Կյանքից
կտրված եւս մի օրենք
Որպեսզի ՀՀ քաղաքացիները (եւ ոչ միայն) աշխատեն արժանապատիվ, մեզ անհրաժեշտ էր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջամտությունը։ Օրերս այս խոստովանությունն արեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած հանդիպման մասնակիցները։ Նախկինում արհմիություններն աշխատողների խնդիրները ներկայացնում էին կառավարություն՝ լուծման համար։ Այժմ հիմնական գործատուն պետությունը չէ, մասնավոր անձինք են, ուստի աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կարգավորվեն եռակողմ համաձայնությամբ՝ աշխատողի, գործատուի եւ պետության։ Քննարկման բանախոսների կարծիքով, ԱՄԿ-ն այս երեք կողմերը միացնող կազմակերպությունն է, իսկ նրանց աշխատանքին պետք է նպաստի Աշխատանքային օրենսգրքի նախագիծը ու նորաստեղծ աշխատանքային տեսուչի ինստիտուտը։
Աշխատանքային տեսչության կանոնադրությունն ու նախնական կառուցվածքը կառավարությունն արդեն ընդունել է, իսկ գործառույթները տեղ են գտել Աշխատանքային օրենսգրքում, որն ԱԺ-ն դեռ պետք է ընդունի 3-րդ ընթերցմամբ։ Ինչպես ցանկացած տեսչություն, այս կառույցի նպատակը նույնպես իր կարգավորման ոլորտում պետական հսկողություն իրականացնելն է։ Ավելի հստակ՝ Օրենսգրքի նախագծի 5-րդ գլխի 34 հոդվածում նշվում է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը։ Իսկ 119 հոդվածի համաձայն, արհմիության անդամ ցանկացած աշխատող եւ բոլոր գործատուները աշխատանքից ազատվելու եւ ազատելու մասին պետք է տեղեկացնեն կամ համաձայնեցնեն տեսուչի հետ։
Պարզ է, որ ինչպես մյուս ոլորտների վերահսկողները, աշխատանքային տեսուչները նույնպես չեն կարող զերծ մնալ կաշառակերության «մարդկային» թուլությունից, դրանով իսկ անպաշտպան թողնելով աշխատողին։ Նախարար Աղվան Վարդանյանն այս հարցի վերաբերյալ նույն կարծիքը հայտնեց, հավելելով, թե «մենք ամեն ինչ պիտի անենք, որ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեն»։ Դա՝ վեճերի դեպքում։ Թեպետ ոչինչ չի խանգարի նույն տեսուչին՝ ընթացիկ վերահսկողության ժամանակ նույնպես «չնկատել» գործատուի թույլ տված անարդարությունները, հատկապես՝ Աշխատանքային օրենսգրքից բխած պահանջների կատարման առումով։ Նշենք, որ դրանցից շատերը գործնականում հնարավոր էլ չէ պահպանել, գոնե՝ առայժմ։ Օրինակ, օրենքով պահանջվում է աշխատողի առողջության համար ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ՝ օդափոխիչ համակարգ, բավարար լուսավորություն, ոչ աղմկոտ միջավայր եւ այլն։ Նման պայմաններով կարող են պարծենալ հատուկենտ գրասենյակներ եւ պետական կառույցներ։ Իսկ մնացածը պիտի փակվե՞ն, քանի դեռ միջոցներ չեն ձեռնարկել նման պայմաններ ստեղծելու համար։ Կամ՝ իրական կյանքում ցանկացած խանութում վաճառողն աշխատում է նվազագույնը 14 ժամ, գերազանցելով սահմանված 8 ժամը, դրա համար չփոխհատուցվելով գոնե արտաժամյա վճարով։ Իսկ օրվա մեջ 2 անգամ ապրանքն ընդունել-հանձնելը գործնականում նույնպես հնարավոր չէ։ Աշխատանքային տեսուչը պետք է աչք փակի նման փաստերի վրա, փողով թե անվճար՝ իր խղճի գործն է։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ