Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցույթը բողոքարկելը «հակասահմանադրակա՞ն» է

Հոկտեմբեր 01,2004 00:00

Մրցույթը բողոքարկելը «հակասահմանադրակա՞ն» է «Թափուր տեղը», որի համար մրցույթ էր հայտարարված, այնքան էլ թափուր չէր Այս տարվա ապրիլի 30-ին Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացվեց։ Մրցույթի մասնակիցներին հարցազրույցի փուլում տրվում են հարցեր։ Տիգրան Աբրահամյանին տրվել էր 12 հարց, մասնավորապես՝ ո՞վ է շնորհում դասային աստիճան, արտաբյուջետային հաշիվ ունենալու համար ի՞նչ իրավական ակտ է անհրաժեշտ, ո՞վ է իրականացնում ֆինանսական միջոցների ներքին աուդիտը, հաստիքների կրճատման ժամանակ ի՞նչ ժամկետում են ծանոթանում գործին՝ քաղաքացիական ծառայողի դիմումի ծառայողական քննություն անցկացնելու համար։ Որքան էլ տարօրինակ է, հարցազրույցի մասնակցի պատասխանները գնահատվեցին ոչ միայն «ճիշտ» եւ «սխալ», ինչպես սահմանված է օրենքով, այլ նաեւ «թերի», որը օրենքին հակասում է։ Տիգրան Աբրահամյանի պնդմամբ, «հարցազրույցի ընթացքում ինձ տրված հարցերը նախատեսված չէին պաշտոնի անձնագրում»։ Ի վերջո, հավակնորդը չի անցնում մրցույթով՝ 4 դեմ եւ 1 կողմ ձայներ հավաքելու պատճառով։ Մրցույթի արդյունքներին համաձայն չլինելով, նա դիմում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին։ Մայիսի 5-ին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը սենսացիոն պատասխան է ուղարկում մասնակցին. «Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից դեռեւս չեն սահմանվել վերը նշված գրավոր բողոքը ներկայացնելու, այն քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգն ու ժամկետները»։ Մինչդեռ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 9-1 կետը հակառակն է ասում. հաստատում է բողոքարկելու կամ մրցույթին առնչվող դիմում-բողոքը քննելու իրավունքը, ընդ որում՝ սահմանված կարգով։ Տ. Աբրահամյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որտեղ պատասխանող կողմը բերել է առավել զավեշտալի պատճառաբանություն. «Եթե քաղծառայության խորհուրդը բողոքը քննարկեր, ապա դրանով իսկ խախտած կլիներ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը»։ Ստացվում է, որ մրցույթի արդյունքները բողոքարկելը հակասահմանադրական քայլ է։ Դրա հետ կարծես համաձայն էին առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները, որոնք որոշումներ ընդունեցին հօգուտ Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ընդդեմ քաղաքացու։ Դատարանները, հետեւաբար, հաստատեցին, որ ապրիլի 30-ին հիշյալ խորհուրդը կազմակերպել էր մի մրցույթ, որի արդյունքների բողոքարկման «կարգը» եւ «ժամկետները» չէր հաստատել։ Որը նույնպես օրենքի խախտում է։ Մեր տեղեկություններով, մրցույթում հաղթող է ճանաչվել Մարսել Արզումանյանը՝ Հանրային հեռուստատեսության ղեկավար Արմեն Արզումանյանի հայրը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել