Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լծենում դպրոց չկա

Սեպտեմբեր 30,2004 00:00

Լծենում դպրոց չկա «Գյուղը դպրոցով է պահվում»,- վստահ են Լծենի բնակիչները: «Մեր դասարանը միայն մեծությամբ էր մի քիչ դասարանի նմանվում: Ամեն ինչ քանդված է: Պատուհաններն ապակի չունեն, ցելոֆան է: Առաստաղ էլ համարյա չկա. անձրեւաջուրը լցվում է ներս: Դպրոցի նման չէ, մտնում ես «դասարան» ու ամեն ինչ՝ հատակից մինչեւ առաստաղ, հնություն է»,- ասում է Լծենի 8-ամյա դպրոցի շրջանավարտ Մարիամ Մկրտչյանը: 170 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի սահմանամերձ Լծեն գյուղը դպրոց չունի: Նախկին 7-ամյա դպրոցի շենքը 1988թ. քանդել են, որպեսզի նորը կառուցեն: Ղարաբաղյան շարժման ընթացքում դադարեցվել են շինարարական աշխատանքները, ու գյուղը մնացել է առանց դպրոցի: «Սեպտեմբերն եկավ ու դպրոցի շենքը չկար: Դրսից եկած ուսուցիչների համար դպրոցի մոտ մի տուն կար, էդ տունը դարձրինք դպրոց: Կացարանները դարձան դասասենյակներ, որովհետեւ աշակերտը պիտի դպրոց հաճախեր: Ու մինչեւ հիմա ուսուցչի տունն է մեր դպրոցը»,-պատմեց Արամայիս Ամիրյանը: Դպրոցն ունի 30 աշակերտ, որոնց կրթում է ինը ուսուցիչ: Նրանցից չորսը զինծառայության փոխարեն 5 տարի սահմանամերձ գյուղերում որպես ուսուցիչ աշխատողներ են: Աշակերտներն այս տարի չունեն միայն օտար լեզվի ուսուցիչ, քանի որ անցյալ տարի լրացել է նրա ծառայության 5 տարին: «Մեր գյուղին դպրոց է պետք, որովհետեւ աշխարհից կտրված գյուղ է: Չենք ասում՝ մեծ դպրոց, բայց երեխան դասարան մտնելուց պիտի զգա, որ եկել է դպրոց: Եթե դպրոցի հարցը չլուծվի, պարզ է, որ մարդիկ կլքեն գյուղը, որովհետեւ ամեն մարդ մտածում է՝ իր երեխան լավ ապագա ունենա, որի համար կրթությունը կարեւոր է»,- ասում է գյուղամիջում կանգնած տարեց մի լծենցի: Ըստ ավանդության, մոնղոլների հարձակման ժամանակ լեռան գագաթից քարեր գլորելով՝ գյուղացիները քարե կարկուտ են թափել թշնամու վրա: Ներսես քերթողն էլ ոգեւորված անընդհատ խրախուսել է բնակիչներին՝ ասելով. «Լցե, լցե», որից էլ իբրեւ մնացել է գյուղի անունը: «Լավ գյուղ է մեր գյուղը: Տեղն էլ է հարմար. համ հող ենք մշակում, համ էլ անասուն պահում: Գյուղացիներն էլ լավ ժողովուրդ են. հաշտ ու համերաշխ ապրում ենք: Գոմերի դռներն օրերով բաց ենք թողնում ու մի հատ գողություն չկա: Գոհ եմ իմ կյանքից, ճիշտ է՝ ամբողջ կյանքս չարչարվել եմ, տանջվել, բայց երեխեքովս հպարտ եմ, կարողացել եմ նրանց կրթության տալ ու բոլորն էլ լավ մարդիկ են դարձել»,- ասում է 6 երեխաների մայր տիկին Ասյան: «Գյուղում ապրելը տանջանք է: Չենք իմանում՝ ոնց է սկսվում մեր օրն ու վերջանում. բոստան, տուն, գոմ, դաշտ: Վատն էն է, որ էսքան տանջվում ենք, բայց մեր երեխեքն էստեղ ապագա չունեն: Դրա համար էլ ձգտում ենք ստեղ չմնանք, բայց դեռ հնարավորություն չկա դուրս գալու»,- ավելացրեց Արուսիկ Գրիգորյանը: 1990-ականներին շատերն են լքել Լծենը: Գյուղում մնացել էր 8 աշակերտ: Բայց տարեցտարի գյուղաբնակների թիվն ավելացել է: Գյուղացիների կարծիքով, եթե նորմալ դպրոց լինի, շատերը կհիմնավորվեն Լծենում: «Դպրոցի հարցով բոլորին էլ դիմել ենք: Ընտրությունների ժամանակ, երբ գյուղացիների ձայներն իրենց պետք է լինում, ասում են՝ լավ կլինի, բայց էդ լավը տենց էլ չտեսանք,- բողոքում էին լծենցիներն ու ավելացնում, որ իրենց հասանելի միակ հեռուստաալիքը՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, անընդհատ խոսում է սահմանամերձ գոտիների մասին, բայց այդպես էլ որեւէ մեկը չի այցելում իրենց գյուղ: «Կառավարությանը կխնդրեի, որ ուշադրություն դարձներ ծայրամասային գյուղերին: Ամեն ինչից կտրված գյուղ է, գոնե դպրոց ունենա: Գյուղը դպրոցով է պահվում: Մեր գյուղն ունեցել է 160-170 աշակերտ, հետո տարի է եղել, որ եղել է 2 աշակերտ: Հիմա 30 աշակերտ ուենենք: Գյուղը լավ գյուղ է, բայց եթե դպրոց չկառուցվի, դժվար թե երիտասարդությունը մնա էստեղ»,- ասում է Ալեքսանդր Մանուկյանը: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել