Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑԸ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Սեպտեմբեր 30,2004 00:00

Երեկ
Երեւանում հայտարարեց ադրբեջանցի քաղաքագետ Յունուսովը
Երեկ Հարավային Կովկասի ինտեգրման եւ այդ համատեքստում մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման թեմայով հերթական մի սեմինարի ժամանակ Ադրբեջանի «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ղեկավար Արիֆ Յունուսովը խոսեց նաեւ Ադրբեջանում միջազգային կառույցների եւ ընդհանրապես՝ Արեւմուտքի նկատմամբ հասարակության ներսում ձեւավորված վերաբերմունքի եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի մասին:

Բանախոսի մատուցմամբ, Ադրբեջանում 90-ականների սկզբներին մեծ վստահություն կար Արեւմուտքի նկատմամբ: «Բազմաթիվ առասպելներ էին ի հայտ եկել: Ժամանակին Ադրբեջանում միֆ կար՝ կապված նավթային պայմանագրերի կնքման հետ: Մարդիկ հավատում էին, որ այդ պայմանագրերը կնքելով՝ Արեւմուտքը կգա Ադրբեջան, կապրենք՝ ինչպես Քուվեյթում, կլուծենք տնտեսական խնդիրը, բնականաբար նաեւ՝ ԼՂ հակամարտությունը: Դա սուրբ հավատամք էր: Անցել է համարյա 10 տարի, եւ մենք հիմա հասկանում ենք, որ դա մեծ պատրանք էր, երազանք, որն այդպես էլ մնաց որպես երազանք»,- արձանագրեց Ա. Յունուսովը:

Նրա մատուցմամբ, Արեւմտյան երկրների նկատմամբ Ադրբեջանում թեեւ մեծ հույսեր են փայփայել, բայց անցյալ տարի դրանք ի դերեւ են ելել, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի ընտրությունների արդյունքում: «Ադրբեջանում քաղաքական ուժերը ավանդաբար բաժանվում են երեք խմբի՝ արեւմտամետներ, ռուսամետներ եւ մուսուլմանամետներ: Ժողովուրդը հասկանում էր, որ Հեյդար Ալիեւ այլեւս չէր լինի, եւ դա հույս էր ներշնչում, որ իրավիճակը տարածաշրջանում կարելի է փոխել: Ահռելի հավատ կար Արեւմուտքի նկատմամբ, որովհետեւ այն ժամանակ նրանք, ինչպես Ադրբեջանի արեւմտամետ ուժերը՝ եւ իշխանության ներսում, եւ ընդդիմության մեջ քարոզում էին, որ այս անգամ ընտրություններում որեւէ կեղծիք չի լինելու. դա թույլ չեն տա ոչ արեւմտամետ ուժերը, ոչ Արեւմուտքը: Մարդիկ հավատացին եւ գնացին ընտրությունների: Բայց եղավ այն, ինչ սովորաբար լինում է. ընտրությունները կեղծվեցին, եղան բռնություններ: Իսկ Արեւմուտքը հերթական անգամ փորձեց համոզել, որ ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, կարեւորը կայունություն պահպանելն է, իսկ իրավիճակը կարելի է փոխել ընթացքում՝ փուլերով: Արդյունքն այն եղավ, որ երկրում կտրուկ աճեցին, մասնավորապես, հակաամերիկյան տրամադրությունները: Նույնիսկ մինչեւ վերջերս ամերիկամետ համարվող թերթերում ընտրություններից 3-4 օր հետո, օրինակ՝ «Մուսավաթ» թերթում, հրապարակում եղավ. «Եթե Ամերիկան է ճանաչում այսպիսի ընտրությունները, ուրեմն՝ կեցցե Բեն Լադենը»: Մասնավորապես ԱՄՆ-ն Ադրբեջանում այլեւս ասոցացվում է որպես կոռումպացված, ոչ ժողովրդավարական ռեժիմի մի մաս, որը հանուն նավթային շահագրգռությունների պատրաստ է ամեն ինչի: Այսպիսի պայմաններում դժվար է խոսել ինտեգրացիայի մասին, երբ հասարակության ներսում միանգամայն այլ միտումներ կան: Այն, որ արեւմտյան կառույցները խոսում են ժողովրդավարությունից եւ, միեւնույն ժամանակ, ակնհայտորեն աչք փակում նույն Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վրա, կարող է հանգեցնել շատ բացասական երեւույթների»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման հեռանկարին, ապա, ըստ Ա. Յունուսովի, մեր երկրները միշտ էլ հարմար առիթներ կգտնեն հարցը չլուծելու համար. «Նկատե՞լ եք, հենց միջնորդները որեւէ կոնկրետ տարբերակ են առաջարկում, երկու հանրապետություններում էլ ծայրահեղ վտանգավոր իրավիճակներ են ստեղծվում: Այնպիսի իրավիճակում, երբ վստահություն չկա, երբ մեր հասարակությունները բացարձակապես ժողովրդավարական չեն, այդ հարցադրումները միշտ լարում են առաջացնում, եւ կարեւոր չէ՝ այս անգամ կկրակեն Ադրբեջանի խորհրդարանում, թե հերթական անգամ՝ Հայաստանի: Դրանք դետալներ են: Փաստն այն է, որ հասարակությունները պատրաստ չեն լուծման»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների ցանկությանը, ապա Ա. Յունուսովի համոզմամբ՝ «նրանցից ոչ ոք այդ հարցը լուծել չի ուզում, որովհետեւ նախ՝ նրանք չունեն այդ հարցը լուծելու վստահություն: Իշխանությունը, որն այնքան էլ լեգիտիմ չէ, հասարակության տեսանկյունից շահագրգիռ է ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ՝ դա սեփական շահերին ծառայեցնելով: Ոչ Քոչարյանը, ոչ Ալիեւը շահագրգիռ չեն հակամարտության լուծմամբ: Դա նշանակում է վարկանիշի անկում ցանկացած իշխանության համար: Դրա համար պետք է վստահության մեծ պաշար ունենալ, ինչը ոչ Քոչարյանը, ոչ Ալիեւը չունեն: Նրանց համար Ղարաբաղը իշխանություն պահելու միջոց է»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել