքսվագե՞նը»: Այս վթարի պատճառով «Հոնդա» մոտոցիկլետի վնասը կազմել է 360.800 դրամ, «ՎԱԶ-2107»-ինը՝ 344.300 դրամ, իսկ «Ֆոլքսվագենինը»՝ 1.503.400 դրամ: Էդիկ Պետրոսյանը համաձայն չլինելով դատախազության որոշմանը, վերաքննիչ բողոք բերեց, որով տարօրինակ համարեց այն, որ մարտի 16-ի ավտովթարի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է 2 ամիս հետո՝ մայիսի 21-ին: Մինչդեռ ՀՀ քրդատօրի 180 հոդվածի 1-ին կետի համաձայն, «հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործը հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»: Բողոքը թողնվեց «առանց բավարարման»: Վերաքննիչ բողոքին հետեւեց վճռաբեկ բողոքը: Այստեղ արդեն Պետրոսյանը գրում է. «Ինքս հանդիսանալով պատերազմների մասնակից, անգամ մարտի դաշտում հակառակորդի կողմից չեմ հանդիպել այսպիսի անարդարության»: Վճռաբեկ որոշումն էլ նույնն էր. դատախազության որոշումը թողնել անփոփոխ: Մինչ վարորդը վիճարկում էր քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը, քաղաքացիական հայցով դատարան դիմեց Լուսինե Շահբազյանը: Վերջինս իր ընտանեկան բժշկի՝ Սիմոն Մոսկոֆյանի գրությունն էր ներկայացրել դատարան. «Բուժումը պետք է կազմակերպվի հրատապ… որակով թերապիա՝ Կիպրոս Լարնակայում, հանգստացնող ծովափերը դրականորեն կազդեն ներվային համակարգի վրա… Ճանապարհածախսը, բնակարանը, խնամքը, թերապիան, բուժումը, բժշկի վճարումները կազմում են 20.000 Կիպրոսի ֆունտ, որը համարժեք է $34 հազարի»: Չնայած դատարանը $34 հազարի պահանջը որպես բուժման ծախս անհիմն համարեց, այնուհանդերձ, վճռեց Պետրոսյանից գանձել 1.503.400 դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Վերաքննիչ դատարանը կասեցրեց նյութական վնասի հատուցման պահանջի մասին գործի վարույթը: Սակայն հիմա էլ Պետրոսյանը հայցով մտավ դատարան՝ տասը միլիոն ութսուներկու հազար երեք հարյուր դրամի պահանջով: Առայժմ ոտքի դիմաց գին չի դրվել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել