Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սպորտային պարն էլ արվեստ է»

Սեպտեմբեր 30,2004 00:00

«Սպորտային պարն էլ արվեստ է» Վստահեցնում է մասնագետը Օրերս Մոսկվայից վերադարձավ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Էլեն Գրիգորյանը, որը հրավիրված էր սեպտեմբերի 25-27-ը անցկացվող «Աշնանային դուետ» ամենամյա մրցումներին։ Նա սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին։ – Մեզ հայտնի է, որ այս անգամ Հայաստանը չմասնակցեց մոսկովյան մրցումներին։ Ո՞րն էր պատճառը։ – Այդ օրերին Երեւանում բարձրակարգ դասընթացներ էր անցկացնում Ստավրոպոլի երկրամասի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ, մեր հայրենակից Արթուր Բաբաջանովը։ Հասկանալի պատճառով, չէինք կարող մեր սպորտային զույգերին զրկել այդ հնարավորությունից։ – Սպորտային պար. դա ավելի շատ սպո՞րտ է, թե՞ պարարվեստ։ – Ես ավելի շատ հակված եմ սպորտային պարը դիտել որպես պարարվեստ, քանի որ սպորտային պայքարի, ինչ-որ տեղ դաժան մրցակցության խաղի կանոնների դեպքում այն տուժում եւ սահմանափակվում է ստեղծագործական պահը։ Այդուհանդերձ, մեր ֆեդերացիան 1996 թվականից գործում է Սպորտկոմիտեի ենթակայության տակ։ Իսկ 1997-ին ճանաչվել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեի կողմից։ Տեղեկացնեմ, որ 2008թ. Պեկինում անցկացվելիք օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես կգան սպորտային պարերի ներկայացուցիչները՝ ցուցադրական ելույթներով։ Պեկինյան օլիմպիադայից հետո շատ հնարավոր է սպորտային պարը ընդգրկվի օլիմպիական մարզաձեւերի ցանկում։ Նշենք, որ դրան արդեն շատ վաղուց ձգտում են աշխարհի սպորտային պարերի ֆեդերացիաները։ – Մինչ սպորտային պարը կընդգրկվի օլիմպիական խաղերի ցանկում, Հայաստանում գործող պարարվեստի միություններից ստանո՞ւմ եք աջակցություն։ – Պարարվեստի ցանկացած տեսակ (ժողովրդական եւ ժամանակակից պարեր, բալետ եւ այլն) պետք է սնվի ազգային ակունքներից։ Արդեն տարիներ շարունակ Վանուշ Խանամիրյանի գլխավորած պարարվեստի միությունը անշահախնդիր աջակցում է մեզ, օգնում՝ կազմակերպելով ազգային պարի դասընթացներ։ – Ի՞նչ մրցելույթներ են սպասվում առաջիկայում։ – Նոյեմբերի 6-7-ը Հայաստանում կանցկացվի սպորտային պարերի միջազգային մրցաշար։ Կհրավիրվեն ավելի քան 10 մրցավար եւ 6 զույգ մասնակից արտերկրից։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել