ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լոռու մարզի Ամրակիս գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի, ֆիզիկայի,
աշխարհագրության եւ մի քանի այլ առարկաների ուսուցիչ Նաիրի Արոյանին եւ դպրոցի
փոխտնօրեն Սիրաչյանին ազատել են աշխատանքից:
Նաիրի Արոյանի ներկայացմամբ, իրեն ազատել են աշխատանքից քաղաքական հայացքների համար: Պարոն Արոյանը Ստեփանավանի ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղարն է: Վերջինիս նույնիսկ բավականին կոնկրետ ասվել է, որ աշխատանքից ազատում են քաղաքական հայացքների համար եւ որ ապրիլից են ունեցել հրահանգ այդ մասին, ու դեռ պետք է շնորհակալ լինի, որ այդքան պահել են: Ընդ որում, այս մասին դպրոցի տնօրենն ասել է հունիսի 29-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ: Ապրիլի 5-ին ուսուցիչ Արոյանին մարզի ՆԳ բաժնի աշխատակիցները դասից դուրս են բերել ու տարել ՆԳ բաժին, իրենց ասելով՝ հարցաքննության: Արոյանը դիմել է տնօրենին, որպեսզի վերջինս թույլ չտա խանգարել դասապրոցեսը, սակայն տնօրենը չի միջամտել:
Նաիրի Արոյանը դիմել է մարզպետ Հենրիկ Քոչինյանին՝ տեղեկացնելով իր հանդեպ իրականացված ապօրինությունների մասին: Նաիրի Արոյանը դիմումներ է հղել նաեւ ԿԳ նախարարություն, ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով: Դպրոցում այս իրավիճակի պատճառով իններորդ դասարանցիները տեղափոխվել են հարեւան գյուղի դպրոց: Ն. Արոյանին աշխատանքում վերականգնելու մասին դիմումները ստորագրել են գյուղի 45 ընտանիքներ, որոնց մտահոգում է գյուղի դպրոցում տիրող իրավիճակը: Ուսուցիչը մտադիր է բոլոր հնարավոր ատյաններում պաշտպանել իր եւ դպրոցի շահերը: Նույնն է անելու նաեւ դպրոցի փոխտնօրեն Սիրաչյանը:
Մ. Ե.