Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ազգի սանիտարներն ենք»

Հոկտեմբեր 06,2004 00:00

Հայ արիները «սխալ հանեցին» դաշնակցականներին

Հակադարձելով «Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղ գտած Ալվարդ Պետրոսյանի դիտարկումներին, թե բարձրաստիճան պաշտոնյա արվամոլների բացահայտումը դրսի ուժերի ձեռքի գործն է, Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ իր հերթին ՀՅԴ-ին մեղադրեց դրսի ուժերի ազդեցությամբ գործելու մեջ: Բացի այդ, քանի որ ազգայնականները նաեւ հայտարարել էին, որ այդպիսիք գոյություն ունեն նախագահի աշխատակազմում եւս, ուստի Ա. Ավետիսյանը կասկած չունի՝ ՀՅԴ-ն նախագահի աշխատակազմից էլ պատվեր ունի՝ ազգայնականներին վարկաբեկելու: Ինչ վերաբերում է Ա. Պետրոսյանի՝ Թուրքիայում եւ Էմիրություններում պոռնկությամբ զբաղվողների ճակատագրով անհանգստանալու առաջարկին, Ա. Ավետիսյանը ասում է. «Վերնախավում դուք եք նստած, եւ եթե ձեզ ժողովուրդը իբր վստահել է, որ նստեք վերեւում ու շտկեք իրենց սոցիալական վիճակը, իսկ հենց սոցիալական վիճակից ելնելով է մարդը գնում իրեն թշնամուն վաճառում, մեղավորը ոչ թե մենք ենք, այլ՝ դուք: Այսօրվա եռիշխանությունը մի քայլ չի անում ժողովրդի վիճակը բարելավելու համար, անգամ քայլ չի անում, որպեսզի այդ կանանց չթողնեն Թուրքիա անցնելու: Եթե գտնում են, որ դա մեր գործն է, թող սահմանի բանալիները տան ազգայնականներին, եւ ոչ թե ոչ մի պոռնիկ, այլ դավաճան ոչ այս կողմից կգնա, ոչ այն կողմից կգա: Ճամարտակելով՝ ՀՅԴ-ն փորձում է շոյել նախագահականում նստած որոշների, որպեսզի հետագայում պաշտոններ ստանա»:

Ուստի ՀԱՄ-ը հարկ է համարում ՀՅԴ-ին զգուշացնել՝ «Եթե ՀՅԴ-ն իրեն ազգային ազգայնական կազմակերպություն համարելով՝ շարունակի զբաղվել արվամոլների, պոռնիկների պաշտպանությամբ, ինչպես նաեւ իրենց նախարար Աղվան Վարդանյանի միջոցով շարունակի մարդկանց համարակալել՝ մենք ստիպված ենք լինելու հայտարարել Քաջազնունու եւ Նժդեհի արթնացրած հանրահայտ թեման, որ ՀՅԴ-ն այլեւս անելիք չունի»: «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք կապ կա ՀԱՄ-ի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջեւ, քանզի վերջինս նույնպես մասնագիտացել է արվամոլների թեմայի վրա, Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Առայժմ կապ չկա, բայց անհրաժեշտության դեպքում կհամագործակցենք, քանզի նույն ճակատի դեմ ենք պայքարում»:

Իսկ ցուցակը հրապարակելուց ՀԱՄ-ը նորից ձեռնպահ է մնում՝ գործը կիսատ չթողնելու նկատառումով: Ի դեպ, ազգայնականները «թքած ունեն» նաեւ ընդդիմության կողմից հնչեցված իշխանական խաղերին մասնակից լինելու մեղադրանքներին, եւ «որպես ազգի սանիտարներ՝ շարունակելու ենք հասարակությունը մաքրել բոլոր տեսակի հիվանդներից»:

Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել