Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ» ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 05,2004 00:00

Բայց
իր տղամարդու խոսքը կասի հոկտեմբերի կեսին «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը երկար ժամանակ է, ինչ խորհրդավոր լռություն է պահպանում:
Մեզ էլ, անկեղծ ասած, չհաջողվեց նրանից հարցազրույց կորզել, թեեւ պարոն Կարապետյանը
համաձայնեց մեր մասնավոր զրույցից որոշ հատվածներ հրապարակել՝ մինչ այդ հավաստիացնելով,
թե մեզ հետաքրքրող բոլոր հարցերի՝ սահմանադրական փոփոխություններ, «Ընտրական օրենսգիրք»,
ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակ եւ այլն, վերաբերյալ իր ղեկավարած կուսակցությունը
հստակ դիրքորոշում ունի, որը կներկայացնի հոկտեմբերի կեսերին: Իսկ մեզ հետաքրքրող
հարցերից մեկին, մասնավորապես՝ հայ զինվորական առանձին մասնագետների Իրաք գործուղելուն,
պարոն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մենք առանձին եւ փաստարկված կարծիք ունենք
դրա վերաբերյալ, որը կներկայացնենք հայտարարության տեսքով հոկտեմբերի կեսերին: Խնդիրը
միայն գնալ-չգնալը չէ, այլ՝ ընդհանուր առմամբ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին
քաղաքական դաշտում: Առայժմ դա վերլուծության փուլում է»,- ասաց Ա. Կարապետյանը: Վերջինս
վստահ էր նաեւ, թե մինչեւ հոկտեմբերի կեսերը ԱԺ-ում այդ հարցին չեն անդրադառնա. «Չի
լինի նման բան»: Հիշեցնենք, որ մեր հայ զինվորականների՝ Իրաք մեկնելու քարտ բլանշը,
օրենսդրության համաձայն, պետք է տա ՀՀ խորհրդարանը: Ա. Կարապետյանը մնում
էր այն կարծիքին, թե՝ «ՀՀ նախագահը դեռ հնարավորություն ունի ցրելու խորհրդարանը,
փոխել կառավարությունը եւ փորձել Սահմանադրության շրջանակներում բարեփոխումների գործընթաց
սկսել»: Բայց ուժի կիրառմամբ եւ կեղծիքով ընտրված նախագահի արած բարեփոխումն
ի՞նչ պետք է լինի, եւ արդյո՞ք նա դրա կարիքն ունի: «Մենք չենք հրաժարվում մեր այն
տեսակետից, թե Քոչարյանը լեգիտիմ է: Մենք չենք կարծում, թե Քոչարյանի լեգիտիմության
խնդիրն այսօր ամենակարեւորն է»,- նկատեց Ա. Կարապետյանը, որի ասելով՝ այսօր ընդդիմության
մեջ էլ կա վճարովի ընդդիմություն: Իհարկե, հանուն արդարության պարոն Կարապետյանը
մատնանշեց նաեւ նորմալ ընդդիմության գոյության փաստը: Ըստ նրա, այդպիսի նորմալ ընդդիմադիր
գործիչներից են, օրինակ՝ «Արդարություն» դաշինքի մեջ մտնող «շատ նորմալ մարդիկ»՝
Վազգեն Մանուկյան, Արամ Զ. Սարգսյան, Հրանտ Խաչատրյան. «Կան նորմալ ընդդիմադիրներ
դաշինքներից դուրս՝ Գառնիկ Մարգարյան: Խոսքս պարկեշտ մարդկանց մասին է: Այս դեպքում
անգամ կարեւոր չէ, թե նրանք ինչ ուժ են ներկայացնում հասարակության մեջ: Նրանք հասկանում
են, որ այսպես շարունակել չի կարելի»: Մինչդեռ, Ա. Կարապետյանի ասելով, վճարովի ընդդիմությունը
կոչված է ջլատելու ընդդիմադիր դաշտը: «Հայաստանում բոլորին թվում է, թե ով հանրահավաքում
ամենաբարձրն է գոռում, նա է վերջում հաղթելու, իսկ ես միշտ ասել եմ՝ բեմադրությունը
սկսելու է մեկը, ավարտելու են ուրիշները: Եվ հիմա նոր են շատերը հասկանում, որ հենց
այդպես էլ լինելու է»,- հավելեց նա: Իսկ իր լռությունը պարոն Կարապետյանը հիմնավորեց
նրանով, որ այսօր ընդհանրապես քաղաքական մտքի բացակայություն կա Հայաստանում, «դրա
համար են բոլորը լռում: Պայքարի փիլիսոփայություն չկա»: Հիմա շատերն են հույսեր
փայփայում, թե իշխանափոխության ավելի հավանական տարբերակը ներիշխանական պայքարը կարող
է լինել: Հավատո՞ւմ է Ա. Կարապետյանը նման հեռանկարին: Վերջինիս ասելով, դա
պայքարի երկրորդ տարբերակն է, ինչը «Նոր ժամանակներն» արդեն անում է բավականաչափ
զուսպ, բայց արդյունավետ կերպով: Իսկ հույս դնել, թե իշխանության ներսից իշխանական
բուրգը կքանդվի, ըստ Ա. Կարապետյանի՝ լուրջ չէ, թեեւ, նրա համոզմամբ, կգա մի ժամանակ,
որ օլիգարխների մեջ կիսելու բան այնքան քիչ կմնա, որ կսկսեն ակամա իրար դեմ պայքարել.
«Դա հասկանալի է եւ բնական: Կուսակցությունների ներսում այդպես չի լինի: Դաշնակցությունն
ասում է՝ կոալիցիան լավը չէ: Հարց եմ տալիս՝ բա ինչի՞ դուրս չեք գալիս: Ընդդիմությունն
ասում է՝ խորհրդարանն ապիկար է: Բա ինչի՞ իր մանդատները վայր չի դնում: Որովհետեւ
Հայաստանում ընդունված է հաճոյախոսել, բայց որեւէ գործողություն չանել: Լսեցնել տալ
հասարակությանն այն, ինչ նա ուզում է լսել: Մենք այդ հարցերի մասին էլ հոկտեմբերին
կխոսենք: Հիմա ասեմ միայն, որ այն համակարգով, որ գործում է, նրանք մինչեւ 2008-ը
չեն դիմանալու»: Հիմա Հայաստանում էլ է մոդայիկ դարձել քննարկել Ռոբերտ Քոչարյանի
երրորդ ժամկետում առաջադրվելը, թերեւս Լուկաշենկոյի առաջադրման առիթով: «Պարապ
խոսակցություններ են, որոնք շրջանառության մեջ են նետվել, որ մենք դա քննարկենք:
Իսագուլյանն էր, մի բան ասեց, էլի»,- հակադարձեց Ա. Կարապետյանը: Նրա համոզմամբ,
իշխանափոխության փուլային տարբերակն արդեն կիրարկման մեջ է. «Կարծում եմ՝ իշխանության
լուրջ հատվածում ցնցում կարող է սկսվել: Եթե իշխանությունները դա հասկանան, այ, դա
պակաս ցնցումներով կլինի, հակառակ դեպքում ցնցումը շեշտակի կլինի եւ կսրբի ամեն ինչ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել