Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ «Ա1+»-Ը ՄԵԾԱՑՐԵԼ Է ՀԵՌԱՍՓՌՈՒՄԸ

Սեպտեմբեր 30,2004 00:00

Փաստորեն
այսպիսի հնարքով է Եվրախորհրդի առջեւ արդարացել Հայաստանի ղեկավարությունը՝
«Ա1+»-ը եթերազրկելու առնչությամբ:
1374 բանաձեւի կատարման մասին ԵԽԽՎ-ին ուղարկված զեկույցում Հայաստանի իշխանությունն ընդգծել է, թե որպես լրատվամիջոց՝ «Ա1+»-ը չի փակվել. այն շարունակում է թերթ հրատարակել եւ ունի եռալեզու կայք: Ավելին՝ նշվել է, որ եթե հեռարձակում ունեցած ժամանակ «Ա1+»-ը ֆինանսական սահմանափակումների պատճառով չէր սփռվում ամբողջ Հայաստանում. «Այժմ այն հաճախություններ ունի մարզերում՝ տեղացի գործընկերների միջոցով»: Իշխանությունների գործադրած այս յուրօրինակ հնարամտության առնչությամբ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Հանրածանոթ է, թե իշխանություններն ինչ կեղծիքներ կարող են գործադրել՝ իրենց դիրքորոշումը պաշտպանելիս: Եվ ինչպես միշտ՝ այժմ էլ փորձել են ստի միջոցով լղոզել իրենց նախկին սխալներն ու կեղտերը՝ թաքնվելով մե՛կ օրենքի, մե՛կ «Ա1+»-ի՝ չհանձնվելու եւ իր աշխատանքը շարունակելու դիրքորոշման ետեւում»:

ԵԽԽՎ-ին ուղարկված զեկույցում Հայաստանի իշխանությունը փորձել է փարատել միջազգային հանրության այն տպավորությունը, թե «Ա1+»-ը միակ անկախ ալիքն էր՝ նշելով, թե կապուղիները պատկանում են 47 տարբեր ընկերությունների, եւ միայն երկուսը՝ Հանրային հեռուստաընկերությանը: Մնացած մասնավոր ալիքների մասին ասվում է, թե դրանց տերերը «ոչ մի կապ չունեն կառավարության հետ»: Ավելին՝ պնդում կա, թե նրանց ծրագրերում ներկայացված է ամբողջ գունապնակը՝ «բաց ու կոպիտ քննադատությունից մինչեւ զգուշավոր եւ չեզոք՝ իշխանությունների համար բարենպաստը»: Հայաստանի իշխանությունը պնդել է, թե ընդդիմության գործիչները հեռուստաընկերությունների տարբեր ալիքներին հյուրընկալվում են ամեն երեկո: Ի դեպ, վերջերս մասնակցելով տարբեր հեռուստաընկերությունների շնորհանդեսների՝ համանման հավաստիացումներ արեցին նաեւ ընդդիմության առաջնորդները՝ ջուր լցնելով իրենց կողմից այդքան քննադատված «բազմակարծության իմիտացիայի» ջրաղացին: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե բավական պարզ է՝ ինչ է կատարվում երկրում. «Շարունակվող իմիտացիայի փուլերից մեկն այն է, որ հեռուստաալիքներով պիտի հաճախ երեւան ընդդիմության դեմքերը: Եվ ընդդիմության մոլորությունն է, որ մակերեսորեն են վերաբերվում այս խնդրին: Ժամանակը ցույց կտա, որ եթերում նրանց ամեն օր երեւալը ժամանակավոր երեւույթ է»:

Եվրախորհրդին հաշվետվության մեջ դարձյալ է նշվել, թե Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է Դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներին, որ դիտարկում անցկացնեն ու պարզեն՝ արդյոք ընդդիմության համար հասանելի՞ են Հայաստանում գործող հեռուստաալիքները: Եվ արդեն իսկ հրապարակված են նախագահի աշխատակազմի իրականացրած նման դիտարկման արդյունքները, ըստ որոնց՝ եթերի 35%-ը հատկացվել է ընդդիմությանը, իսկ 70%-ը կառավարության, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել, հրապարակախոսներ ու գիտնականներ: Ընդ որում՝ նախագահի աշխատակազմի այս 105%-անոց դիտարկման մեջ մեծահոգաբար հաշվի չեն առնվել խորհրդարանական հայտարարությունների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամերը, որոնք հեռարձակվում են ԱԺ կանոնակարգի համաձայն:

Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում առաջարկեց անցկացնել նման դիտարկում՝ համոզվելու, թե «Ա1+»-ի եթերազրկումը դեռեւս խոսքի ազատության սահմանափակում չէ, եւ այդ հարցը պետք է հանել ԵԽԽՎ բանաձեւերից՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որի կազմակերպությանն են միջազգային կառույցները վստահում Հայաստանում նման դիտարկումների անցկացումը, հրապարակավ հանդես եկավ հետեւյալ մեկնաբանությամբ. «Եթե լուրջ հիմքեր կան ասելու, որ 2002-ի եւ 2003-ի հեռուստակապուղիների մրցույթներն անցկացվել են օրենքի ու ընթացակարգի լուրջ խախտումներով, եւ եթե նույնիսկ այսօր մեր եթերում լիներ իդեալական վիճակ, ապա միեւնույն է՝ այն չի նշանակում, թե «Ա1+»-ի հարցը պիտի հանվի ԵԽԽՎ բանաձեւերից: Այս երկու հարցերը ուղղակի չի կարելի խառնել միմյանց հետ»: ԵՄԱ նախագահն ընդունելի համարեց դիտարկում անցկացնելու առաջարկը. «Բայց առավել արդյունավետն այն դիտարկումներն են, որոնք անց են կացվում քաղաքական սրված իրավիճակներում, երբ առավել անհրաժեշտ է, որ եթերը բազմակարծիք լինի եւ հասանելի` ընդդիմությանը: Այդ առումով տարբեր կազմակերպությունների՝ 2003-ի թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանական ընտրությունների դիտարկումները ցույց են տվել, որ լրատվամիջոցները, գոնե հեռարձակվող առաջատար հեռուստաալիքները, կողմնակալ են լուսաբանել ընտրությունների ընթացքը: Սա արդեն հիմքեր է տալիս ասելու, որ Հայաստանում կան ե՛ւ խոսքի ազատության, ե՛ւ բազմակարծության խնդիրներ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել