Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քլայնը այլ Հայաստան տեսավ

Հոկտեմբեր 05,2004 00:00

Երեկ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում
վարպետության դասընթացներ անցկացրեց ծնունդով գերմանացի, ամերիկաբնակ հայտնի դաշնակահար
Անդրեաս Քլայնը։ Դաշնակահարը Հայաստանում է ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության
հրավերով եւ հոկտեմբերի 5-ին ՀՊՖՆ-ի հետ հանդես կգա Գրիգի դաշնամուրի առաջին կոնցերտի
մեկնաբանմամբ։ «Առավոտի» հետաքրքրությանը՝ ո՞ւմ նախաձեռնությունն է կոնսերվատորիայում
Ա. Քլայնի վարպետության դասընթացի անցկացումը, ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռ. Սիրունյանը
տեղեկացրեց, որ մեծանուն երաժիշտների հետ բանակցություններ են տարվում նաեւ կոնսերվատորիայի
ուսանողների հետ վարպետության դասընթացներ անցկացնելու համար, որի ծախսերը հոգում
է ՀՊՖՆ-ն։ Դասընթացներից հետո Ա. Քլայնը իր հիացմունքը հայտնեց կոնսերվատորիայի ուսանողների
հասցեին։ Թեեւ, նրա խոսքերով, «անկեղծ ասած՝ ես Հայաստանի մասին քիչ բան գիտեի ու
մտածում էի, որ մեկնում եմ էկզոտիկ մի երկիր»։ Ասածը մանրամասնեց, որ նորանկախ երկրում
անակնկալ էր իր համար փողոցներում տեսնել այսքան ֆիրմային մեքենաներ, խանութներ։
Ըստ նրա, մարդիկ մեծ ախորժակ ունեն կյանքի նկատմամբ։ Մեր խնդրանքին՝ մանրամասնել
ասածը, հայտնի դաշնակահարն ասաց. «Օրինակ, Ամերիկայում կյանք կոչվածը սահմանափակվում
է միայն աշխատանքով, որից ուժերդ այնքան են սպառվում, որ զվարճանքների համար պարզապես
ժամանակ ու տրամադրություն չի մնում, ինչը չեմ կարող ասել հայերիդ մասին։ Անշուշտ,
մարդուն տրված մեկ կյանքը պետք է օգտագործվի լիովին, ինչու չէ՝ թեկուզ մեծ մասը հատկացնելով
հաճույքին»։ Դաշնակահարը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Ամերիկայի կառավարությունը
մեծ ուշադրություն է դարձնում ժամանակակից կոմպոզիտորների գործունեությանը։ Իսկ ինքը,
դրան հակառակ, չի հետաքրքրվում ժամանակակից ստեղծագործություններով։ «Ես կարծում
եմ, ոչինչ չեմ կորցնում չանդրադառնալով ժամանակակիցների գործերին։ Պետք է հավատամ,
ընդունեմ ու նոր կատարեմ դրանք»,- Ա. Քլայնի այս մտքին «Առավոտը» հակադարձեց. «Հնարավոր
չե՞ք համարում, որ ժամանակակից կոմպոզիտորների մեջ կարող են լինել Բախ կամ Մոցարտ»։
Դաշնակահարը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Այսուհետեւ ուշադիր կթերթեմ հայ ժամանակակից
հեղինակների գործերը։ Եթե նրանց հավատամ, ընդունեմ, ապա կկատարեմ»։ Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել