Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուլղարիայի հետ խնդիր չկա

Հոկտեմբեր 06,2004 00:00

Բուլղարիայի
հետ խնդիր չկա «Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները նշում
են Հայաստանը եւ Բուլղարիան կապող ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հատուկ
դերը, մասնավորապես՝ համատեղ երկաթուղային-լաստանավային փոխադրումների իրականացումը:
ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության նախագահները հանձնարարել են Առեւտրատնտեսական եւ
գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի անդամներին՝
գտնել որոշումներ եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջեւ համագործակցության
ոլորտների ընդլայնման համար: Նախագահները բավարարվածությամբ նշում են եվրոպական կառույցներին
ինտեգրվելու ընդհանուր ձգտումը՝ որպես երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնային
ուղղություններից մեկը»: Սա հատված էր ՀՀ եւ Բուլղարիայի նախագահներ Ռոբերտ
Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի համատեղ հայտարարությունից, որի տեքստը լրագրողներին
բաժանվեց երեկ՝ վերջիններիս մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ասուլիսի
բուն թեման, ըստ էության, ոչնչով չէր տարբերվում նշված հայտարարությունից: Բացի տնտեսական
համագործակցության ներկա վիճակից ու հեռանկարներից, անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հարցին՝
այնքանով, որքանով Բուլղարիան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Նախագահ Պրվանովը,
մասնավորապես, գոհունակություն հայտնեց, որ իր երկրի նախագահության օրոք ԵԱՀԿ-ն նկատելիորեն
ակտիվացրել է ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հայ եւ բուլղարացի
լրագրողներին թույլատրվեց մեկական հարց ուղղել բանախոսներին, եւ այդ հնարավորությունից
օգտվելով՝ բուլղարական «Տրուդ» թերթի թղթակցուհին հետաքրքրվեց, թե ինչու հայկական
փառաբանված կոնյակը չի վաճառվում իրենց երկրի խանութներում: «Ես կհետաքրքրվեմ, թե
ինչու չի վաճառվում: Ինքս էլ չգիտեի այդ մասին»,- ի պատասխան հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
«Հայկական» հարցը հետեւյալն էր. ըստ Պրվանովի, ո՞րն է տարածաշրջանային համագործակցության
լավագույն մոդելը: Ի պատասխան, Բուլղարիայի նախագահը նշեց, որ Եվրոպայի երբեմնի «վառոդ»
համարվող Բալկաններում այսօր կարելի է երկկողմ, եռակողմ եւ բազմակողմ համագործակցության
լավ օրինակներ գտնել: Ըստ Պրվանովի, Հարավային Կովկասում եւս նման սխեմաները կարող
են աշխատել: «Կարելի է վերցնել մեկ հարց, օրինակ՝ տրանսպորտը, եւ փորձել տարածաշրջանային
ընդգրկմամբ լուծում տալ դրան»,- ասաց Պրվանովը, ինչից կարելի է եզրակացնել, որ նա
մեր տարածաշրջանին բնորոշ խնդիրներից, մեղմ ասած, այնքան էլ տեղյակ չէ: Ավելի
ուշ երկու նախագահների մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ հայ-բուլղարական
բիզնես-ֆորում: Մեջբերենք այնտեղ հնչած հայտարարություններից առավել ուշագրավ հատվածները:
Պրվանով. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին գրեթե եռապատկվել
է՝ 7մլն դոլարից հասնելով 20-ի: Քոչարյան. անցումային շրջանի մեծ մասն արդեն անցել
ենք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել