Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խոսքի ազատություն» եւ բանավեճի մակարդակ

Սեպտեմբեր 30,2004 00:00

ԱԺ
պատգամավոր Հակոբ Հակոբյանն իջեցրեց խորհրդարանի մտավոր մակարդակի՝ առանց
այդ էլ ցածր նշաձողը
Կառավարությանը հարցեր տալու ԱԺ հերթական չորեքշաբթին բավական լարված էր։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը առաջարկեց կառավարությանը զբաղվել Էջմիածին քաղաքի հարկային մարմիններով եւ մասնավորապես՝ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանի ֆինանսական ներկա եւ նախկին գործունեությամբ։ Ակնհայտորեն ՕԵԿ-ի այս քայլը պատասխան էր նախորդ օրը ԱԺ հայտարարությունների ժամին Հակոբ Հակոբյանի հնչեցրած այն հայտարարության, թե ԱԺ նախագահը խախտում է ԱԺ կանոնակարգը, քանի որ ԱԺ նիստում հանդես չի գալիս արդեն մեկ տարուց ավելի գործող խորհրդարանի ֆինանսական հաշվետվությամբ։ Երեկ Հակոբ Հակոբյանը մեծ «դեբոշ» սարքեց ԱԺ միջանցքում, նույնիսկ պատգամավորին ոչ վայել արտահայտություններ արեց։ ՀՀԿ խմբակցության սենյակում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ մյուս հանրապետականների ջանքերը՝ Հակոբ Հակոբյանին հանգստացնելու, բավականին երկար տեւեցին։ Ավելի ուշ վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք կատարվածը խորհրդարանական ճգնաժամի մասին չի խոսում եւ չի նշանակում, որ ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ստիպում է այստեղ գտնվողներին իրար մեջ ընդդիմություն փնտրել, վարչապետը համաձայն չէր. «Դուք ցանկանում էիք ընդդիմությունն այստեղ ներկա լիներ, իրենց հետ էլ նման միջադե՞պ լիներ։ Այսինքն՝ քի՞չ մարդ կար, ընդդիմությունն էլ ներկա լիներ, ու կարելի՞ էր 131-ի մեջ։ Այդ դեպքում լճացում չէ՞ր լինի, ակտիվ քաղաքական գործունեությո՞ւն կգնար»։ Լրագրողները հարցրին նաեւ՝ կառավարության որոշ անդամներ մեղադրվում են մոլի խաղերի եւ արվամոլության մեջ: Վարչապետը հարցով պատասխանեց՝ ո՞վ է մեղադրում։ «Գեղամյանը»,- եղավ պատասխանը։ Վարչապետի հակադարձումը սա էր. «Եթե մեկը նման բաների մասին խոսում է, նշանակում է՝ ինքը 100 տոկոսանոց տեղեկատվություն ունի։ Իսկ տեղեկատվությունը կամ կարդում են, կամ վիդեոյով նյութ են նայում, կամ էլ անմիջականորեն մասնակցում են»։ Այս մթնոլորտի դեմ որեւէ բան արվելո՞ւ է. «Բայց խոսքի ազատություն էիք ուզում, ի՞նչ եք ուզում։ Նույն խոսքի ազատությունից օգտվելով՝ Արմեն Ավետիսյանը ինչ ուզում է, ասում է։ Եթե անուններ հայտնի, անպայման հետեւություններ կարվեն»։ Վարչապետին հարցրին նաեւ՝ ինչպե՞ս է վերաբերվում այն իրողությանը, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տ. Թորոսյանի ստորագրությամբ ԵԽԽՎ է գնում մի փաստաթուղթ՝ 1374 բանաձեւի պահանջների կատարման մասին (այս փաստաթղթի մասին մենք գրել ենք նախորդ համարում), որի մեջ առկա բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Իսկ ո՞վ է ասում, որ չեն համապատասխանում,- հարցին հարցով պատասխանեց վարչապետը եւ հավելեց,- բոլոր դեպքերում այդ փաստաթուղթը կազմված է գործադիր իշխանության կողմից, ԱԳՆ-ն է պատասխանատու նմանատիպ փաստաթղթեր կազմելու համար եւ ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը կամ առողջապահության։ Եվ այդ փաստարկները, որ դրանում բերված են, հնարավոր է՝ դուք կամ որոշակի ուժեր չընդունեն, բայց դա դեռ չի նշանակում, որ այն, ինչ գրված է, պետք է լրիվ հերքել»։

Մ. ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Հակոբ Հակոբյանը երեկ «բացահայտումներ» չէր անի, եթե
Մհեր Շահգելդյանը ԱԺ եւ կառավարության անդամներին չներկայացներ «Օրինաց երկիր»
կուսակցության մտադրությունը. ստեղծել հանձնաժողով, որը հետամուտ կլինի ԱԺ
Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններին՝ յուրացված գումարների վերաբերյալ:
ՎՊ հաշվետվությունն անդրադառնում է նաեւ «Հայագրոբանկին», որի սեփականատերը
ժամանակին նույն Հակոբ Հակոբյանն էր: Պալատի ներկայացմամբ, տվյալ բանկը՝
01.04.04 թ. դրությամբ գտնվում է լուծարային գործընթացում, բայց նաեւ չվճարված
պարտք ունի պետությանը՝ 652 հազար դոլարի չափով: «Թվարկված փաստերն առնչվում
են նաեւ Էջմիածին քաղաքից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Կարծում
եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար պետք է պատասխանատու լինեն»,- երեկ հայտարարեց
պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Ի դեպ, կառավարության ներկայացուցիչ՝ ֆինանսների
եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ Վերահսկիչ պալատի
բացահայտումների փաստերն արդեն ներկայացված են դատաքննչական մարմիններին:Խորհրդարանի
միջանցքներում պատգամավոր Հակոբ Հակոբյանը կոչ էր անում ԶԼՄ-ներին՝ տարածել
իր հայհոյանքները։ «Առավոտը» չի պատրաստվում արձագանքել այդ կոչերին։
Հակառակ դեպքում մենք կգովազդենք եւ հավելյալ լիցք կհաղորդենք անիմաստ եւ
անմակարդակ բանավեճին, որն, ի դեպ, վկայում է մեր քաղաքական վերնախավի հետագա
դեգրադացիայի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել