Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

CD-ներից «սպրդել» է Քեոսայան ազգանունը

Սեպտեմբեր 29,2004 00:00

Հայաստանյան
շուկայում սա եզակի դեպք չէ
Հայաստանում բուռն թափով առաջ է գնում CD-ների «պիրատային» արտադրությունը։

Երաժշտական խանութ-սրահներում մեր ուշադրությունը գրավեց Մոսկվայում գործունեություն ծավալած երգիչ Միստր Ալենի (Արմեն Չարչյան) «ԾպրՑպփՍՏ» CD-ն, որտեղ նշված չէ, թե որ ֆիրման է թողարկել, թեեւ բարեխղճորեն գրված է՝ հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Բացի երգչի հեղինակած երգերից, գրված չէ նաեւ կոմպոզիտորների (թվով 8) ու երգերի տեքստերի հեղինակների անունները։ Բարեբախտաբար, այս օրերին երգիչը Երեւանում է ու նա մեզ փոխանցեց, որ շուրջ մեկ տարի առաջ H & D ֆիրման թողարկել է CD-ն, իսկ «անհեղինակ» երգերը կոմպոզիտոր Գայանե Քեոսայանինն են։ Չմտաբերելով թե երբ, երգիչն ասաց, որ ինքն ու կոմպոզիտորը, տեսնելով CD-ի առաջին օրինակները, խնդրել են H & D ֆիրմային, որ անպայման նշվեն, այսպես կոչված՝ բացթողումները։

Կոմպոզիտոր Գ. Քեոսայանն էլ «Առավոտին» վրդովված հայտնեց. «Հայաստանում դեռ 98-ին թողարկված, այսօր էլ վաճառքում Գայանե Սերոբյանի CD-ում էլ նշված չէ իմ անունը (թվով 9 երգ)։ Իմ բոլոր գործերը գրանցված են «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունում, որը հետեւողական է ստեղծագործողների նկատմամբ։ Հեռուստատեսությամբ, ռադիոյով, ռեստորաններում տարվա ընթացքում հնչած ստեղծագործությունների դիմաց յուրաքանչյուր հեղինակ ստանում է գումար։ Չգիտեմ ինչու, Միստր Ալենի CD-ի հետ էլ կապված՝ կրկին անունս տեղ չի գտել»։ Նշենք, որ CD-ում տեղ գտած երգերի համար հեղինակը չի վարձատրվել։

Մեր հետաքրքրությանը՝ «Ինչքա՞ն գումար եք ստանում «Հայհեղինակի» ջանքերի արդյունքում», կոմպոզիտորն ասաց. «Մեկ տարվա համար դա, իհարկե, ծիծաղելի թիվ է, բայց հասկանում եմ, որ մեր երկրի այսօրվա հնարավորություններն այսքան են։ Մեկ տարվա համար ստացել եմ մոտ 5000 դրամ։ Սակայն վիրավորված եմ ու զայրացած, որ նույնիսկ զգուշացումից հետո էլ շտկումներ չեն կատարվում»։ Գ. Քեոսայանը ասաց, որ իր երգերը վաղուց արդեն հնչում են Մոսկվայում, ուր իրեն այլեւս Էդմոնդ եւ Տիգրան Քեոսայանների միջոցով չեն ճանաչում, այլ ընդունում են որպես ինքնուրույն ստեղծագործողի։ Իր խոսքերով. «Եթե այսպես շարունակվի՝ իմ երկրում հեղինակային իրավունքներս չպաշտպանվեն, կդիմեմ Վաշինգթոնյան հեղինակային իրավունքների պաշտպանության միություն։ Հասկանալի է՝ երկրում գումար չկա, բայց օրե՞նք էլ չկա։ Իսկ ես ուզում եմ Հայաստանում ապրել ու ստեղծագործել»։

Փորձեցինք կապվել H&D ֆիրմայի հետ։ Պարզեցինք, որ վերջինս գրանցված է որպես PGD։ Տնօրենը ներկայանալով միայն անունով՝ Դավիթ, ընդամենն ասաց, որ երգչի CD-ները իրենք չեն թողարկել։ Մեր հարցին՝ թե «իրենք» ովքե՞ր են, Դավիթը չհայտնելով իրենց հասցեն, ասաց միայն, որ աշխատում են երեւանյան խանութներից մեկի CD-ների համար առանձնացված բաժնում։

«Հայհեղինակ» հ/կ-ի տեսուչ Կարինե Սագարյանին հայտնելով վերը շարադրվածը, խնդրեցինք ասել, թե ի՞նչ քայլերի կարող են դիմել իրենք՝ կոմպոզիտորի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար։ «Գայանե Քեոսայանը պետք է լեզու գտնի տնօրենի հետ՝ վաճառման կետերից հավաքեն CD-ները, ուղղեն, հետո հանեն վաճառքի։ Իսկ ամենավերջին ելքը դատարանի միջոցով հեղինակային իրավունքի պահանջն է»։ Այս դեպքում, հետաքրքիր է, ո՞րն է հեղինակային իրավունքի պաշտպան «Հայհեղինակի» առաքելությունը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել