Ազգային PR-ի վախճանը
Երբ Ռոբերտ Քոչարյանը որեւէ առիթով հանդիպում է Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինին, Հայաստանի պաշտոնական PR ծառայությունները կաշվից դուրս
են գալիս՝ երկու բարեկամների ջերմ եւ մտերմիկ շփումները ողջ հմայքով հանրությանը
մատուցելու համար: Կադրից դուրս չի մնում եւ ոչ մի արժեքավոր դրվագ: Ահա
Պուտինն ու Քոչարյանը՝ Սոչիի «Բաչերով Ռուչեյ» նախագահական համալիրի գեղատեսիլ
ծառուղիներից մեկում անկաշկանդ զրուցելիս: Ահա անդավաճան եւ ժպտադեմ բարեկամները
մոսկովյան ձիարշավարանում՝ կողք կողքի կանգնած: Ահա եւ նրանք Սեւանում՝ անփողկապ
ու ժողովրդին խիստ հոգեհարազատ՝ պարզ վերնաշապիկներով:
PR-ն անվրեպ է աշխատում: Այդօրինակ քարոզչություն սպառողներն իսկական երանության մեջ են: Նրանց կուրծքն ուռչում է գիտակցումից, որ Պուտինն աշխարհում իրենց նախագահից ավելի հարազատ մարդ չունի: Նրանք կասկած չունեն, որ վերը նկարագրված լուսանկարներում ՌԴ նախագահը խոսում է բացառապես Հայաստանի խնդիրներից ու հավանաբար երդվում իր հայ բարեկամին՝ իրենից կախված ամեն ինչ անել այդ խնդիրների լուծման եւ նորերի չառաջացման ուղղությամբ: Այս տխմար PR-ին, սակայն, վիճակված չէր երկար ապրել:
Շուրջ երեք շաբաթ է, ինչ Վրաստան-Ռուսաստան սահմանագծի Վերին Լարս հատվածում փակված է սահմանային միակ անցակետը: Փակման նախաձեռնողը Մոսկվան է, որն այդպիսով պայքարում է ահաբեկչության դեմ: Միայն Հայաստան ուղեւորվող բեռնատարների թիվն այստեղ մոտ է գրեթե 2000-ի: Բնական հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի «հայաստանյան» մեքենաների անցումը չթույլատրելը հակաահաբեկչական միջոցառումների հետ: Զուր մի մտածեք՝ այս հարցը պատասխան չունի: Կարծիքներ կան, թե մեքենաների նկատմամբ ընտրողաբար վերաբերվելու դեպքում խնդիրներ կառաջանան Վրաստանի հետ: Ամենեւին. երեկ Թբիլիսիում կայացած հայ-վրացական գործարար խորհրդակցության ժամանակ, ի պատասխան հայ գործարարներից մեկի հարցին, Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան պատասխանել է. «Ձեր հարցը պետք է վերահասցեագրել Ռուսաստանի վարչապետ Ֆրադկովին: Հայկական բեռնամեքենաները բաց թողնելու հետ կապված մեր կողմից որեւէ խնդիր չի ծագի»:
Այս համատեքստում այլեւս պարզ է, թե քանի կոպեկ արժեն հայ-ռուսական ստրատեգիական գործընկերությունն ու դրա բաղկացուցիչը կազմող՝ Քոչարյան-Պուտին անարատ բարեկամությունը: Իսկ հայկական PR-ի սպառողները հիմա արդեն պետք է բավարարվեն ոչ թե խայտաբղետ լուսանկարչական կոմպոզիցիաներով, այլ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովի հորդորներով: Երեկ նա հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա սահմանը փակելու՝ ՌԴ իշխանությունների որոշմանը»: ՀՀ իշխանությունները, բնականաբար, ունեն պահանջված ըմբռնումը: Իրենց անպարկեշտ եկամուտներով նրանք դեռ շատ երկար կդիմանան «ռուսական» շրջափակմանը: Իսկ այ, PR-ի խեղճ սպառողները, իրենց տեսած երբեմնի լուսանկարների ֆոնին, դժվար թե ինչ-որ բան ըմբռնեն:
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ