«Ընտրության իրավունքից զրկված մարդը նման է անասունի» Արիստոտելին է մեջբերում Հմայակ Հովհաննիսյանը Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ դահլիճում հայտնված ընդդիմադիր պատգամավորները բավականին աշխուժացրին իշխանական խորհրդարանի մեռյալ մթնոլորտը: Մասնավորապես դրան նպաստեց Հմայակ Հովհաննիսյանը՝ անասունների եւ անասնագողության մասին իր հավերժական թեմայով. «Մի երկրում, որտեղ ժողովրդի ձեռքից խլել են իշխանություններ ձեւավորելու իրավունքը, ինչ խոսք, պատգամավորական մանդատների ճակատագիրը լուծում է հենց ինքը՝ կոալիցիոն ախպերությունը, իսկ ժողովուրդը դատապարտված է ախպերության զուռնա-դհոլի տակ պարող եւ երգող խառնամբոխի ճակատագրին»: Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց Արիստոտելին՝ «ընտրության իրավունքից զրկված մարդը նմանվում է անասունի»: Պատգամավորը ասաց, որ «անասնագողության օրրան են դարձել» մի շարք պետական մարմիններ, քանի որ սրանցում ղեկավար պաշտոնների են նշանակում միայն մեկ պայմանով՝ եթե թեկնածուն անմիջապես անդամակցում է իշխող կուսակցությանը: ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը խիստ վիրավորվեց վերոնշյալից եւ պահանջեց, որ «երկու շաբաթը մեկ խորհրդարանում կես ժամով հայտնվող» պատգամավորները պետք է իրենց «պարկեշտ պահեն»: «Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանը զգուշացրեց, որ ՀՀ իշխանության որոշումը՝ Իրաք զորք ուղարկելու մասին, ծայրահեղ սխալ քայլ կլինի: ԱՄ խմբակցության անդամ Աղասի Արշակյանը կոչ արեց մարդու իրավունքների պաշտպանին՝ հետաքննել թռուցիկներ տարածելու համար դատապարտված Արտակ Գաբրիելյանի գործը: Արշակ Սադոյանը հայտարարեց, որ իշխանավորները ձեւ են անում, թե ընդդիմությանը չեն տեսնում եւ ինչ ուզում՝ անում են. «Ես չեմ ուզում անդրադառնալ սեռական կողմնորոշումներին կամ այլն, բայց այն, ինչ կատարվում է «ԱրմենՏելի» հետ հենց հիմա, իսկապես ազգային դավաճանություն է»: Պատգամավորը հիշեցրեց 1999թ. հունվարի 27-ին ՍԴ-ի կողմից ընդունած որոշումն այն մասին, որ «ԱրմենՏելը» զրկվում է մենաշնորհից 5 տարվա ընթացքում: Հինգ տարին լրացել է, եւ Արշակ Սադոյանը հարցնում է. «Ի՞նչ է անում մեր կառավարությունը, արդարադատության նախարարությունը, ասում են՝ գողը որ տնից լինի, եզը երդիկից կհանի,- եզրակացրեց Սադոյանը եւ ամփոփեց,- երկիրը ձեր աչքի առաջ ծախում են ինչ-որ մարդիկ, չգիտեմ՝ որ կողմնորոշման, եւ դուք համաձայնվո՞ւմ եք սրա հետ»: ԱՄ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «ՀՀ-ում հսկայական քանակության փողեր են լվանում»: Որոշ թվեր ներկայացնելով՝ պարոն Գեղամյանը եւս հարցրեց. «Իսկ ի՞նչ է անում կառավարությունը՝ նախարարներից մեկը քթով սպիտակ պարաշոկ է շնչում, հարազատները ռեկետ են անում: Մյուսները ղումար են խաղում, թալանի տակ մի տարի մնում, էս տարի լավ է՝ պարտքերը փակեցին: Երրորդների մասին ասում են՝ գեյ են, չորրորդը Սեւանում ծիտ է կրակում: Էս եք, քանդում եք երկիրը, հեռացեք»: «Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանը եւս հարցեր ուներ, մասնավորապես այն մասին, թե ինչո՞ւ մինչեւ այժմ չեն պատժվել ապրիլի լույս 13-ի գիշերը ապօրինություններ եւ բռնություններ իրականացրածները, կուսակցությունների գրասենյակներն ավերածները: Մ. Ե.