Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

Սեպտեմբեր 30,2004 00:00

ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ Այսօր Հայաստանում ցանկացած ոլորտի առաջընթաց կատարվում է այս կամ այն բարերարի անմիջական աջակցությամբ: Ասվածը լիովին վերաբերում է նաեւ սպորտին, հատկապես՝ ֆուտբոլին: Իսկ այս դեպքում նկատի ունենք կանանց ֆուտբոլը, որը առաջին քայլերն է անում Հայաստանի կանանց ֆուտբոլում: Հանրապետությունում, որքան մենք տեղյակ ենք, կանանց ֆուտբոլի արմատավորման եւ զարգացման առաջին քայլերն արել ու գործը շարունակում է «Քոլեջ» ֆուտբոլային ակումբը՝ Հրաչյա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս ակումբում ստեղծվեց աղջիկների առաջին թիմը, որը շատ կարճ ժամանակում իր վրա գրավեց ՀՖՖ-ի ուշադրությունը: Դա համընկավ այն ժամանակաշրջանին, երբ ՈՒԵՖԱ-ն իր հերթին կարեւորություն սկսեց հատկացնել թիվ մեկ մարզաձեւը Եվրոպայում կանանց շրջանում արմատավորելուն եւ զարգացնելուն: Բարեբախտաբար, Նորվեգիայում բնակվող Ջիմի Վարդիվարյանը, որ այդ երկրի կառավարությունում բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում, լինելով հայասեր ու սպորտի սիրահար՝ արդեն քանի տարի ՀԱՕԿ-ի ներկայացուցիչն է սկանդինավյան երկրներում: Սկսած 2000 թվականից՝ իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի կանանց ֆուտբոլը: Նրա անմիջական նախաձեռնությամբ «Քոլեջը» արդեն մի քանի անգամ հրավիրվել է Նորվեգիա, մասնակցել այդ երկրի գավաթի խաղարկությանը: Եվ հուրախություն մեզ՝ արդյունքները տարեցտարի բարելավվում են: Ջիմին, օգտագործելով իր հեղինակությունն ու անձնական կապերը Նորվեգիայի վերին ատյաններում, ամեն տարի հրավերք է ուղարկում Հայաստանի ֆուտբոլիստուհիներին՝ ծախսերի առյուծի բաժինը թողնելով Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա: Նրա անմիջական ջանքերով Հայաստանի «Քոլեջին» երեք անգամ ընդունել են Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պիեռ Օմդալը, որը նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահի առաջին տեղակալն է, ինչպես նաեւ «Նանսեն» հիմնադրամի ղեկավարությունը: Եվ ամեն անգամ այդ հանդիպումներից հետո հյուրընկալողները մեր ֆուտբոլիստուհիներին ճանապարհել են ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ մարզագույք նվիրելով: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ջիմի Վարդիվարյանը Երեւանում է: Նրա հերթական այցելության նպատակը եւս Հայաստանի կանանց ֆուտբոլին աջակցելն է: Երեկ նա մեր պատանի ֆուտբոլիստուհիներին նվիրեց մարզակոշիկներ, մարզահագուստ, ինչպես նաեւ հանձնեց Նորվեգիայի գավաթի անցած տարվա խաղարկության փուլի հաղթողի համար սահմանված մեդալները, որ մեր աղջիկները չէին հասցրել ստանալ: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել