Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎ ՆՈՐԻՑ՝ «ԼՂ-Ն ԵՎ ԱՅԼ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

Հոկտեմբեր 06,2004 00:00

ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց
Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների վիճակը, որ առիթ դարձավ հերթական անգամ
անդրադառնալու Ղարաբաղի հարցին: Իսկ Ադրբեջանին իրենց դրական գնահատականներով օժանդակում
էին նաեւ ռուս պատվիրակները: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նախօրեին
լրագրողներին ասել էր, որ գերազանց հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ,
սակայն նշել էր, թե Ադրբեջանում առկա է քաղբանտարկյալների խնդիրը, եւ չի կարծում,
որ այդ հարցի քննարկումն ամենաուրախ թեմաներից մեկը կլինի Իլհամ Ալիեւի համար: Թեեւ
Իլհամ Ալիեւը 4 հրամանագիր է ստորագրել քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար՝
երեկ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շուրջ զեկույցի համահեղինակ Անդրեաս
Գրոսը քննարկման ժամանակ նշել է. «Ադրբեջանի հիմնական խնդիրը քաղբանտարկյալներն են:
Նախագահական ընտրություններից հետո՝ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված
բռնությունների համար որեւէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության: Ադրբեջանն ազատ
եւ անկախ ԶԼՄ-ներ չունի, պետք է բարձրացնել մամուլի դերը»։ ԵԽԽՎ այլ պատվիրակներ
հիշատակել են Ադրբեջանում տիրող կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների մասին:
Եվ գրեթե բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել են ԼՂ հիմնահարցին: Ի դեպ,
մինչ լիագումար նիստը՝ Դիտարկման հանձնախմբի առավոտյան կայացած նիստում քննարկվել
է Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցը: Հայաստանն այդ հանձնախմբում ներկայացնող
Արմեն Ռուստամյանը հայտնել է, թե ադրբեջանցիները նորից կենտրոնացել էին ԼՂ հարցի
վրա՝ Հայաստանին ներկայացնելով զավթիչ: Մասնավորապես՝ առաջարկել են բանաձեւում նշել,
թե Հայաստանը խախտել է Ժնեւյան համաձայնագիրը եւ իր կողմից «օկուպացված» տարածքները
ինտենսիվ բնակեցնում է (ադրբեջանցիները նույն պնդումն արել են նաեւ ԵԽԽՎ-ում քննարկումների
ընթացքում՝ վկայակոչելով հայկական մամուլի հրապարակումները, եւ Արմեն Ռուստամյանն
ի պատասխան՝ հանդես է եկել ռեպլիկով, թե կոռեկտ չէ առանձին հրապարակումներ հիմք ընդունելով
նման հայտարարություններ անելը): Դիտարկման հանձնախմբում կատարված մեկ այլ փոփոխություն
վերաբերել է զեկույցում տեղ գտած «Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպմանը:
Ռուստամյանի առաջարկով հանվել է «այլ» բառը: Ադրբեջանցիներն ապարդյուն կրկին են առաջարկել
հավելել այն: Իսկ լիագումար նիստում հօգուտ Ադրբեջանի ելույթ է ունեցել Ուկրաինայի
պատվիրակության ներկայացուցիչը, որի կարծիքով՝ Ադրբեջանը հիմնականում կատարել է Եվրախորհրդի
առջեւ ստանձնած պարտավորությունները: Պաշտպանություն է եղել նաեւ ռուսների կողմից՝
ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին նշել է, թե իր բարեկամ Իլհամ Ալիեւը շատ
լավ գիտի, թե իր երկրում ե՛րբ եւ ո՛ւմ ներում շնորհի: Ըստ նրա՝ Ադրբեջանը ճիշտ քայլեր
է անում ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ ԵԽԽՎ-ում Թուրքիայի
պատվիրակության մի անդամ իր ելույթում հայտարարել է. «Մենք պետք է հաշվի առնենք,
որ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելու ընթացքում ԼՂ հարցում չի արձանագրվել որեւէ
տեղաշարժ: Հայաստանը շարունակում է զավթած պահել Ադրբեջանի տարածքի 1/5 մասը: Մենք
պետք է թույլ չտանք, որ ԵԽ անդամ երկիրը՝ Հայաստանը, գրավված պահի մեկ այլ երկրի
տարածքը»: Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւան սկզբում հուզված
ու մեղմորեն ասել է. «Զեկուցողը քննադատեց իմ երկիրը, սակայն պետք է չմոռանալ, որ
Ադրբեջանում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել»: Իսկ հետո տիկինը խրոխտ ազդարարել
է. «Հայերը գրավել են մեր հողերը եւ այդ տարածքում ռազմական գործողություններ իրականացրել:
Ընտրություններ են անցկացրել, որոնք արժանացել են Եվրախորհրդի բացասական գնահատականին»:
Ելույթի վերջում նա նույնիսկ բարկացել է ԵԽ-ի վրա. «Ինչո՞ւ է Եվրախորհուրդը լռում:
Ինչո՞ւ չի կանգնեցնում Հայաստանին՝ ադրբեջանցի փախստականների իրավունքները ոտնահարելու
համար»: Հաջիեւային լրացրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեթ Սեիդովը. «Մենք
հույս ունենք, որ ԼՂ հարցում փոխադարձ ըմբռնում կգտնենք ԵԽ-ում: Եվ մեր հողերը հայերը
կվերադարձնեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի եւ հայերն իրենց
զորքերը դուրս կբերեն մեր տարածքից»։ Ադրբեջանի հարցի համազեկուցող Հերկել
Անդրեսը նկատել է, որ ելույթ ունեցողները շեղվում են հարցից: Իսկ մյուս զեկուցողը՝
Գրոսն իր ամփոփիչ ելույթում ասել է, թե պետք չէ Ադրբեջանը վարդագույն գույներով ներկայացնել,
քանի որ այդ երկրում կան շատ լուրջ խնդիրներ: Այնուամենայնիվ՝ ինչպես նկատեց Ստրասբուրգում
«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը՝ ելույթներում ընդհանուր բարեհաճ տոն կար Ադրբեջանի
նկատմամբ: Ուկրաինայի պատվիրակության ղեկավարներից Անատոլի Ռախանսկին անգամ առաջարկել
է ավարտել Ադրբեջանի նկատմամբ դիտարկումը եւ սկսել հետդիտարկումային երկխոսություն:
Այսուհանդերձ՝ Ադրբեջանը մնալու է դիտարկման ռեժիմում: Եվ ըստ ընդունված բանաձեւի՝
դիտարկվելու են անգամ առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունները:
Ըստ «Ա1+»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի՝ պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել