Ներկայացում՝ Մալյանի հիշատակին
Երեկ
«Հայֆիլմին» կից Հենրիկ Մալյանի անվան թատրոնը ներկայացրել էր իր հերթական՝
«Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացումը՝ Աղասի Այվազյանի 5 պատմվածքների մոտիվներով։
Մինչ ներկայացումը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ
Ղազանչյանը դիմելով մալյանցիներին ու հանդիսատեսին, անսպասելի հայտարարություն
արեց որ միությունը այս միջոցառմամբ նշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 79-ամյակը։
«Չափազանցություն չէ, Մալյանը հազվագյուտ ազգային երեւույթներից էր։ Մարդ,
որի կյանքն ու գործունեությունը հայի հետ էր, հայի մասին ու հայի համար։
Եվ այդ ամենը նա անում էր առանց թմբկահարելու։ Ուրախ եմ, որ իմ գործընկերոջ
գործը, հիմնած թատրոնը շարունակում է դուստրը՝ Նարինեն, դարձյալ՝ առանց թմբկահարելու»,-
նշեց Ե. Ղազանչյանը։ Երկրորդ անակնկալն այն էր, որ թատրոնը նոյեմբերի 19-24-ը
կմասնակցի Իրանում անցկացվելիք Իսֆահանի կոմեդիայի միջազգային ամենամյա փառատոնին։
Ներկայացումից հետո կարճատեւ զրույց ունեցանք Հ. Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Նարինե Մալյանի հետ։ «Առավոտի» դիտարկմանը՝ «Երեւի կարելի է ենթադրել, որ Հենրիկ Մալյանի անունը բավական է, որպեսզի թատրոնը ապրի, ստեղծագործի անհոգ», ռեժիսորը պատասխանեց. «Անհոգ կապրենք մահվանից հետո, մանավանդ մեր ժամանակներում ձեր նշած «անհոգ ապրելը» երեւի հետաքրքիր չի էլ լինի պարզ պատճառով՝ մարդկային հարաբերությունները դարձել են տարօրինակ ու անսպասելի եւ, որ ամենացավալին է, ամեն ինչում շինծու բան կա»։ Ըստ Ն. Մալյանի, ինչ ժառանգել է ծնողներից (խոսքը մարդկային բարոյական արժեքների մասին է), թատրոնի միջոցով պետք է ջանա վերադարձնել. «Թե չէ՝ այսօր բեմին հատուկ շինծու որակները մտել են կյանք»։ Հարցին՝ «Ռեժիսորը մեծ առաքելություն չի՞ վերցնում իր վրա», մեր զրուցակիցն ասաց. «Իմ ընտանիքում դա եմ տեսել։ Կարեւորում եմ վերադարձը հոգեւոր արժեքներին ու ազգի միասնականության գաղափարը, ինչի մեջ հայերիս ուժն է»։
Ս.ԴԱՆԻԵԼՅԱՆ