Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍԸ»՝ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹԻՆ

Սեպտեմբեր 29,2004 00:00

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լեռնագնացների
«Հատիս» ակումբը, որ լավագույններից է հանրապետությունում, 23 տարեկան է:

Նրանում գործում են ժայռամագլցման, մարզական կողմնորոշման, լեռնագնացության խմբերը եւ համանուն փրկարարական ջոկատը: Ակումբի հիմնադիրն ու ղեկավարը փորձառու մասնագետ, ՀՀ սպորտի վարպետ Մարտին Մարտիրոսյանն է: Նա նաեւ «Հատիս» փրկարարական ջոկատի հրամանատարն է:

Օրերս ակումբը վերելք էր կազմակերպել Արագածի լեռնագագաթներ՝ նվիրված Անկախության օրվան: Սկզբում 30 հոգանոց մի խումբ, որի կազմում նաեւ սկսնակներ կային, հաղթահարեց հարավային եւ արեւմտյան գագաթները, իսկ հաջորդ օրը «Հատիս» փրկարարական ջոկատի 15 անդամներ, Մ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ, նվաճեցին բոլոր չորս գագաթները՝ յուրաքանչյուրի վրա թողնելով բժշկական համալսարանի զինանշանը: Հայոց եռագույնը ծածանվեց Արագածի ամենաբարձր՝ հյուսիսային գագաթին (4090 մետր): Նույն օրը հյուսիսային եւ արեւմտյան գագաթներ բարձրացավ «Սպիտակ» փրկարարական ջոկատը, իսկ հարավային գագաթը նվաճեցին լեռնագնացների հանրապետական ակումբի անդամները, պետհամալսարանի խումբը, առանձին ալպինիստներ:

Ցավոք, այս անգամ տեղի ունեցավ դժբախտ պատահար: Հարավային գագաթի լանջին գտնվող սառցադաշտից գահավիժեց մի կին մասնակից եւ մարմնական վնասվածքներ ստացավ: Նրա ճիչին անմիջապես արձագանքեցին «Հատիս» եւ «Սպիտակ» փրկարարական ջոկատները՝ կազմակերպելով առաջին բուժօգնությունը: Փրկարարների եւ վերելքի մյուս մասնակիցների օգնությամբ երեք ժամվա ընթացքում տուժածին տեղափոխեցին Քարի լճի մոտ, այնտեղից էլ՝ Երեւան:

«Սպիտակ» եւ «Հատիս» ջոկատների ղեկավարներ Նելսոն Թամամյանն ու Մարտին Մարտիրոսյանը ցանկություն հայտնեցին, որպեսզի նման միջոցառումները ղեկավարեն փորձառու մասնագետներ, իսկ անվտանգությունն ապահովեն համապատասխան կառույցները, օրինակ, հասարակական փրկարարական ջոկատները, ինչպես եղավ Արագածի լանջին:

ԱՇՈՏ ԼԵՎՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել