Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԵՐԸ ԲԱՐԻՇԵՑԻՆ ԽԱՂԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Սեպտեմբեր 30,2004 00:00

ԱԶԳԵՐԸ ԲԱՐԻՇԵՑԻՆ ԽԱՂԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ «Ապրում էին միասին» ադրբեջանցի Բուշը, հայ Պուտինը եւ «պարզապես Միշան» Վերջերս «Բրիտանական խորհուրդը» Լիկանիում (Վրաստան) կազմակերպել էր տարածաշրջանային երիտասարդական ֆորումը, որը կրում էր «Ապրենք միասին» կարգախոսը: Ֆորումին մասնակցում էին 43 երիտասարդ՝ Ադրբեջանից, Հյուսիսային Իռլանդիայից, Հայաստանից եւ Վրաստանից: Հավաքի հիմնական նպատակն էր հակամարտությունների կարգավորման, բանակցություններ վարելու ռազմավարության, միջնորդական առաքելության հիմունքների ուսուցանումը: Եվ եթե վրացիների ու իռլանդացիների (կաթոլիկներ եւ բողոքականներ Բելֆաստից) հարցում հայերիս համար գրեթե ամեն ինչ պարզ էր, ապա ադրբեջանցիների հետ «միասին ապրելն», ինչպես հայտնի է, առայժմ չի ստացվում: Չնայած որոշ դրական դրսեւորումներ կային: Ֆորումի ընթացքում հայկական պատվիրակությունը իռլանդացիներին նվիրեց Հայաստանի քարտեզը՝ Լեռնային Ղարաբաղով եւ ազատագրված տարածքներով: Ադրբեջանցիներն այդ կապակցությամբ միջադեպ չսարքեցին: Գուցե մեր հարեւանների համար օրինակ էին ծառայում իռլանդացիները, որոնք իրենց հարազատ Բելֆաստում երեւի թե այդքան էլ հաշտ չեն «ապրում միասին», բայց Լիկանիում վիճում էին բացառապես իռլանդական բալլադների հերթականության մասին: Մասնակից երկրների հմուտ մասնագետների կողմից անցկացված դասընթացները, դերային խաղերը եւ մշակութային երեկոները մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն ծանոթանալ մյուս երկրների երգին ու պարին, այլեւ ավելի շատ սիրել եւ ինչու ոչ՝ յուրացնել իրենց սեփական մշակույթն ու պատմությունը: Բայց ամենից ուշագրավը «ՄԱԿ-ի մոդել» դերային խաղն էր, որի նպատակն էր բացահայտել միջազգային կազմակերպությունների դերը կոնֆլիկտային իրադրություններում: Բնական է, որ այստեղ առաջադրված, ինչպես եւ իրական կյանքում գոյություն ունեցող իրավիճակներին ոչ մի վերջնական լուծում չգտնվեց: Մասնակիցներին առաջարկվեց իրական կոնֆլիկտային իրադրություն. 2006 թ. Բորժոմիի մոտակայքում պայթեցվում է Բաքու-Ջեյհան գազամուղի մի հատված: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պայթյունը իրականացրել էր զինված հայերի մի անհայտ խումբ: Անտեսելով Ռուսաստանի դիրքորոշումը, ՆԱՏՕ-ն որոշում է կայացնում երկու ռազմական բազա տեղակայել Հարավային Կովկասում՝ Թբիլիսիի եւ Գյանջայի մոտակայքում: Դերերի բաժանվելով (խաղացողների շարքերում գտնվեցին թե ազգությամբ հայ Վ. Պուտին, ադրբեջանցի Ջ. Բուշ, թե վրացի Ռ. Քոչարյան)՝ փորձեցինք մշակել առաջադրված իրավիճակից դուրս գալու ռազմավարություն: Այս ամենը լուսաբանվում էր BBC-ի, CNN-ի, Al-Jazeera-ի եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ թղթակիցների կողմից, որոնց՝ երբեմն սենսացիոն հայտարարությունները եւ սադրիչ հարցերը, որ արժանանում էին համընդհանուր հրճվանքի, խոր մտահոգության մեջ էին գցում նախագահներ «Բուշին» եւ «Պուտինին»: Բայց նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իռլանդացի Քոֆի Անանի բանակցությունները չկարողացան վերացնել գոյություն ունեցող նախապաշարմունքները: Որոշվեց բանակցությունները շարունակել հետագա հանդիպումների ժամանակ: Մեր այս խաղի ամենաուշադիր ունկնդիրները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիկնապահներն էին, որոնք զարմացած փորձում էին հասկանալ, թե ինչպես եւ ինչի մասին էին բանակցում Հայաստանի ու Վրաստանի նախագահները: Քանզի համոզված էին, որ Սահակաշվիլին այդ պահին ջրում է իր պարտեզի կարմիր վարդերը. Լիկանիում է գտնվում Վրաստանի կառավարական հանգստյան տներից մեկը: Իսկ երեկոյան հայտնվեց իրական նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա ներկայացավ որպես «պարզապես Միշա» եւ ձայնակցում էր հայ-իռլանդական պարկապզուկին: Հայտնի չէ՝ ֆորումի կարգախո՞սը, մեր երգուպա՞րը, թե՞ իր երկրի երկու չլուծված հակամարտություններն էին պատճառը, բայց Սահակաշվիլին հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպումը եւս կանցկացվի Վրաստանի հյուրընկալ հողում: Հոկտեմբերի սկզբին Անգլիայի Նյուքասլ քաղաքում կանցկացվի այս ծրագրի բոլոր տարիների մասնակից երկրների ներկայացուցիչների հանդիպում՝ հետագա համատեղ ծրագրերի կազմակերպման ակնկալիքով: Մտավախությունը մեկն է. կցանկանա՞, արդյոք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը ներկա գտնվել այս հավաքին «պարզապես Թոնիի» դերում եւ դիմավորել Հայաստանի ներկայացուցիչներին «եկե՛ք պարենք լորկե» առաջարկությամբ:8230 ԱՆՆԱ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել