Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ՀԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 30,2004 00:00

«Ընտրական օրենսգիրքը», որի անհրաժեշտության մասին շարունակ
խոսում էին «բոլշեւիկներն» ու «մենշեւիկները» (իշխանությունն ու ընդդիմությունը),
երեկ վերջապես քննարկվեց։
Սակայն փայլուն մտքեր կամ հեղափոխական փոփոխություններ օրենսգրքում չկան. ամենասովորական օրենսգիրք է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այստեղ չկան էական փոփոխություններ (գործող օրենսգրքի համեմատ), ասենք՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կամ մեծամասնական եւ համամասնական ընտրական համակարգերի վերաբերյալ։ Ընդհանրապես այս սկզբունքային հարցերի մասին, ըստ էության, չէր էլ խոսվում, այդ հարցերը ներկայացվում էին որպես բարի ցանկություններ։ Առաջարկություններ կային վստահված անձանց լիազորությունների մեծացման մասին, մասնավորապես հետեւյալ կարգի՝ քվեաթերթիկների հաշվառման պահին վստահված անձինք ներկա լինեն։ Քննարկումների ընթացքում բավականին զգացմունքային ելույթներ հնչեցին հայրենիքի սիրո, նվիրվածության, պարկեշտության, քաղաքացիների ընտրական իրավունքի մասին։ Սակայն չհնչեց մաքուր, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք դրսեւորելու ցանկության մասին՝ ոչ մի խոսք։ Մարտունեցի Հակոբ Հակոբյանը նկատեց, որ մեր պետության ոչ մի սուբյեկտ եվրոպական չափանիշի չէ։ «Բայց մեզանից ուզում են եվրոպական չափանիշի ընտրություններ։ Մենք դա չունենք, որտեղի՞ց կարող ենք տալ»։ Փոխադարձ մեղադրանքների պակաս նույնպես չկար: «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը վերամբարձ ելույթների հեղինակներին հակադարձելով՝ ասաց. «Այստեղ մարդիկ ամպագոռգոռ ելույթներ են ունենում պետության շահի մասին, բայց ավելի շատ փողեր հենց այդ մարդիկ եւ այդ կուսակցություններն են բաժանում (ընտրակաշառքի տեսքով- Մ.Ե.)։ Ցավոք սրտի, գայթակղությանը չեն դիմանում նաեւ կուսակցությունները, որոնք փողով իրենց ցուցակներում պատահական մարդկանց են ընդգրկում»։

Խումբ-խմբակցությունները իրենց ելույթներում հայտարարում էին, թե որպես քաղաքական ուժեր պետք է պատասխանատվություն կրեն անցկացվող ընտրությունների համար։ Այս մասին առավել կոնկրետ հայտարարեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, որն իր առավոտյան ելույթում նաեւ հայտարարել էր. «Ընտրական օրենսգիրքը» այն վերջին օրենսգիրքն է, որում կլինի մեր ստորագրությունը կոալիցիայի ստորագրության հետ», սակայն ավելի ուշ պրն Արսենյանի ելույթը չտարբերվեց կոալիցիայի անդամ այլ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից։ Մասնավորապես՝ Գուրգեն Արսենյանը նշեց, որ ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացված լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են ԱԺ-ում. «Որովհետեւ մենք ենք կրում պատասխանատվությունը ընդունվող օրենքների համար եւ, որպես քաղաքական ուժ, պետք է նաեւ պատասխանատվություն կրենք անցկացվող ընտրությունների համար եւ պատրաստ լինենք վայելելու ե՛ւ դափնիները, ե՛ւ ընդունելու քննադատությունը»։

ՀՅԴ խմբակցության անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում կայացած համարել չի կարելի, քանի դեռ նորմալ ընտրություններ չենք անցկացրել։ «Եթե մենք եւս մեկ անգամ ընտրությունների կասկածանքի մթնոլորտ ունենանք, կվտանգենք մեր երկրի ապագան»,- ասաց Արմեն Ռուստամյանը։ Դաշնակցությունը բազմիցս է հայտարարել, թե կոալիցիայից դուրս գալու հավանական հարցեր կարող են դառնալ «Ընտրական օրենսգիրքն» ու Սահմանադրությունը։ Երեկ ՀՅԴ-ն ներկայացրեց իր առաջարկությունները, որոնք, ըստ էության, վերաբերում էին երկու հիմնական խնդրի՝ հանձնաժողովների ձեւավորման հարցին եւ համամասնականի ու մեծամասնականի հարաբերակցությանը։ Ըստ այդմ՝ «վստահված անձանց կարգավիճակը բարձրացնել եւ մոտեցնել հանձնաժողովի անդամի լիազորություններին»։ Հաջորդը՝ «ՀՅԴ-ն եղել եւ մնում է հավատավոր պաշտպանը 100 տոկոսանոց համամասնության»։ Արմեն Ռուստամյանն առաջարկեց նաեւ, որ ամփոփվեն ոչ թե ամբողջ ընտրատարածքի արդյունքները միաժամանակ, այլ՝ 100-ական քվեաթերթիկ ամփոփվի եւ ամրագրվի։

«Ժողպատգամավորը» միակ խորհրդարանական ուժն էր, որը արտահայտվեց հօգուտ մեծամասնական ընտրակարգի (այս խմբի բոլոր 17 անդամներն էլ ընտրվել են մեծամասնական ընտրակարգով). «Խնդրեմ, նայեք քաղաքական կուսակցությունների ցուցակը, քանի՞ մարդ է հանրությանը հայտնի որպես քաղաքական գործիչ։ Եթե կգտնեք այդպիսի կադրեր, որոնց հանրությունը կճանաչի որպես քաղաքական մարդկանց, այո, հենց այսօրվանից կողմնակից կլինենք, որպեսզի մեծամասնական ընտրակարգը ամբողջովին վերանա»։

Վահրամ Բաղդասարյանը «ԸՕ»-ի օրինագիծն անվանեց «պարտիզանական օրենք», որովհետեւ հիմնական փոփոխությունները, որ հարկավոր է անել, չեն ներկայացված»։ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչն առաջարկեց հաշվի առնել ընտրվողների կրթական ցենզը։ «Ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր. քրեական տարրերը, մի քանի անգամ տարբեր հոդվածներով դատվածները կարո՞ղ են դառնալ պատգամավոր, հետո էլ՝ նախարար»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը եւ վիրավորական համարեց, որ երրորդ դասարանի կրթություն ունեցողը դառնում է պատգամավոր, իսկ 30 տարի կրթություն ստացածը՝ ոչ։

«Ընտրական օրենսգրքի» քննարկումներին ընդդիմությունը չէր մասնակցում։ Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ եռօրյայում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել