Այդ պատճառով էլ հնդիկները մսի փոխարեն
հայերին պոչ ու գոմաղբ են ուղարկել 2003-ի հոկտեմբերին «Փիրուզ-Սթար»
հայկական ընկերությունը ինտերնետով գտել է մսի արտադրությամբ զբաղվող հնդկական «Էս
Էս Թրեյդինգ» ընկերության տվյալներն ու որոշել համագործակցել: «Մեզ ոգեւորեց նրանց
ապրանքի ցածր գինը, ժամանակն էլ քիչ էր՝ միս էր պետք, չմտածեցինք, որ կարող է խաբեն»,-
«Առավոտին» պատմեց «Փիրուզ-Սթարի» տնօրեն Մերուժան Իսոյանը: Այդպես, չմտածելով ու
վստահելով, ընկերությունը երկու անգամ շոշափելի գումար է փոխանցել հնդիկների հաշվեհամարին:
Փոխարենը այս տարվա հունվարին Հնդկաստանից ստացել են ապրանքը, որի մեջ 8 տոննան եղել
է ցածրորակ մսամթերք՝ խառնված գոմեշի կաշվի, ականջների, պոչի եւ նույնիսկ գոմաղբի
հետ: Իսկ երկրորդ պատվերն ընդհանրապես տեղ չի հասել: Ընդհանուր հաշվով ընկերությունը
կրել է 24700 եվրոյի վնաս: 8 տոննա թափոնը որպես նվեր հրաժարվել է ընդունել նույնիսկ
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը: «Մթերքն» առայսօր մաքսատան սառնարաններում
է մնացել, համապատասխան օրավճարն էլ մուծվում է: Ընկերության բողոքներին ի պատասխան,
«էս Էս Թրեյդինգի» միջազգային առեւտրի գծով տնօրեն Շաքիլ Սայիդ Ահմադը նախ վստահեցրել
է, թե ամեն ինչ կկարգավորի, իսկ երկրորդ պատվերի գումարը ստանալուց հետո սկսել է
ձգձգել ու ապրիլից մինչ օրս ապրանքը տեղ չի հասել: Փոխադարձ նամակագրությունն այս
ընթացքում վերաճել է շուրջ 70 էջանոց փաթեթի: Էլեկտրոնային ճանապարհով համաձայնեցված
ու ստորագրված պայմանագիրն էլ իրավաբանական ուժ չունի՝ այդ մասին օրինագիծը Ազգային
ժողովը դեռ չի ընդունել: Առեւտրային համագործակցության մասին տեղյակ չեն եղել
Հայաստանի առեւտրի պալատը, արտաքին գործերի նախարարությունը, մեր երկրում Հնդկաստանի
դեսպանատունը: Ընկերությունը չի դիմել նաեւ խորհրդատվական եւ բիզնես աջակցության
կենտրոնների օգնությանը: Ըստ էության, նման պահանջ գործարարների առջեւ չի դրվում,
սակայն այդկերպ կարելի էր անծանոթ ընկերության մասին տեղեկություն ունենալ, իսկ հիշյալ
կազմակերպություններից՝ երաշխիք (թեկուզ բանավոր)՝ գործարքի բարեհաջող ավարտի համար:
Ուստի բնական է, որ նրանց ուղղված ուշացած բողոք-նամակներն առայսօր ուշադրության
չեն արժանացել: Միայն պարզվել է, որ «Էս Էս Թրեյդինգը» Հնդկաստանի առեւտրի պալատում
գրանցված չէ եւ մինչ այդ «քցել» է այլ ընկերությունների նույնպես: «Խաբվելու մասին
չեմ էլ մտածել, որովհետեւ նույն ինտերնետով ծանոթացել ու մի քանի տարի է համագործակցում
ենք չինական մի ընկերության հետ եւ՝ ոչ մի խնդիր»,- ռիսկը պատճառաբանեց Մ. Իսոյանը:
Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, ապա «Փիրուզ-Սթարը» հույս ունի այն
ստանալ Միջազգային միջնորդ դատարանի օգնությամբ, ինչի մասին նշված է էլեկտրոնային
պայմանագրում: Հնդկաստանի դեսպանատնից որոշումը ոգեւորել են՝ «մեր երկիրը շատ ազատ
ու ազնիվ երկիր է»: Տեղեկացրել են նաեւ, որ «Էս էս Թրեյդինգի» գործունեությունը այժմ
դադարեցված է: Բայց հարց է՝ ընկերությունն ունի՞ փոխհատուցման համար համարժեք միջոցներ:
Նման դեպքերի համար պետական որեւէ օղակ պատասխանատվություն չի կրում: Ռիսկն
իր հետեւանքներով մնում է ինտերնետային տեղեկատվությանը վստահողի վրա: Ինչպես ճշտեցինք
առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում, մեր գործարարների մեջ միայն ինտերնետին
վստահողներ, թեպետ շատ քիչ, բայց դեռ պատահում են: Ինտերնետային «զոհեր»՝ նույնպես:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ