Փոխհատուցումը «լռվել» է քաղաքապետարանում Կոնդի Սարյան փողոցից «Դվին» հյուրանոց ընկած միջնահատվածի նախկին բնակիչ 53 ընտանիք 15 տարի է, ինչ վարձով է ապրում՝ սպասելով բնակարանի կամ դրամական փոխհատուցման։ Այս ընտանիքների դրամական փոխհատուցման խնդիրը որոշակիացել է այս տարվա հուլիսին, երբ Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանը հանձնարարական է տվել իր տեղակալ Կ. Արեյանին՝ «ձեռնարկել համապատասխան միջոցներ նախորդ տարիների բնակարանային փոխհատուցման 600 մլն գումարը (պետք է հասկանալ՝ դրամ- Ռ. Ա.) վճարելու համար»։ Հուլիսյան այդ երջանիկ օրվանից սկսած, կոնդեցիները սպասում են գումարը ստանալուն։ Օգոստոսին նրանց առաջարկվել է հաշվեհամարներ բացել «Հայէկոնոմբանկում», ինչը եւ արել են։ Սակայն անցել է երկու ամսից ավելի եւ գումարի ծայրն անգամ չի երեւում։ Բնակիչների բազմաթիվ զանգերը փոխքաղաքապետի ընդունարան՝ մնացել են անպատասխան։ Իրենց փոխհատուցումների խնդիրը բնակիչները հասցրել են նախագահական ապարատ, որի աշխատակիցները զարմացել են՝ «ինչպե՞ս թե, ձեր փողերը դեռ չե՞ն տվել»։ Դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, լսել պատասխան՝ «կզբաղվենք»։ Խմբագրությանը դիմած բնակիչներին հարցրինք, թե գո՞հ են փոխհատուցման չափից։ Պարզվեց՝ չեն դժգոհում, թեպետ կարող էին։ Ըստ ներկայացված պայմանագրերի, նրանք պետք է բնակարաններ ստանային Կոնդում, այսինքն Կենտրոն համայնքում։ Իսկ առաջարկված գումարով այս համայնքում տուն փնտրելն անիմաստ է։ Մեկ սենյականոցի համար, օրինակ, փոխհատուցում է սահմանված $9600։ Մխիթարականն այն է, որ ժամանակին պայմանագրերը կնքվել են տանը գրանցված բոլոր ընտանիքների կամ անձերի հետ։ Մնում է՝ փողը ստանան։ Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագիրը տասնյակ տարիների պատմություն ունի։ Ծրագրի միանգամից կատարումը ֆինանսական տեսանկյունից բարդ է եղել նաեւ խորհրդային տարիներին։ Պետությունը որոշել էր մաս-մաս քանդել տներն ու վերակառուցել թաղամասը։ Սակայն 90-ականներից հետո ծրագիրն անավարտ մնաց, ստեղծելով ներկայիս խառնաշփոթ վիճակը։ Մի մասի փաստաթղթերն են հավաքել ու չեն վերադարձրել, մյուսների տներն են քանդել ու չեն փոխհատուցել։ Իսկ շատերն էլ, օգտվելով պատեհ առիթից, ներխուժել են կիսաքանդ, անդուռ-անլուսամուտ հյուղակները, նորոգել, սեփականաշնորհել եւ հիմա փոխհատուցում են պահանջում։ Այս հարցերի պարզաբանման եւ լուծման համար երեք ամիս առաջ քաղաքապետարանում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Դատելով կոնդեցիների շարունակվող ցույցերից ու բողոքներից, հանձնաժողովը դեռ ուսումնասիրությունների փուլում է։ Ինչ վերաբերում է վերոհիշյալ 600 մլն դրամի բաշխմանը, ապա ո՛չ Կ. Արեյանից, ո՛չ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանից պատասխան երկու օր սպասեցինք ու չստացանք։ Ըստ նրանց գործավարների պատասխանների՝ կա՛մ տեղում չէին, կամ քննարկման էին մասնակցում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ