Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոբզոնը խաբել է մեզ»

Հոկտեմբեր 02,2004 00:00

Վանաձորի
բնակչուհի Անահիտ Ղազարյանը սեպտեմբերի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ նախագահ
Ռոբերտ Քոչարյանին՝ հայտնելով
իր զայրույթը՝ Իոսիֆ Կոբզոնին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու կապակցությամբ:

Ա. Ղազարյանի համոզմամբ՝ Կոբզոնն արժանի չէ ՀՀ պետական բարձրագույն պարգեւին, որովհետեւ խաբել է իրեն եւ հաշմանդամ դստերը՝ 15-ամյա Աննա Զալկինային: Տիկին Անահիտը Մոսկվա էր գնացել հենց երգչի հրավերով, որովհետեւ վերջինս խոստացել էր օգնել իր հաշմանդամ դստերը:

«Երբ Կոբզոնը եկել էր Սպիտակ, ես մոտեցա նրան ու պատմեցի, որ ազգությամբ հրեա ամուսինս՝ Միխայիլ Զալկինը լքել է երեխային: Բացատրեցի, որ աղջիկս մանկուց հաշմանդամ է, ուստի ուզում եմ նրան բուժման ուղարկել Իսրայելում ապրող հոր մոտ: Ամուսնուս գտնելու համար դիմել էի բոլոր հնարավոր ատյաններին, անգամ Թիֆլիս եմ հասել՝ Իսրայելի դեսպանին տեսնելու նպատակով: Ու քանի որ ազգությամբ հրեա Կոբզոնը մեծ հեղինակություն ունեցող մարդ է, նաեւ Իսրայելի քաղաքացի, խնդրեցի գոնե վիզայի հարցում օգնել: Հայաստանյան էլիտայի աչքի առաջ նա ինձ տվեց իր այցետոմսը եւ ասաց, որ ֆաքսով մանրամասն տեղեկություններ ուղարկեմ երեխայիս մասին, որպեսզի իմանա՝ ինչպես օգնել: Բնականաբար ուղարկեցի պահանջվածը: Այնուհետեւ երեխայիս հետ Մոսկվա գնացի, որովհետեւ Կոբզոնի գրասենյակից խոստացել էին շուտ պատասխանել նամակիս, սակայն լռում էին»,- պատմեց Ա.Ղազարյանը:

Տիկ. Անահիտի հավաստմամբ, երգչի գրասենյակից իրենց վռնդել են, իսկ գործավարուհին խորհուրդ է տվել դիմել մոսկվաբնակ հայ օլիգարխներին. «Երբ ասացի, որ Կոբզոնի հրավերով վերջին կոպեկով հասել եմ Մոսկվա ու շաբաթներով նրան սպասելու պատճառով նույնիսկ վերադարձի փող չունեմ, հաջորդ օրը նա 3 հայ օլիգարխի հասցե տվեց: Երեք ամիս հետո, գումար հայթայթելով, մի կերպ հասա Վանաձոր: Ու երբ լսեցի, որ պարոն Քոչարյանը Կոբզոնին հայ-ռուսական բարեկամության համար շքանշանով է պարգեւատրել, ուղղակի ափերից դուրս եկա: Նրա ո՞ր արածի համար է շքանշան տվել, բարեկամական սկզբունքներով առաջնորդվողը հայ հաշմանդամ երեխային կանչում է Մոսկվա ու վռնդո՞ւմ»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել