Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուլղարիայի

Հոկտեմբեր 06,2004 00:00

Բուլղարիայի հետ խնդիր չկա «Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները նշում են Հայաստանը եւ Բուլղարիան կապող ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հատուկ դերը, մասնավորապես՝ համատեղ երկաթուղային-լաստանավային փոխադրումների իրականացումը: ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության նախագահները հանձնարարել են Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի անդամներին՝ գտնել որոշումներ եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման համար: Նախագահները բավարարվածությամբ նշում են եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընդհանուր ձգտումը՝ որպես երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը»: Սա հատված էր ՀՀ եւ Բուլղարիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի համատեղ հայտարարությունից, որի տեքստը լրագրողներին բաժանվեց երեկ՝ վերջիններիս մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ասուլիսի բուն թեման, ըստ էության, ոչնչով չէր տարբերվում նշված հայտարարությունից: Բացի տնտեսական համագործակցության ներկա վիճակից ու հեռանկարներից, անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հարցին՝ այնքանով, որքանով Բուլղարիան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Նախագահ Պրվանովը, մասնավորապես, գոհունակություն հայտնեց, որ իր երկրի նախագահության օրոք ԵԱՀԿ-ն նկատելիորեն ակտիվացրել է ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հայ եւ բուլղարացի լրագրողներին թույլատրվեց մեկական հարց ուղղել բանախոսներին, եւ այդ հնարավորությունից օգտվելով՝ բուլղարական «Տրուդ» թերթի թղթակցուհին հետաքրքրվեց, թե ինչու հայկական փառաբանված կոնյակը չի վաճառվում իրենց երկրի խանութներում: «Ես կհետաքրքրվեմ, թե ինչու չի վաճառվում: Ինքս էլ չգիտեի այդ մասին»,- ի պատասխան հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: «Հայկական» հարցը հետեւյալն էր. ըստ Պրվանովի, ո՞րն է տարածաշրջանային համագործակցության լավագույն մոդելը: Ի պատասխան, Բուլղարիայի նախագահը նշեց, որ Եվրոպայի երբեմնի «վառոդ» համարվող Բալկաններում այսօր կարելի է երկկողմ, եռակողմ եւ բազմակողմ համագործակցության լավ օրինակներ գտնել: Ըստ Պրվանովի, Հարավային Կովկասում եւս նման սխեմաները կարող են աշխատել: «Կարելի է վերցնել մեկ հարց, օրինակ՝ տրանսպորտը, եւ փորձել տարածաշրջանային ընդգրկմամբ լուծում տալ դրան»,- ասաց Պրվանովը, ինչից կարելի է եզրակացնել, որ նա մեր տարածաշրջանին բնորոշ խնդիրներից, մեղմ ասած, այնքան էլ տեղյակ չէ: Ավելի ուշ երկու նախագահների մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ հայ-բուլղարական բիզնես-ֆորում: Մեջբերենք այնտեղ հնչած հայտարարություններից առավել ուշագրավ հատվածները: Պրվանով. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին գրեթե եռապատկվել է՝ 7մլն դոլարից հասնելով 20-ի: Քոչարյան. անցումային շրջանի մեծ մասն արդեն անցել ենք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել