ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՓՍԽԵՑԻՆ ԱՌՆՈՅԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ Կիրակի օրը այդպիսի «ներկայացում» էր ցուցադրել «Կոկյուետ» թատերախումբը «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակներում: Փառատոնն անց է կացվում ՀՀ վարչապետի եւ ՊՆ նախարարության (բարձր) աջակցությամբ, իսկ ֆրանսիական թատերախմբի բացօթյա ներկայացումը կոչվում էր «Մայրիկի հուղարկավորությունը»: Տրագիկոմիկական ներկայացման սյուժեն հետեւյալն էր. ընտանիքը՝ մահացած մոր դագաղը բռնած, հուսահատորեն փնտրում է գերեզմանատան ճանապարհը: Երեւանում «գերեզմանատուն», այն է՝ Օպերայի բակ, տանող ճանապարհը սկսվեց Շարլ Ազնավուրի հրապարակից: Աբովյան փողոցի մի հատվածը անցնելուց հետո անմիաբան հարազատները սյուժեով նախատեսված ծեծկռտուք սարքեցին Սպորտկոմիտեի դիմաց, հետո Թումանյան փողոցով թափորը հասավ Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, հանգրվանեց շրջակա սրճարաններից մեկում, որի սեղանին դրված դագաղի վրա մի 5 րոպե հարազատները ողբացին մայրիկի մահը: Այնուհետեւ Կարապի լճով դագաղն անցկացրին դեպի Օպերայի մյուս կողմը: Ամբողջ խաղի ընթացքում հերոսների հետ էր մահացած մոր դագաղը, եւ երեւանցիներին հետաքրքրում էր՝ իսկապես կա՞ ինչ-որ մեկը դրա մեջ: «Երեւի շատ թեթեւ մայրիկ է, թե չէ էդպես չէին վազեցնի»,- ասաց մի հանդիսատես: «Թե՞ թեթեւաբարո մայրիկ»,- կատակեց մեկ ուրիշը: Թատերախմբի բեմադրած երեւանյան «թաղումը» անսովոր աժիոտաժ ու համարյա շոկ էր առաջացրել: Ներկայացման սկզբին՝ Շարլ Ազնավուրի հրապարակից սկսած, հերոսները ողբում էին մայրիկի մահը, ժամանակ առ ժամանակ կրկնելով՝ պատահական անցորդների արտասանած հայերեն արտահայտությունները: Մեկ էլ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքի պատուհանից երեւաց հաջորդ հերոսը՝ վարտիքով, ու բուռն ծիծաղի ալիք բարձրացավ: Հետո հերոսները շարժական աստիճանի միջոցով փորձեցին վերեւից իջեցնել իրենց հարազատին, ու որպեսզի չընկնեն, բռնվեցին միմյանց վարտիքներից, արդյունքում՝ հետաքրքրասերներից գոյացած սգո թափորին ի ցույց դրին իրենց բաց հետույքները: Ի դեպ, դերասանները համընդհանուր ծիծաղ կորզելու նպատակով քանիցս ցուցադրեցին իրենց մարմինների «արգելված» հատվածները, թքեցին միմյանց երեսի, միահամուռ միզեցին (կամ միզելու իմիտացիա ստեղծեցին) օպերայի գազոնների վրա, իսկ նրանցից մեկը անգամ փսխեց Առնո Բաբաջանյանի՝ բազում վիրավորանքներ տեսած արձանի մոտ: Սա դեռ բոլորը չէր: Ներկայացման ողջ ընթացքում մեքենաների խցանումներ էին առաջացել Աբովյան ու Թումանյան փողոցներում: Զարմացած անցորդներն ու վարորդները հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են դագաղ տանողները քրքջում: Ամենահետաքրքիրը Թումանյան փողոցով անցնող «Ջիփ»-ի հետ կատարված միջադեպն էր: Ֆրանսիացի դերասանները փորձում էին նրա մեքենայի մեջ խցկել դագաղը, իսկ հանկարծակիի եկած «Ջիփ»-ի վարորդը թույլ չէր տալիս ու հավաքվածներին հարցնում էր. «Վաբշե կարաք ասեք՝ էս ի՞նչ հաշիվ ա»: Մայրիկի դագաղը մեքենաների մեջ տեղավորելու մի քանի անհաջող փորձից հետո սգվորները գրոհեցին նաեւ «Հայլուրի» մեքենան: Բայց կրկին ապարդյուն: Բացօթյա ներկայացման ակամա հանդիսատես ու սգո թափորի մաս էին կազմում տարբեր տարիքի մարդիկ՝ ավագ սերնդի զայրացած ներկայացուցիչներ, դասերից փախած դպրոցականներ, ուսանողներ, թատրոնի մարդիկ եւ այլք, որոնք կամա թե ակամա հանդիսատես էին դարձել: Հատկապես երեխաների հրճվանքը գագաթնակետին հասավ հետեւյալ տեսարանը դիտելիս. դերասանուհին Օպերայի բակում հանկարծ պառկեց խոտերի մեջ ու մերկացրեց կուրծքը։ Մյուս հերոսը տեսնելով կիսամերկ մարմինը, մի պահ «մոռանալով» մայրիկի մահը՝ հանեց վարտիքն ու հարձակվեց կնոջ վրա: Սեռական ակտ ձեւացնելուց հետո հերոսները վերջապես հողին հանձնեցին բազմաչարչար մայրիկին՝ Թումանյանի ու Սպենդիարյանի հայացքների ներքո: Ու քանի որ մինչ ներկայացումը հայտարարվել էր, որ այս բեմադրությունը մոդեռն ոճի է եւ նորություն թատերարվեստում, ակամա հանդիսատեսներից շատերը հրաժարվեցին մեկնաբանել իրենց պարտադրաբար «հրամցվածը», իսկ Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն էլ ասաց. «Այն, ինչ չեմ հասկանում՝ «հավանում» եմ»: Չմոռանանք նշել, որ, ըստ մեր տեղեկությունների, «Հայ Ֆեստի» անցկացման համար վարչապետը տրամադրել է 9, իսկ ՊՆ-ն՝ 6 մլն դրամ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ