ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ՞ Երեկ բացվեց Հայ գրողների միության երրորդ համագումարը: Առաջին ելույթը Հայ գրողների միության առաջին քարտուղար, Հայաստանի գրողների միության նախկին անդամ Հովհաննես Մելքոնյանինն էր: Նա հայտարարեց, որ իրենց միությունը ժամանակին «ապօրինաբար վտարվել է Հայաստանի գրողների տնից՝ ՀՀՇ-ական ղեկավարության ջանքերով»: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին էլ մեղադրեց Գրողների տան իրենց գրասենյակները վարձակալության տալու եւ եկամուտները յուրացնելու մեջ. «Թող միաբջիջ մտածողությամբ ժուռ նալիստ Անանյանը եւ մյուս կարճատեսները նայեն իրենց քթից անդին ու տեսնեն, որ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում գրողների 2-3 եւ ավելի միություններ կան, որոնք բաժանել են նախկին ունեցվածքը եւ համագործակցում են: Իսկ ՀԳՄ-ն ոտնահարում է Հայ գրողների միության իրավունքները»: Անդրադարձ եղավ նաեւ թերթերից մեկին Լ. Անանյանի տված հարցազրույցին, որտեղ ՀԳՄ նախագահը տեսակետ էր հայտնել, թե «Հայ գրողների միությունը դեռ 5 տարի առաջ լուծարվել է, պատկերավոր ասած՝ մեռել է, թաղել ենք, ոսկորներն էլ փտել են»: Ի պատասխան, պրն Մելքոնյանն ասաց. «ՀՀՇ-ական այդ դրածոյի (նկատի ունի L. Անանյանին- Գ.Հ.) թուրքի ատելությամբ ասած խոսքերից հետո մնում է գերեզմանափորի բահ ու քլունգ տալ եւ ուղարկել Նուբարաշենի գերեզմանատուն… Եթե բարձր ճաշակի սուրճ խմողները երկար ճանապարհ ունեն «Ֆեռոյի» հետ, ապա Հայաստանի գրողների միության տաղանդավոր անդամները՝ լրագրող Լեւոն Անանյանի հետ անցնելու երկար ճանապարհ չունեն, բոլորը կշտացել են նրանից: Եվ շուտով նա իր նոր տարվա գաթան կուտի որպես ոչ ՀԳՄ նախագահ»: Հովհ. Մելքոնյանը իրենց գրասենյակները խլելու մեջ մեղադրում է հատկապես «Վանոյին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, պետանվտանգության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին, որոնք եկան, մեզ հանեցին՝ ոտքի տակ տալով ամեն ինչ»: Հայ գրողների միության առաջին քարտուղարը մի քիչ էլ Սիլվա Կապուտիկյանից է նեղացած, որովհետեւ վերջինս ժամանակին չէր ուզում, որ Լ. Անանյանը ՀԳՄ անդամ դառնա, իսկ հիմա պաշտպանում է նրան: Հայաստանի գրողների միության անդամ, ռազմական գրողների միջազգային միության փոխնախագահ Սասուն Գրիգորյանը Հայ գրողների միության համագումարին իր ներկա գտնվելը այսպես հիմնավորեց. «Առավոտյան եկա աշխատանքի ու ինձ հանձնեցին այս հրավիրատոմսը: Ես բարոյական իրավունք չունեմ չմասնակցելու նորաստեղծ գրողական միության համագումարին, որը քիչ թե շատ շոշափում է գրական-ստեղծագործական հարցեր»: Հայ գրողների միության կազմքարտուղար Խաչիկ Կիրակոսյանն էլ պատմեց, թե ոնց են իրեն Մոսկվայում ընդունում ու հարգում: Ինչպես է այնտեղ Հայ գրողների միության բաժանմունք ստեղծել. «Մոսկվայի գրականության կենտրոնական տանը արդեն քանի՜ միջոցառում ենք պատրաստել Սեւակին նվիրված ու պահանջել ենք, որ տարածքն անվճար տրամադրեն: Ասել եմ, դուք պարտք եք հայ ազգին, մենք ձեզ համար արյուն ենք թափել Հայրենական պատերազմի տարիներին: Այդ պատճառով էլ Պուշկինին նվիրված միջոցառումները վճարովի են, Սեւակին նվիրվածները՝ անվճար»: Մինչ համագումարը լավատեսությամբ տրամադրված Սասուն Գրիգորյանը, սրտնեղած ՀԳՄ-ի հասցեին հնչած հայհոյախառն ելույթներից, զայրացավ իր պառակտված գրչակիցների դեմ: Նա բոլոր գրողներին խորհուրդ տվեց ոչ թե օրինակ վերցնել Հայաստանի կուսակցություններից, այլ միավորել ուժերը եւ դառնալ մեկ կազմակերպություն: «Մի տեսեք ովքե՞ր են Հայաստանի օլիգարխները՝ սկսած ՀՀ նախագահից, վերջացրած նախարարներով ու թաղապետերով…Կլաններ, չարչիներ, մարդասպաններ հավաքվել՝ կաշառքով ԱԺ են ստեղծել: Դե գրեք, է՞, ո՞ւր մնաց գրողական ձեր համարձակությունը, ինչո՞ւ չեք ստեղծում մերօրյա զիմզիմովների կերպարները…»: Համագումարին հրավիրված էր նաեւ Հայ արիների միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը: Նա առիթն օգտագործեց ասելու, որ այսօր «երկիրը ղեկավարում են ոչ միայն անդեմ, այլեւ անսեռ մարդիկ, ուստի սկսել ենք կորցնել մեր մարդկային աստվածատուր դեմքը: Այն, որ Աստված տղամարդուն տղամարդ է ստեղծել, կնոջը՝ կին: Այստեղից են մեր բոլոր բարդությունները»: Պրն Ավետիսյանը դարձյալ ձեռնպահ մնաց հրապարակել արվամոլ պաշտոնյաների ցուցակը՝ չնայած հավաքվածների հետաքրքրասիրությանը: Համագումարի ավարտին Հայ գրողների միության անդամները ի վերջո հույս հայտնեցին, որ գուցե Հայաստանի գրողների միության նախագահի նոր ընտրություններից հետո ընդդիմադիր բանակների բաժանված երկու միությունները միավորվեն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ