Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑՈՎ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ

Սեպտեմբեր 29,2004 00:00

ԼՂ ՀԱՐՑՈՎ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ

ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Յեժի Յասկերնիայի
զեկույցի 1374 բանաձեւի կատարման վերաբերյալ միակողմանի եզրակացությունները
ստվերում թողեցին նրա այլ դրույթները: Մինչդեռ ոչ պակաս ուշագրավ են զեկույցի
հիմնավորման դրույթները Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այստեղ արդեն
Յասկերնիան բավական կոշտ գնահատականներ է տվել, որոնք անհամեմատելի են ներքաղաքական
իրողությունների վերաբերյալ զեկույցի մեղմ մոտեցումների հետ: Մասնավորապես՝
արձանագրելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են երկկողմ
շփումները թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ նախագահների մակարդակով՝
զեկուցողը նշում է. «Այդուհանդերձ, քննարկումներում որեւէ առաջընթաց չկա»,
եւ այդ հանդիպումներում պարզապես արձանագրվում է կողմերի անհամաձայնությունը:

Մեր իշխանությունների կողմից ակտիվորեն օգտագործվող դիվանագիտական մի թեզի առնչությամբ Յասկերնիան նշում է. «Հայաստանը չի կարողանում համազեկուցողին ապացուցել, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի եւ ինքնահռչակ՝ առանձնացած ԼՂՀ վարչակարգի ենթակայության տակ գտնվող շրջանների բնակչության գոյատեւման համար»: Զեկույցի ծանոթագրություններում այս առնչությամբ որոշակիացված է. «Այնպիսի առանձին գործողություններ, ինչպես 2004-ի փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությունն է ադրբեջանցի սպայի կողմից, պետք է միանգամայն քննադատվեն, սակայն չպետք է այս սպանությունը շահարկել՝ եզրակացնելու, որ այստեղ կա ագրեսիայի ընդհանուր քաղաքականություն»: Հեգնալից մի դիտարկում կա, թե զեկուցողը «մեծ հետաքրքրությամբ» սպասում է «ԵԱՀԿ Մինսկի համաժողովում քննարկվող հակամարտության» մասին զեկույցին. «ԵԱՀԿ կողմից վերահսկվող գործընթացը մտել է այնպիսի մի փակուղի, որ այս վերնագիրն արդեն խիստ անհամատեղելի է»:

Յասկերնիան նաեւ նշել է, թե անձամբ հավատացած է. «Անվիճելի փաստ է, որ Հայաստանը չի հավակնում Ադրբեջանի այն յոթ շրջաններին, որոնք տեղակայված են ԼՂ նախկին Ինքնավար Հանրապետության սահմաններից դուրս»: Համազեկուցողն ամփոփում է. «Այս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ մինչեւ որեւէ հանրաքվեի անցկացումը, քանի որ այն մարդիկ, ովքեր զանգվածայնորեն դուրս են եկել այս շրջաններից, պետք է կարողանան վերադառնալ՝ մինչեւ որեւէ խորհրդակցության կայացումը»:

Յասկերնիային կաշառված համարող ընդդիմադիրներն այս ամենից հաստատ կեզրակացնեն, թե զեկուցողին սիրաշահելու նպատակով գործադրված միջոցները չեն հերիքել Ղարաբաղի մասով էլ նպաստավոր զեկույցի համար:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել