Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միմյանց արժանի են

Սեպտեմբեր 29,2004 00:00

«Մամուլի քարտուղարը պարտավոր չէ լրագրողին բացատրել, որ Հայաստանում սուրճի եւ թեյի պլանտացիաներ չկան»:

Օրերս Ծաղկաձորում կայացած լրագրողների եւ գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների փոխհարաբերությունների մասին կայացած քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը: «Այսօր շատ լրագրողների հիմնական գործը օրական 5-6 ասուլիսի նստելն ու տարբեր պոզաներ ընդունելն է: Լրագրողի աշխատանքն այն է, որ առանց մամուլի քարտուղարի կարողանա նյութ հայթայթել: Երբ մենք նյութ էինք գրում, նախ էնցիկլոպեդիաներ էինք ուսումնասիրում: Այսօր լրագրողները կարդալու ժամանակ էլ չունեն, դուք էնցիկլոպեդիա չեք բացում, դուք ցանկանում եք, որ ձեր փոխարեն անալիզներ կատարեն: Նախ սեփական միջոցներով տարրական ինֆորմացիա ունեցեք, նոր դիմեք մամուլի քարտուղարի օգնությանը»,- լրագրողներին էր դիմում Վ. Մարտիրոսյանը: Ի պատասխան ասվածի, «ԱՐ»-ի թղթակից Հակոբ Բադալյանը բացատրեց, թե ինչու բոլորը հետաքննությամբ չեն զբաղվում, եւ ավելի շատ ասուլիսների են մասնակցում. «Հետաքննության համար երկար ժամանակ եւ շատ գումար է պահանջվում, այդ պատճառով շատ ԶԼՄ-ներ չեն գնում այդ հաճույքին: Եթե կարծում եք, որ բոլոր լրագրողներն էլ նույն գործն են անում եւ միայն ասուլիս են լուսաբանում, ես առաջարկում եմ պահել մի դատավոր, որովհետեւ բոլորն էլ նույն գործն են անում, պահենք մի նախարար, որովհետեւ բոլորն էլ նույն ձեւով չեն աշխատում»: Ի հակակշիռ լրագրողների դեմ հասարակայնության հետ կապերի բաժինների բողոքների, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ վարչության անդամ Սառա Պետրոսյանը բերեց մի օրինակ, երբ ինքը ստիպված է եղել մի ինֆորմացիայի համար շուրջ մեկ ամիս սպասել, թե երբ իրեն առողջապահության համակարգից պատասխան կներկայացնեն: Եվ դրա պատճառն այն է, որ հասարակայնության հետ կապերի բաժինը լրագրողին չի մատուցում տարրական ծառայությունը՝ կապ ստեղծելով նրա եւ տվյալ գործով զբաղվող պատասխանատուի միջեւ: Բացի այդ, այս համակարգն իր էլեկտրոնային կայքում չունի ամենատարրական տեղեկատվությունը, որ հետաքրքրում է յուրաքանչյուր քաղաքացու: Ընդհանրապես, ներկա լրագրողների կարծիքով, շատ քիչ գերատեսչություններ կան, որոնց լրատվական ծառայությունները բարեխիղճ են աշխատում, մնացած դեպքերում դրանք պարզապես խոչընդոտում են լրագրողի աշխատանքին՝ հաճախ կորցնելով պահանջվող ինֆորմացիայի հրատապությունն ու արժեքը: Ի դեպ, իբրեւ ինֆորմացիա թաքցնելու մեծագույն վարպետ հնչեցվեց արդյունաբերության եւ տնտեսական զարգացման նախարարությունը, ինչն էլ, ըստ լրագրողների, ոչ այնքան համապատասխան ծառայության, որքան հենց նախարարի մեղքն է: Մեղադրանքին նախարարության համապատասխան ծառայության պատասխանատուն արձագանքեց՝ «Ես համաձայն չեմ այդ կարծիքին»:

«Առկա» լրատվական գործակալության ղեկավար Կոնստանտին Պետրոսովը նշեց, որ մի կողմից լրագրողներն են միեւնույն իրադարձության մասին գրում, եւ թերթերը բացելով, ընթերցողն արդեն գիտի, թե ինչ է կարդալու, մյուս կողմից էլ լրատվական ծառայություններն են մեղավոր, որ չեն կարողանում իրենց գերատեսչությունն ուշադրության կենտրոնում պահել:

ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գուրգեն Ամբարյանի կարծիքին, թե «լրագրողը կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ճակատում է, եւ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով գրանտներ ստացող ՀԿ-ներն իրենք են խրվում կոռուպցիայի մեջ», համաձայն չէր «ԱՐ»-ի թղթակիցը. «Ինչպե՞ս կարող է կոռուպցիայի առաջամարտիկ լինել լրատվամիջոցը, որը տնտեսապես, բարոյապես, ֆիզիկապես կախված է իշխանություններից»: Իսկ պրն Ամբարյանը լրագրողներին առաջարկում էր հայտնաբերած կոռուպցիոն երեւույթների մասին գրել եւ տանել դատախազություն. «Մենք չենք կարող ընկնել փողոցներով, ման գալ՝ կոռուպցիա գտնել, գրեք, ուղարկեք»: Նույնն առաջարկում էր նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվության ղեկավարը՝ «գրեք, քցեք արկղի մեջ»: Հիշենք մեկ օր առաջ ներկայացրած՝ Տեղեկատվության իրավունքի ինստիտուտի տնօրեն Կարեն Անդրեասյանի կարծիքը, ըստ որի, կոռուպցիայի հարցում ԶԼՄ-ների դերն ուռճացնելով, հաճախ որոշ ուժեր կամ առանձին մարդիկ փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել լրատվամիջոցների վրա:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել