Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառներին սպասելիս

Հոկտեմբեր 05,2004 00:00

Մարմնավաճառներին սպասելիս Կենտրոնի դատախազությունը քննություն է անցկացրել՝ առանց քրգործը վարույթ ընդունելու որոշման Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, պետք է սկսվեր Ալեքսեյ Մկրտչյանի բողոքի քննությունը։ Այս տարվա հուլիսի 8-ի դատավճռով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ազատազրկման՝ 10 տարի ժամանակով։ Վերջինիս պաշտպանն է Փաստաբանների միջազգային միության անդամ Ռուբեն Ռշտունին, տուժող կողմը ներկայացնում է Կենտրոնի դատախազ Պերճ Տեր-Հարությունյանը։ Ըստ քրգործի նյութերի, Ալեքսեյ Մկրտչյանը այս տարվա մարտի 13-ին, ժամը 24.30-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է հարեւանուհու՝ Նորքի 89 տանը միայնակ ապրող Արմինե Ափրոյանի տուն եւ «նրա հետ զրույցի ընթացքում տեղեկացել է, որ Արմինեն սպասում է 2 մարմնավաճառ աղջիկների»։ Մկրտչյանը հանդիմանել է Ափրոյանին, թե ինչ կապ ունի մարմնավաճառների հետ եւ վերցնելով օղու դատարկ շիշը, «մեկ անգամ հարվածելով» գլխին՝ սպանել նրան։ Դարձյալ ըստ գործի նյութերի, իրենց տնից՝ 21 բնակարանից ապակյա ամանով նավթ է բերել եւ Ափրոյանի բնակարանում շաղ տալով հրկիզել տունն ու դիակը։ Ա. Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս օրերին՝ սեպտեմբերի 3-ին, հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Ռ. Ռշտունին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ արդարադատության խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության նկատմամբ քրգործ հարուցել վերոնշյալ գործի «քննության ընթացքում կատարված կեղծիքների առթիվ»։ Փաստաբանը տեղեկացնում է, որ «քննիչ Արմեն Հակոբյանի կողմից չի կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը», հետեւաբար ոչ մի նյութ որպես ապացույց չի կարող օգտագործվել։ Դեկտեմբերի 5-ի դռնբաց նիստում փաստաբանը բացարկ հայտնեց դատարանին եւ մեղադրողին՝ նույն հիմքով։ 1-ին ատյանի դատարանին մեղադրող Պերճ Տեր-Հարությունյանը ներկայացրեց «դատախազության քննիչ Հակոբյանի կողմից 18.04.2002թ. կայացված որոշումը՝ քրգործը վարույթ ընդունելու մասին»։ Ընդ որում, մեղադրողը հավելեց, որ «քննիչի կողմից անուշադրության պատճառով այն կարված չէր քրեական գործին»։ Ռ. Ռշտունին հիշեցնում է, որ Կենտրոն համայնքի դատախազ (նախկին) Վահրամ Շահինյանի կողմից քրեական գործը հարուցվել է 18.03.2002-ին։ Ստացվում է, համայնքի դատախազը քրգործ է հարուցել՝ այդ նույն գործը վարույթ ընդունելուց մեկ ամիս առաջ։ Հետեւաբար, ըստ փաստաբանի, «դատարան ներկայացվածը ակնհայտ սուտ է եւ կեղծիք։ Գործը քննչական խմբի ղեկավարի կողմից վարույթ չի ընդունվել, նա իրավունք չի ունեցել որեւէ քննչական գործողություն կատարելու»։ Վերաքննիչ դատարանում մի սկանդալային փաստարկ էլ ունի բողոքող կողմը. ոստիկանության տպագրված 23.03.2002թ. ամփոփագրով ձերբակալված է եղել նաեւ Ա. Մկրտչյանի մայրը՝ մանկավարժ Հայկանուշ Դանիելյանը։ Սակայն այդ մասին գործում որեւէ հիշատակում չկա։ Պաշտպանը նախաքննության ժամանակ արված մի տեսաերիզ ունի. իր պաշտպանյալը լուռ է, քննիչի հարցերին չի պատասխանում։ Փոխվում է կադրը եւ փքաբլիթ դարձած ականջն է երեւում ու իր խոսող պաշտպանյալը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել