Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Հոկտեմբեր 05,2004 00:00

«ՀԱՅ ՖԵՍՏԸ» ՄԻԱԿԸ ՉԷ Հոկտեմբերի 2-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում մեկնարկեց «Հայ Ֆեստ» թատերական փառատոնը, որին մասնակցում է 150 մասնակից՝ 18 երկրից: Ներկայացվեցին փառատոնի խորհրդանիշ տիկնիկներ՝ Հայն ու Հայուհին, որոնք իբրեւ հուշանվերներ կհանձնվեն բոլոր մասնակիցներին: Ամեն օր, 13.00-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկազմակերպվի հյուրերի հետ հանդիպում, իսկ գիշերները՝ ժամը 23-ից Գ. Սունդուկյանի անվան թատրոնի սրճարանում կանցկացվեն «Հայ Ֆեստ» երեկոներ: Երեկ, ի թիվս այլ թատրոնների, հանդիսատեսի դատին ներկայացան Ջաֆֆայի արաբ-եբրայական թատրոնը՝ Իսրայելից, Վ. Փափազյանի անվան թատրոնը Ստեփանակերտից, Ա. Գրիբոյեդովի անվան թատրոնը՝ Վրաստանից: Երեկ Շվեդիայից ժամանած «Ալտերեգո» վիզուալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվա Ինգեմարսոն հիացած տեղեկացնում էր լրագրողներին իր առաջին տպավորությունները Հայաստանի մասին։ Տիկին Ինգեմարսոյի խոսքերով, «հիացած ենք հայերիդ ջերմ ընդունելությամբ, Հայաստանի բնությամբ։ Երեկ լինելով Արագածում, չտեսնված ժամանակ անցկացինք»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարին հարցրեցինք՝ «Ձեր բեմադրությունները հիմնականում մոնոպիեսներ են։ Դուք ծանոթացե՞լ եք հայ դերասանների հետ, ովքեր այս օրերին Երեւանի թատրոններում ներկայացնում են մոնո պիեսներ»։ Մեր առաջարկը դուր եկավ Ե. Ինգեմարսոյին։ Նա հույս հայտնեց, որ գուցե հայ-շվեդական համագործակցության եզրեր կգտնվեն։ Այնուհետեւ «Առավոտը» առանձնազրույցի հրավիրեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Ոսկե դիմակ» հեղինակավոր միջազգային փառատոնի տնօրեն Էդուարդ Բոյակովին, որը սիրով համաձայնեց եւ չսպասելով անգամ հարցի, սկսեց հիացմունքով խոսել Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանի Նորմայի մասին։ «Հայ Ֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանն այն կարծիքը հայտնեց, որ «սա Հայաստանում անցկացվող միակ միջազգային թատերական փառատոնն է»։ Սակայն թատերական միջազգային առաջին փառատոնը Հայաստանում անց է կացվել 1944-ին՝ Վ. Աճեմյանի նախաձեռնությամբ։ Դրան հաջորդել է Հրաչյա Ղափլանյանի «Բարեկամություն» թատրոն-փառատոնը, այնուհետեւ «Անտիկ աշխարհը եւ մենք» թատերական փառատոն է կազմակերպել Խորեն Աբրահամյանը եւ, վերջապես, օրերս է ավարտվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը։ Լ. ՕՀԱՆՅԱՆՍ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել