Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 06,2004 00:00

Ի վերջո՝ ո՞վ է «ՀՀ իշխանությունը», որը խաբել է Ստրասբուրգի պոլիտբյուրոյին

ԵԽԽՎ 1374 բանաձեւի պահանջների կատարման մասին ՀՀ իշխանությունները պարտավոր էին մինչեւ այս տարվա հուլիսի վերջը տեղեկանք ներկայացնել Եվրոպայի խորհրդին: Ինչը եւ արվեց: Սակայն այդ տեղեկանքի տեքստը այնքան հագեցած էր կեղծ տեղեկատվությամբ, որ այսօր ՀՀ իշխանության որեւէ օղակ չի խոստովանում, որ ինքն է այդ կեղծիքների հեղինակը: Ընդ որում, վաղը ԵԽԽՎ-ում կքննարկվի Հայաստանի հարցով զեկուցող Յեժի Յասկերնիայի զեկույցը՝ Հայաստանի պարտավորությունների կատարման շուրջ, եւ եթե Եվրոպայի խորհրդարանականները «հալած յուղի պես» ընդունեն պրն Յասկերնիայի եւ ՀՀ իշխանությունների տեղեկանքները, ապա վաղնեւեթ կարձանագրվի, թե Հայաստանը իր պարտավորությունները կատարել է, մի բան էլ՝ ավելին: Սակայն եթե դա տեղի ունենա, հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե ով էր այն կեղծ տեղեկանքի հեղինակը, որի ջանքերով նաեւ Հայաստանին հաջողվեց «ֆռացնել» պոլիտբյուրոյին: Այդ դեպքում «հերոսն» իզուր չի բացահայտվում. գուցե ՀՀ նախագահը մի «Մովսես Խորենացի» էլ նրան նվիրի՝ պատմության ընթացքի վրա բարերար ազդեցություն ունենալու համար:

Դեռեւս հուլիսի վերջերից են լրագրողները փնտրում այն մարդուն կամ մարդկանց խմբին, ովքեր Ստրասբուրգ կեղծ տեղեկանք են ներկայացրել, սակայն՝ ապարդյուն: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մեր՝ շարունակ հնչող հարցին՝ ո՞վ է գրել ԵԽԽՎ-ին ուղարկվելիք պատասխանը 1374 բանաձեւի պահանջների կատարման մասին, մի տեսակ նեղացած էր պատասխանում. «ՀՀ իշխանությունները»: Իսկ թե ո՞վ էր կոնկրետ անձը՝ պրն Թորոսյանը չէր ասում: Ենթադրում ենք, որ Հայաստանի իշխանությունները միասին՝ վարչապետով, հարկային մարմիններով, նախագահով, դատավորներով, նախարարներով եւ բոլոր մնացածներով միաժամանակ են երկնել այդ փաստաթուղթը: Ինչ-որ մեկը նստել ու գրել է, իսկ մյուսները, այս դեպքում՝ նախագահականն ու ԱԳՆ-ն կարդացել են եւ խմբագրելուց հետո՝ ուղարկվել է: Բայց իշխանավորները ջանասիրաբար իրար վրայից գցում են, թե իրենք են գրել. ինչո՞ւ են այդքան խրտնում մեր հարցից: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը լսելով մեր հարցը՝ անմիջապես պատասխանեց. «Դիմեք Տիգրան Թորոսյանին», հետո փոխեց պատասխանը՝ «դիմեք ԱԺ-ին»: Սա, ըստ էության, նույն բանն է: ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանի պատասխանը ոչնչով չէր տարբերվում իր գործընկերոջ պատասխանից. «Ես ինձ չէի վերապահի դրա շուրջ որեւէ մեկնաբանություն կամ տեղեկատվություն տալ: Պիտի խնդրեմ, որ դիմեք ԱԺ-ին»:

Այս ամենից առաջ էլ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը (նույն Տիգրան Թորոսյանը) հայտարարում էր, թե ինքն ընդամենը ուղեկցող նամակն է ստորագրել: Իսկ եթե պատասխանի մեջ (թող ներեն եվրոպացիք) հայհոյանք լիներ ԵԽԽՎ-ի հասցեին, պրն Թորոսյանը դարձյա՞լ միայն կստորագրեր կից նամակն ու կուղարկեր: Հետեւաբար, եթե նա չի էլ գրել, գոնե կարդացել է եւ ըստ էության համաձայն է եղել, եւ ուղարկել է: Այս ամբողջ պատմությունից միայն մեկ տպավորություն ես ստանում՝ Հայաստանում «իշխանությունը» կեղծ քաղաքական կատեգորիա է:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այնքան էլ համամիտ չէ, թե ԵԽԽՎ-ն պոլիտբյուրո է եւ վերջինիս «ՀՀ իշխանություն» անուն-ազգանունով մեկը խաբել է. «Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ին ուղարկված հաշվետվությունը կեղծվել է: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը երբ շատ վատ գնահատականներ էր տալիս ընտրություններին, ընդդիմությունը ոչ մի բան չէր ասում: Բայց երբ նա սկսեց խոսել դրական արդյունքների մասին, սկսեցին ուսումնասիրել նրա կյանքը, եւ ընդդիմությունը նրա անձն է վիրավորում: Եթե ԵԽԽՎ-ն որոշի, որ Հայաստանում ընտրություններից հետո ոչինչ չի փոխվել, դա ձեռնտու է ընդդիմությանը, բայց ոչ պետությանն ու ժողովրդին: Խնդիրը հետեւյալն է՝ եթե անկողմնակալ վերլուծեին, կստացվեր, որ որոշ խնդիրներ չեն լուծվել, իսկ խնդիրներ կան, որ լուծելի են: Ուզում եմ հատուկ անդրադառնալ այն կետին, որում խոսվում է ազատ տեղաշարժի արգելքի մասին: Մեկ օրինակ բերեմ՝ ամբողջ ռուսական բանակը ժամանակին կանգնած էր, կանգնած էին զրահատանկերը, եւ ամբողջ ազգը տեղաշարժվելու խնդիր ուներ, բայց ժողովուրդը սարերով եւ ձորերով գալիս էր միտինգ անելու, որովհետեւ խնդիր կար եւ սկզբունք կար դրված: Հիմա, եթե ընդդիմությունը իր հնարավորությունները չհաշվարկած՝ գործողություններ է կատարել եւ անհաջողության մատնվել, չեմ կարծում, թե դրա հետեւանքով պիտի Հայաստանի նկատմամբ որոշակի բացասական մթնոլորտ ստեղծվի»:

«Արդարություն» խմբակցության անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը հետեւյալն է. «ԵԽ-ն պոլիտբյուրո՞ է, երեւի՝ այո, քանի որ նրան ուղղված պատասխանները կեղծվում են: Եվ ինչո՞ւ են իշխանություններն իրար վրա գցում , թե ո՞վ է գրել 1374 բանաձեւի պատասխանը»: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Ֆրանսիային, Գերմանիային կամ մեկ այլ եվրոպական երկրի ԵԽ-ն չի դարձրել ժողովրդավարական, այդ երկրներն են դառնում այդպիսին, եթե ուզում են. «Իրենք մասամբ են ժողովրդավարություն ներմուծում ուրիշ երկրներ, բայց կան ինչ-որ եզրեր, որ նրանք չեն անցնելու: Վերջիվերջո, մտածում են՝ դուք ձեր ժողովրդով մի քանի կարեւոր հատկանիշներ որդեգրեք, որպեսզի մեզ համար վտանգավոր չլինեք, բայց մնացածը դուք որոշեք, դուք որոշեք, թե ոնց եք ուզում ապրել»: Նկատեցինք, որ նույն ԵԽԽՎ-ում շատերը բավականին տեղեկացված են Հայաստանի անցուդարձից եւ հասկանում են, որ մեր իշխանությունները 1374 բանաձեւի կատարման մասին տեղեկանքում, մեղմ ասած, խաբել են իրենց, ուրեմն ինչո՞ւ են ընդունում դա որպես պատասխան: Վազգեն Մանուկյանի փաստարկը հետեւյալն է. «Եթե դուք ընտրությունների ժամանակ հարցերը լուծում եք, միջազգային հանրությունը կարող է ողջունել այդ փոփոխությունները եւ դրանց հետ հաշվի նստել, բայց եթե այդ փոփոխությունները չկատարվեն, իրենք հո չեն կարող խզել հարաբերությունները Հայաստանի հետ: Իրենք կարծիք են հայտնում եւ մի կողմ են քաշվում. հակառակ դեպքում չե՞ն կարող աշխատել իշխանության հետ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել