Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎ

Հոկտեմբեր 06,2004 00:00

ԵՎ ՆՈՐԻՑ՝ «ԼՂ-Ն ԵՎ ԱՅԼ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վիճակը, որ առիթ դարձավ հերթական անգամ անդրադառնալու Ղարաբաղի հարցին: Իսկ Ադրբեջանին իրենց դրական գնահատականներով օժանդակում էին նաեւ ռուս պատվիրակները: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նախօրեին լրագրողներին ասել էր, որ գերազանց հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ, սակայն նշել էր, թե Ադրբեջանում առկա է քաղբանտարկյալների խնդիրը, եւ չի կարծում, որ այդ հարցի քննարկումն ամենաուրախ թեմաներից մեկը կլինի Իլհամ Ալիեւի համար: Թեեւ Իլհամ Ալիեւը 4 հրամանագիր է ստորագրել քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար՝ երեկ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շուրջ զեկույցի համահեղինակ Անդրեաս Գրոսը քննարկման ժամանակ նշել է. «Ադրբեջանի հիմնական խնդիրը քաղբանտարկյալներն են: Նախագահական ընտրություններից հետո՝ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունների համար որեւէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության: Ադրբեջանն ազատ եւ անկախ ԶԼՄ-ներ չունի, պետք է բարձրացնել մամուլի դերը»։ ԵԽԽՎ այլ պատվիրակներ հիշատակել են Ադրբեջանում տիրող կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների մասին: Եվ գրեթե բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել են ԼՂ հիմնահարցին: Ի դեպ, մինչ լիագումար նիստը՝ Դիտարկման հանձնախմբի առավոտյան կայացած նիստում քննարկվել է Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցը: Հայաստանն այդ հանձնախմբում ներկայացնող Արմեն Ռուստամյանը հայտնել է, թե ադրբեջանցիները նորից կենտրոնացել էին ԼՂ հարցի վրա՝ Հայաստանին ներկայացնելով զավթիչ: Մասնավորապես՝ առաջարկել են բանաձեւում նշել, թե Հայաստանը խախտել է Ժնեւյան համաձայնագիրը եւ իր կողմից «օկուպացված» տարածքները ինտենսիվ բնակեցնում է (ադրբեջանցիները նույն պնդումն արել են նաեւ ԵԽԽՎ-ում քննարկումների ընթացքում՝ վկայակոչելով հայկական մամուլի հրապարակումները, եւ Արմեն Ռուստամյանն ի պատասխան՝ հանդես է եկել ռեպլիկով, թե կոռեկտ չէ առանձին հրապարակումներ հիմք ընդունելով նման հայտարարություններ անելը): Դիտարկման հանձնախմբում կատարված մեկ այլ փոփոխություն վերաբերել է զեկույցում տեղ գտած «Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպմանը: Ռուստամյանի առաջարկով հանվել է «այլ» բառը: Ադրբեջանցիներն ապարդյուն կրկին են առաջարկել հավելել այն: Իսկ լիագումար նիստում հօգուտ Ադրբեջանի ելույթ է ունեցել Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը, որի կարծիքով՝ Ադրբեջանը հիմնականում կատարել է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները: Պաշտպանություն է եղել նաեւ ռուսների կողմից՝ ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին նշել է, թե իր բարեկամ Իլհամ Ալիեւը շատ լավ գիտի, թե իր երկրում ե՛րբ եւ ո՛ւմ ներում շնորհի: Ըստ նրա՝ Ադրբեջանը ճիշտ քայլեր է անում ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության մի անդամ իր ելույթում հայտարարել է. «Մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելու ընթացքում ԼՂ հարցում չի արձանագրվել որեւէ տեղաշարժ: Հայաստանը շարունակում է զավթած պահել Ադրբեջանի տարածքի 1/5 մասը: Մենք պետք է թույլ չտանք, որ ԵԽ անդամ երկիրը՝ Հայաստանը, գրավված պահի մեկ այլ երկրի տարածքը»: Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւան սկզբում հուզված ու մեղմորեն ասել է. «Զեկուցողը քննադատեց իմ երկիրը, սակայն պետք է չմոռանալ, որ Ադրբեջանում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել»: Իսկ հետո տիկինը խրոխտ ազդարարել է. «Հայերը գրավել են մեր հողերը եւ այդ տարածքում ռազմական գործողություններ իրականացրել: Ընտրություններ են անցկացրել, որոնք արժանացել են Եվրախորհրդի բացասական գնահատականին»: Ելույթի վերջում նա նույնիսկ բարկացել է ԵԽ-ի վրա. «Ինչո՞ւ է Եվրախորհուրդը լռում: Ինչո՞ւ չի կանգնեցնում Հայաստանին՝ ադրբեջանցի փախստականների իրավունքները ոտնահարելու համար»: Հաջիեւային լրացրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեթ Սեիդովը. «Մենք հույս ունենք, որ ԼՂ հարցում փոխադարձ ըմբռնում կգտնենք ԵԽ-ում: Եվ մեր հողերը հայերը կվերադարձնեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի եւ հայերն իրենց զորքերը դուրս կբերեն մեր տարածքից»։ Ադրբեջանի հարցի համազեկուցող Հերկել Անդրեսը նկատել է, որ ելույթ ունեցողները շեղվում են հարցից: Իսկ մյուս զեկուցողը՝ Գրոսն իր ամփոփիչ ելույթում ասել է, թե պետք չէ Ադրբեջանը վարդագույն գույներով ներկայացնել, քանի որ այդ երկրում կան շատ լուրջ խնդիրներ: Այնուամենայնիվ՝ ինչպես նկատեց Ստրասբուրգում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը՝ ելույթներում ընդհանուր բարեհաճ տոն կար Ադրբեջանի նկատմամբ: Ուկրաինայի պատվիրակության ղեկավարներից Անատոլի Ռախանսկին անգամ առաջարկել է ավարտել Ադրբեջանի նկատմամբ դիտարկումը եւ սկսել հետդիտարկումային երկխոսություն: Այսուհանդերձ՝ Ադրբեջանը մնալու է դիտարկման ռեժիմում: Եվ ըստ ընդունված բանաձեւի՝ դիտարկվելու են անգամ առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունները: Ըստ «Ա1+»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի՝ պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել