Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝ ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ

Հոկտեմբեր 06,2004 00:00

Աբգար Ափինյանն ու Հովհաննես Մելքոնյանը բարիկադներ են կառուցում

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահության երեկվա նիստի թեման Հայ գրողների միության համագումարում արված հայտարարություններն էին՝ ուղղված ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի եւ ընդհանրապես ՀԳՄ-ի հասցեին: Ի դեպ, Հայ գրողների միությունը դատի էր տվել ՀԳՄ-ին ու համարում է, որ ՀԳՄ տարածքների կեսն իրեն է պատկանում: Առաջին ատյանի դատարանը հարցը վճռել է հօգուտ ՀԳՄ-ի:

Ի տարբերություն Հայ գրողների միության ներկայացուցիչների ու քարտուղար Հովհաննես Մելքոնյանի, ՀԳՄ անդամները հրավիրված նիստում զերծ մնացին պատասխան հայհոյախոսություն-զազրախոսություններից:

ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը նշեց, որ հավաքվել են ցրելու այն թյուր տպավորությունը, թե Հայաստանի գրողները պառակտված են: Ըստ նրա, ՀԳՄ-ն կայացած, հասարակության մեջ կշիռ ունեցող կառույց է, եւ զուր են փորձում այն վարկաբեկել: Նիստին հատուկ հրավիրված էր նաեւ ՀԳՄ ընդդիմադիր անդամ Աբգար Ափինյանը, որը հարցազրույցներից մեկում Լեւոն Անանյանին մեղադրել էր միության գումարները յուրացնելու մեջ: Երեկ եւս նա վիրավորական արտահայտություններ արեց իր գործընկերների հասցեին, ասաց, որ ՀԳՄ-ն դարձել է գրական աղբ արտադրող օրգանիզմ, ուր հավաքված են միջակություններ: «Եթե Հայաստանի գրողների միությունում քեզ դուր չի գալիս, դուրս արի ու Հովհաննես Մելքոնյանի

նման մի միություն էլ դու ստեղծիր», Ափինյանին խորհուրդ տվեց Հենրիկ Էդոյանը: Իսկ Գառնիկ Անանյանը նրան հորդորեց չչարանալ ժամանակին ՀԳՄ նախագահ չընտրվելու պատճառով եւ տղամարդավարի տանել պարտությունը, իսկ եթե Լ. Անանյանը իսկապես «փողեր է կերել, դատի տուր, թե չէ ինքդ ես վարկաբեկվում»: Այս ամենի պատասխանը Ա. Ափինյանը, կարծես թե, չուներ:

Հայ գրողների միության համագումարին ներկա գտնված Սասուն Գրիգորյանը վերապատմեց այնտեղ իր ունեցած ելույթը, որով բոլոր գրողներին կոչ էր արել վերջ տալ երկպառակություններին ու մտածել ստեղծագործական խնդիրների շուրջ: Որքան էլ տարօրինակ է, Աբգար Ափինյանը հայտարարեց, թե իբր Ս. Գրիգորյանը տրամագծորեն հակառակ ելույթ է ունեցել, եւ իբր «հակառակորդների» մոտ սեւացրել է Լեւոն Անանյանին: «Վեր չկենա՞մ ծեծեմ սրան, ափսոս տվածս բարեւները»,- ակնհայտ կեղծիքից բորբոքվեց Ս. Գրիգորյանը: Մետաքսեին զայրացրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեծ թիվը Հայ գրողների միության համագումարին: Բարեբախտաբար, նրա «երեւի դրանց փող էին տվել, որ էդպես եկել-թափվել էին» եզրակացությունը գրչակիցների հավանությանը չարժանացավ: «Եթե Հայ գրողների միության քարտուղար Հովհաննես Մելքոնյանը տաղանդավոր գրող է, ինչո՞ւ է էդպես տաղանդավոր խայտառակում իր գրչակիցներին: Նրա թիկունքին մարդիկ կան, ովքեր ուզում են պղտորել գրողական հոծ մթնոլորտը»,- ասաց Մետաքսեն: Ազատ Եղիազարյանի ու Արմեն Հովհաննիսյանի կարծիքով կատարվածը փոթորիկ է մի բաժակ ջրում, թեեւ «մեր փոքրիկ հանրապետությունում նման չնչին փոթորիկներն էլ լայն արձագանք են ունենում»: ՀԳՄ նախագահության նիստին ներկա էր նաեւ գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Նա կարեւորեց մամուլի հրապարակումների օբեկտիվությունը գրողների խնդիրների լուսաբանման հարցում. «Ուրախ եմ, որ սկանդալ սիրող մամուլը այսպիսի տխուր պատմությունից հետո իրեն ճշգրիտ պահեց, որովհետեւ գիտի՝ ով ով է եւ իրականում ի՞նչ է պատահել»: Նա Լեւոն Անանյանին բարեկամաբար նախատեց, որ ՀԳՄ հարկի տակ հանդուրժում է Աբգար Ափինյանի լիակատար անկախացումը՝ վերջինիս գործելաոճը նմանեցնելով քայքայիչ քաղցկեղի: «Հովհաննես Մելքոնյանի արածը ինչ-որ տեղ օրինաչափ է, որովհետեւ նա այլ միության անդամ է: Իսկ Աբգարի պարագայում դա անհանդուրժելի է. նա նույն հարկի տակ մեկ այլ միության կարգավիճակում է»,- ասաց պրն Հովսեփյանը:

Սերգեյ Սարինյանն էլ ֆիկցիա որակեց Հայ գրողների միությունը, իսկ Ափինյանին՝ օպոզիցիա իրենց միության ներսում: Նա, ինչպես նախագահության մյուս անդամները, ՀԳՄ 4 տարիների կատարած աշխատանքը դրական գնահատեց: Պրն Սարինյանը նշեց, որ Լ. Անանյանի նախագահությամբ ՀԳՄ-ն էապես որակափոխվել է, ուստի «չպետք է թույլ տալ, որ ՀԳՄ-ում ամեն մեկը հանճար ձեւանա: Իսկ տաղանդավոր գրողների հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով օտարված են միությունից, հարկավոր է ավելի սերտ համագործակցել, որպեսզի վերացվեն ներքին ճեղքվածքները»,- առաջարկեց նա: ՀԳՄ անդամները փաստեցին, որ գրողները չունեն պետական պաշտպանություն, ինչը ստանում են ՀԳՄ-ում, ուստի կոչ արեցին հեռու մնալ ավելորդ կոնֆլիկտներից ու էներգիան վատնել ոչ թե վեճերում, այլ ստեղծագործելու ճանապարհին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել