Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոլլայի եւ Քրիստոսի վեճը

Հոկտեմբեր 02,2004 00:00

Մոլլայի եւ Քրիստոսի վեճը Մի՛ զարմացեք, բայց այս վեճը Կոմկուսի ներսում է «Մոլլան իրավունք չունի քրիստոնեությունից խոսել»,- ասաց ՀՀ Կոմկուսի բյուրոյի նախկին անդամ Խորեն Սարգսյանը՝ անդրադառնալով կոմկուսի շարքերից իրեն, Նորիկ Պետրոսյանին եւ Սանատրուկ Սահակյանին հեռացնելու ՀԿԿ բյուրոյի որոշմանը՝ հավելելով, թե բյուրոյի այդ որոշումն անօրինական է: «Նախ՝ մենք պետք է ներկա լինեինք այն նիստին, որտեղ մեր հարցն էր քննարկվում: Բացի այդ, այդ որոշումը կայացրել է այն բյուրոն, որի անդամները 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կոմկուսի համամասնական ցուցակ էին մտել փողով, ապա՝ դարձել նաեւ բյուրոյի անդամներ»,- հայտարարեց Խ. Սարգսյանը: Այս մեղադրանքին ի պատասխան՝ ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց. «Եթե ինքը նման փաստեր ունի՝ թող հրապարակի»: Ինչ վերաբերում է բյուրոյի կայացրած որոշման օրինականությանը, ապա Ռ. Թովմասյանն այլ կարծիք ուներ: Ըստ նրա, որոշումը միանգամայն օրինական է. նա Խ. Սարգսյանին, Ն. Պետրոսյանին եւ Ս. Սահակյանին ԿԿ-ից հեռացնելու միաձայն որոշում է կայացրել: Իսկ հրավիրել, թե չհրավիրել նրանց այդ նիստին՝ բյուրոն ինքն է որոշում. «Ավելին, բյուրոյի որոշումը նորություն չէ. դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտվել էր դեռ այս տարվա հունիսին»: Խ. Սարգսյանի համոզմամբ՝ ե՛ւ ՀԿԿ բյուրոն, ե՛ւ շրջկոմների այն քարտուղարները, որոնք կողմնակից են այդ որոշմանը՝ ի վերջո, դուրս կմղվեն կուսակցությունից եւ կմնան մենակ: «Կոմկուսի մյուս անդամները մեզ հետ են»,- հայտարարեց նա: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ն. Պետրոսյանը, Ս. Սահակյանն ու ինքը մի նոր կոմկուս գրանցեն, պարոն Սարգսյանը բացառեց՝ միաժամանակ վստահեցնելով, որ ցանկության դեպքում իրենք դա կարող են անել, եւ այդ դեպքում իրենց կուսակցություն կանդամագրվեն բոլոր պարկեշտ կոմունիստները: Առայժմ ՀԿԿ բյուրոյից հեռացված եռյակը սպասում է կուսակցության համագումարին, որի հրավիրման ժամկետն, ի դեպ, վաղուց անցել է: Համագումարը պետք է կայանար դեռ այս տարվա մարտին, բայց, Խ. Սարգսյանի մատուցմամբ, հետաձգվել է դարձյալ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի կամայականության հետեւանքով: Խ. Սարգսյանի ասելով՝ պատճառն այն է, որ Ռ. Թովմասյանը գիտակցում է՝ իրեն անվստահություն են հայտնելու համագումարում: Երբ այդ վարկածը փոխանցեցինք Ռ. Թովմասյանին, վերջինս արձագանքեց. «Դա կորոշի համագումարը»: Մեր այն հարցին, թե համագումարն, այնուամենայնիվ, լինելո՞ւ է եւ՝ ե՞րբ, ՀԿԿ 1-ին քարտուղարը շտապեց պատասխանել. «Դա կորոշվի առաջիկա 10 օրվա ընթացքում»: Իսկ թե ինչ պատճառներով էր այն հետաձգվել, պարոն Թովմասյանը նախընտրեց լռել. «Եղել են պատճառներ, որոնք մանրամասնելու կարիք չկա»: Խ. Սարգսյանը մեկ այլ մեղադրանք էլ ուղղեց ՀԿԿ 1-ին քարտուղարին: Նրա կարծիքով, Ռ. Թովմասյանը կուսակցությունը մտածված կերպով տանում է լուծարման. «Կուսակցությունն իր ամսական սոցվճարները չի կատարել պետությանը, իսկ դա կարող է հանգեցնել կուսակցության քայքայմանը: Մի մարդուց, որի հարազատներից ոչ մեկը կոմունիստ չէ, ավելին՝ մեկնել են ԱՄՆ՝ բնակության, ի՞նչ կարելի է սպասել, նա ի՞նչ կոմունիստ»: Ի դեպ, սա Խ. Սարգսյան – Ն. Պետրոսյան – Ս. Սահակյան եռյակի առաջին առճակատումը չէ ՀԿԿ ղեկավարության հետ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ իրենց ջուրը ո՛չ Վլադիմիր Դարբինյանի, ո՛չ Ռուբեն Թովմասյանի ջրերի հետ մի առվով չի գնում, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Երբ զգում ես ծախվածության հոտը, չես կարող դա տանել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել