Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հ. Հակոբյանը ՕԵԿ-ի հետ հաշիվներ չունի

Հոկտեմբեր 05,2004 00:00

Հ. Հակոբյանը ՕԵԿ-ի հետ հաշիվներ չունի Բայց շարունակելու է հաշվետվություն պահանջել «Նրանք մտածել են, որ կգան, կկրակեն, ես կդիմեմ իրավապահներին, բայց քանի որ մեքենաներն առանց համարների են՝ իրավապահներն այդպես էլ չեն գտնի, ու գործը կփակվի: Արդյունքում՝ ինձ կտրորեն իբրեւ քաղաքական գործչի, կասեն՝ ինքը սարքեց, ինքը կրակեց, ես էլ կզբաղվեմ բոլորին համոզելով ու ապացուցելով, որ նման բան իսկապես եղել է: Մի քննիչ էլ հեռուստացույցով կհայտարարի, որ ես սխալ եմ ասում, փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ ես՝ իբրեւ քաղաքական գործիչ, կփչանայի: Ու ֆինանսատնտեսական խնդիրները, որ ես առաջ էի քաշում եւ քաշելու եմ, միանգամից կհարթվեին, քանի որ Մհեր Շահգելդյանի խնդիր չկար, այն հարթելու ցանկություն ես արդեն հայտնել եմ»,- իր տան վրա կրակոցների հետ կապված՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Ես մի անգամ էլ այդ հարցը բարձրացրի, նրանք (նկատի ունի ՕԵԿ-ը- Ն.Գ.) փորձեցին անձնավորել: Անցել է վեց ամիս, հիմա նորից ես քաղաքական քայլ եմ անում, իրենք փորձում են անձնավորել: Փորձում են շեղել: Նրանք չեն հասկանում, որ քաղաքական գործիչը քաղաքական հայտարարություն անելիս քաղաքական պատասխանի է սպասում: Իսկ ԱԺ նախագահն ասում է՝ կուզեմ հաշվետվություն կներկայացնեմ, կուզեմ՝ չեմ ներկայացնի: Այսինքն՝ նա չի հասկացել օրենքը»,- եզրակացնում է մեր զրուցակիցը եւ հավելում, որ՝ «մարդ է, կարող է վրիպել է, բայց կարա, չէ՞, ասի, որ բացթողում է եղել, կներեք»: «Չկարողացան ինձ լռեցնել, այս կերպ վարվեցին, բայց ոչինչ չստացվեց եւ չի ստացվի: Ես չեմ շեղվելու, ամեն ինչ անելու եմ, որ ֆինանսատնտեսական ստուգում իրականացվի, եթե հնարավոր լինի՝ ես էլ մասնակցեմ: Իմ ձեռքում եղած փաստերը պիտի ստուգվեն եւ հանրությունն էլ տեղեկացվի: Եթե խախտումներ չհայտնաբերվեն, ես շնորհակալություն կհայտնեմ ԱԺ նախագահից՝ ամեն ինչ օրենքով իրականացնելու համար»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ հարձակում գործած մեքենաներից մեկը՝ սեւ «31-10»-ը, իր ստույգ տեղեկություններով, պատկանում է ԱԺ-ին: Մեր դիտարկմանը՝ այսպիսով ի չի՞ք է դառնում նաեւ Ա. Բաղդասարյան-Հ. Հակոբյան նախնական պայմանավորվածությունը՝ կապված Հայխնայբանկի ավանդների վերադարձման հետ, ԱԺ պատգամավորն ասաց. «Ես ՕԵԿ-ի հետ հաշիվներ չունեմ: Այդ հարցում ես նրանց հետ համամիտ եմ եւ իրենց կողքին եմ, հավասարապես պետք է պայքարեմ, որ ավանդները վերադարձվեն: Սակայն եթե դա չհաջողվեց, ՕԵԿ-ից պահանջելու եմ, որ ներողություն խնդրի ժողովրդից՝ նախընտրական խոստումը չկատարելու համար: Պահանջելու եմ, որ խոչընդոտող հանգամանքներն ու անձինք էլ բացահայտվեն: Փաստերը համոզիչ կլինեն՝ ժողովուրդը գուցե ների, համոզիչ չեն լինի՝ մարդիկ կիմանան ում հետ գործ ունեն»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել