Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ

Սեպտեմբեր 29,2004 00:00

ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ Կոալիցիայի՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորները ասում են՝ այո, Ղարաբաղը գին չունի Եվս մեկ անգամ անդրադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանի՝ BBC-ին տված հարցազրույցում արած հայտարարությանն ի պատասխան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրապարակած ինքնատիպ մտքերին: Բայց նախ հիշեցնենք Մանի հայտարարությունը. եթե երկարաձգվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, ապա տարածաշրջանային զարգացումը կշարունակի անցնել Հայաստանի կողքով. «Կառուցվում են խողովակաշարեր, ճանապարհներ, երկաթուղագծեր, եւ Հայաստանը, հեռու մնալով միասնացման գործընթացներից, զգալի կորուստներ է կրում»: Սրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը հայտարարել էր, թե դա որեւէ կապ չունի ԼՂ հարցի հետ, «քանի որ ԼՂ-ն գին չունի. ոչ երկաթգծով, ոչ ճանապարհով, ոչ նավթամուղներով եւ գազամուղներով չենք կարող մենք փոխարինել», ապա հավելել էր, թե՝ «այսօր մենք ապացուցել ենք աշխարհին, որ առանց դրանց էլՀայաստանը կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ, եւ հաջորդ հարյուր տարին էլ այսպես կշարունակի զարգանալ՝ առանց այդ երկաթգծերի եւ նավթամուղների»: Տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանը կատարյալ ժողովրդավարական եւ ինքնաբավ երկիր է, որ զարգանում է անգամ շրջափակման եւ միջազգային ինտեգրացիոն ծրագրերից մեկուսացված լինելու պարագայում: Այդուհանդերձ, որքանո՞վ են Օսկանյանի այս հայտարարության հետ համամիտ մասնավորապես իշխանական կոալիցիայի եւ կառավարության ներկայացուցիչները: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԳ նախարարի հայտարարությանը տեղյակ չէր՝ չէր լսել, չէր կարդացել, բայց, ըստ նրա, «խնդիրն այն է, որ մեր ժողովրդի համար Ղարաբաղը գին չունի: Այսինքն՝ յուրաքանչյուր նման հայտարարություն պետք է այդ համատեքստում նայել: Չկա մի բան, որը կարող է փոխարինել Ղարաբաղին: Դա ոչ միայն ազգային արժանապատվության խնդիր է, այլեւ՝ քաղաքական կեցվածքի»: Իսկ Հայաստանն ունի՞ այն ռեսուրսները, որ կարողանա եւս 100 տարի այսպիսի իրավիճակում ապրել, առավել եւս՝ զարգանալ: «Կարծում եմ՝ դա կախված է լինելու մեզանից: Ես երբեք արտաքին վտանգներն այնքան լուրջ չեմ համարում, որքան ներքին վտանգները: Դրա համար միշտ պնդում եմ, որ կան խնդիրներ, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղեն իրենց ասելիքը եւ ժողովրդին հնարավորինս ներգրավեն այդ խնդիրներում՝ ստանալու նաեւ նրա աջակցությունը»,- ասաց Գ. Սահակյանը: ԱԺ ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող Մհեր Շահգելդյանի ասելով էլ, ինքն, իհարկե, չի կարծում, որ մեզ ինքնաբավությունը կամ, այսպես ասենք՝ ավտարգիան, անհրաժեշտ է՝ եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ: «Դա, հավանաբար, իրավիճակային պատասխան է եղել: Այսօրվա իրավիճակում Հայաստանը ռեալ զարգանում է, բայց սա չի նշանակում, եւ կարծում եմ՝ ԱԳ նախարարը սա չէր էլ կարող նկատի ունենալ, թե մեզ պետք չէ ինտեգրվել միջազգային ծրագրերում: Իհարկե, Հայաստանը հնարավորինս պետք է ներգրավվի միջազգային ծրագրերում»,- պարզաբանեց նա: Մեր այն հարցին, թե արտգործնախարարն իրավունք ունի՞ ի պաշտոնե իրավիճակային գնահատականներ տալ, պարոն Շահգելդյանը նկատեց. «Եթե Սթիվեն Մանի հայտարարությունն ընկալվել է՝ կամ ինտեգրացիա, կամ՝ Ղարաբաղ համատեքստում, միգուցե այս դեպքում ԱԳ նախարարի սկզբունքն այն է եղել, որ մեզ համար Ղարաբաղն ավելի կարեւոր է, քան մի շարք միջազգային ծրագրեր: Բայց սա չի նշանակում, որ մենք դեմ ենք ինտեգրացիային: Եթե կշեռքի նժարին է դրվում Ղարաբաղը եւ միջազգային ծրագրերին մասնակցելու հարցը, բնականաբար, ԼՂ հիմնախնդիրը մեզ համար գերակշռող է»: Իսկ դուք հարցրե՞լ եք մեր ժողովրդին եւ ի՞նչ եք կարծում, նա կհամաձայնի եւս 100 տարի «զարգանալ» այս տեմպերով՝ հանուն ԼՂ խնդրի լուծման: «Չեմ կարծում, որ մենք եւս 100 տարի այս վիճակում կմնանք: Որպես պատգամավոր՝ ես վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի: Այսօր էլ մենք մեկուսացված չենք, թեեւ լուծելու խնդիրներ ունենք: Նախ, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումն է, նավթամուղի անցկացումը ՀՀ տարածքով, միջազգային տարանցիկ ուղիների ծրագրերում ներգրավվելը: Մեզ փորձում են դուրս մղել մի շարք ծրագրերից, բայց դրանցից մի քանիսին Հայաստանն, այնուամենայնիվ, կմասնակցի: Երկրորդ, իմ ընտրողների մեծ մասը, իսկապես, ԼՂ հիմնախնդիրը համարում է ոչ միայն մեր հայրենակիցների ազատ ապրելու իրավունքի հարց, այլեւ ազգային ինքնության, ինքնահաստատման խնդիր եւ այս տեսանկյունից համաձայն է»,- հակադարձեց Մ. Շահգելդյանը: Իսկ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որ, թերեւս, մեր երկրի տնտեսական վիճակին քաջատեղյակ նախարարներից մեկն է, հորդորեց ճիշտ փոխանցել Օսկանյանի խոսքերը եւ դրանք յուրովի չմեկնաբանել: «Ինձ թվում է, որ Օսկանյանի ասածները ճիշտ չեն մեկնաբանվում: Նա չէր կարող ասել, որ մեզ գազամուղ, նավթամուղ կամ երկաթուղի պետք չեն: Նման դիվանագետը երբեք այդպիսի բան չէր կարող ասել»,- ասաց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել