Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հետապնդման ճանապարհով

Հոկտեմբեր 02,2004 00:00

Էլեկտրամոնտյոր Հրաչ Վարդանյանի վրա քրգործ է հարուցվել, որպեսզի նա չբողոքի իր՝ աշխատանքից ապօրինի ազատման դեմ:

Մինչեւ 2004-ի հունվարի 16-ը Հրաչ Վարդանյանը աշխատել է «ԱրմենՏելի» հեռախոսահաղորդակցման բաշխիչ ցանցերում որպես էլեկտրամոնտյոր: Հունվարի 16-ին նա տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից՝ «սեփական դիմումի համաձայն»: Եվ քանի որ ինքը նման դիմում չէր գրել՝ փորձել է պարզել, թե ինչ դիմումի մասին է խոսքը եւ ով է իր փոխարեն դիմում գրել: Նրա համառ պնդումներին պատասխանել են մերժումով։ Իսկ երբ համոզվել են, որ Հ. Վարդանյանից հեշտ չի լինելու ազատվելը՝ շարունակում է բողոքել ու պահանջել, որ իրեն վերականգնեն, դիմել են փորձված մեթոդին՝ բողոքողի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Հ. Վարդանյանը հասցնում է դիմել «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերության վարչական գլխավոր տնօրեն Ք. Լումակիսին։

Ինչպես հունվարի 22-ի, 27-ի, այնպես էլ փետրվարի 11-ի դիմումը մնում է անպատասխան։ Հ. Վարդանյանի պնդմամբ, «ԱրմենՏելի» անվտանգության պետ Կարեն Գասպարյանը (ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի եղբայրը) իր աշխատասենյակում ինձ ձեռնաշղթա հագցրեց, ստիպելով ազատման դիմում գրել, ինչից հրաժարվել եմ»։ «ԱրմենՏելի» մի խումբ աշխատակիցների նկատմամբ, Վարդանյանի խոսքերով՝ «կեղծ եւ հետին թվով» կազմված զեկուցագրերի հիման վրա, քրգործ են հարուցել Հրաչ Վարդանյանի դեմ՝ խուլիգանություն հոդվածով:

Մեղադրական եզրակացությունից իմանում ենք, որ նա հունվարի 13-ին «ԱրմենՏելի» ԱՀԿ օպերատորական ծառայության աշխատասենյակում «դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր նախկին կնոջ, օպերատոր Կ. Մեշչյանի նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, շուրջ 10 րոպե խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տեղացել, բռնություն գործադրելով Մեշչյանի նկատմամբ՝ քաշել նրա մազերից, խաթարել ծառայության բնականոն աշխատանքները»: Գործը հարուցվել է Կ. Մեշչյանի՝ իր անմիջական պետին գրած զեկուցագրի հիման վրա, իսկ մյուս օպերատորները հաստատել են վերջինիս գրածները՝ իրենք եւս զեկուցագրեր գրելով: Կենտրոնի քննչական բաժանմունքի քննիչ Ա. Գալստյանը ստանալով այս զեկուցագրերը, գտել է, որ Հրաչ Վարդանյանի գործողություններում կա հանցակազմ՝ Քրօրի 258 հոդվածով, իսկ ստանալով Հ. Վարդանյանի հաղորդումն այն մասին, որ իր ազատվելու դիմումը կեղծված է՝ գտել է, որ դրա վերաբերյալ չկան բավարար ապացույցներ՝ չնայած փորձագետը իր եզրակացության մեջ գրել է, որ հնարավոր չէ պարզել, թե ով է գրել աշխատանքից ազատվելու դիմումը:

Այս ընթացքում մի քանի անգամ Հ. Վարդանյանին առաջարկել են, որ հրաժարվի բողոքելուց՝ խոստանալով խուլիգանության գործը կարճել, սակայն քանի որ նա շարունակում է, քրգործի քննությունն էլ է շարունակվում: Այն արդեն մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ դատարան ներկայացած տուժողը՝ Վարդանյանի նախկին կինը ցուցմունք տալու ժամանակ ինչ-որ պահի զայրանալով խոստովանել է, թե՝ ես չե՛մ բողոքել՝ ինձ ինչո՞ւ եք դատարան բերել: Սակայն այս հայտարարությունն էլ չօգնեց։ Եվս մի հետաքրքիր մանրամասն. վերոնշյալ քրեական գործում իբեւ կասկածյալ Հ. Վարդանյանը ներգրավվել է հունիսի 3-ին, իսկ այդ մասին գրություն դատարան ուղարկվել է մայիսի 17-ից առաջ։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել