Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏԱԾԵՔ ԵՐԿՐԻ՛ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 05,2004 00:00

ՄՏԱԾԵՔ
ԵՐԿՐԻ՛ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար
Տիգրան Թորոսյանն իր ասուլիսում տպավորություն էր հայտնել, թե Դիտարկման հանձնաժողովի
համար տարօրինակ էր Շավարշ Քոչարյանի՝ ամեն ինչ ժխտելու մոտեցումը, քանի որ նա պնդում
էր, թե ՀՀ-ում բանաձեւերի կատարման որեւէ առաջընթաց չկա: «Անգամ այն մարդիկ, ովքեր
նախորդ հանձնաժողովի նիստում կամ վեհաժողովի նախորդ նստաշրջանի ժամանակ բավական աջակցություն
էին ցուցաբերել մեր ընդդիմությանը՝ լռում էին: Եվ սա նույնպես որոշակի նշան է,- ասել
էր պրն Թորոսյանը:- Ծայրահեղության դրսեւորումները պարզապես չեն ընկալվում այդ միջավայրում:
Եվ այս առումով՝ վախենում եմ, որ մեր ընդդիմության նկատմամբ ձեւավորվեն որոշակի կարծիքներ»:
Շավարշ Քոչարյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ ինքը Դիտարկման հանձնաժողովում
առարկել է ոչ թե ամբողջ զեկույցին եւ բոլոր բանաձեւերի վերաբերյալ փաստարկներին.
«այլ միայն այն հատվածին, որ վերաբերում է 1374 բանաձեւի կատարման գնահատականին,
եւ պնդում եմ, որ Յասկերնիան օբյեկտիվ չի արտահայտել իրավիճակը: Ինչ վերաբերում է
նրան, թե աջակցել են կամ ոչ՝ անդրադառնանք բանաձեւի նախագծում կատարված փոփոխություններին:
«Գոհունակություն» բառը հանելու առաջարկս անցավ: «Ա1+»-ի վերաբերյալ ես էլ առաջարկ
ունեի, ուկրաինացի պատգամավոր Հոլովատին էլ. ես իմ առաջարկը հանեցի՝ նրանն անցավ:
Մի սկզբնական ձեւակերպում կար Յասկերնիայի զեկույցում, թե գրեթե լուծված է վարչական
կալանքին վերջ դնելու հարցը եւ այլն՝ Արեւմուտքից մեկ այլ պատգամավոր առաջարկ արեց,
թե՝ ոչ թե լուծված է, այլ կլուծվի՝ օրենքի փոփոխությունից հետո: Այսինքն՝ իրականությունն
այնպես չէ, ինչպես ներկայացրել է պրն Թորոսյանը»: Այսինքն՝ արդարացվա՞ծ չէ այն վախը,
թե մեր ընդդիմադիրներին կհամարեն ծայրահեղական: «Երեւի ավելի ճիշտ կլիներ մտածել
ոչ թե իմ, այլ երկրի հեղինակության մասին,- խորհուրդ տվեց պրն Քոչարյանը:- Ես իմ
հեղինակության համար հանգիստ եմ. բավական նորմալ հարաբերություններ ունեմ՝ այն պատգամավորի
համար, որ ընդամենը 1 տարի է վեհաժողովում: Ինձ ավելի շատ մտահոգում է Հայաստանի
հեղինակությունը, որն առաջին հերթին ձեւավորվում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության
շնորհիվ, որը մեր երկիրը, ցավոք, վարկաբեկում է իր կեղծ հաշվետվություններով»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել