Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 29,2004 00:00

ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ Լոռու մարզի Ամրակիս գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության եւ մի քանի այլ առարկաների ուսուցիչ Նաիրի Արոյանին եւ դպրոցի փոխտնօրեն Սիրաչյանին ազատել են աշխատանքից: Նաիրի Արոյանի ներկայացմամբ, իրեն ազատել են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Պարոն Արոյանը Ստեփանավանի ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղարն է: Վերջինիս նույնիսկ բավականին կոնկրետ ասվել է, որ աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար եւ որ ապրիլից են ունեցել հրահանգ այդ մասին, ու դեռ պետք է շնորհակալ լինի, որ այդքան պահել են: Ընդ որում, այս մասին դպրոցի տնօրենն ասել է հունիսի 29-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ: Ապրիլի 5-ին ուսուցիչ Արոյանին մարզի ՆԳ բաժնի աշխատակիցները դասից դուրս են բերել ու տարել ՆԳ բաժին, իրենց ասելով՝ հարցաքննության: Արոյանը դիմել է տնօրենին, որպեսզի վերջինս թույլ չտա խանգարել դասապրոցեսը, սակայն տնօրենը չի միջամտել: Նաիրի Արոյանը դիմել է մարզպետ Հենրիկ Քոչինյանին՝ տեղեկացնելով իր հանդեպ իրականացված ապօրինությունների մասին: Նաիրի Արոյանը դիմումներ է հղել նաեւ ԿԳ նախարարություն, ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով: Դպրոցում այս իրավիճակի պատճառով իններորդ դասարանցիները տեղափոխվել են հարեւան գյուղի դպրոց: Ն. Արոյանին աշխատանքում վերականգնելու մասին դիմումները ստորագրել են գյուղի 45 ընտանիքներ, որոնց մտահոգում է գյուղի դպրոցում տիրող իրավիճակը: Ուսուցիչը մտադիր է բոլոր հնարավոր ատյաններում պաշտպանել իր եւ դպրոցի շահերը: Նույնն է անելու նաեւ դպրոցի փոխտնօրեն Սիրաչյանը: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել