Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի հոգսերը

Սեպտեմբեր 28,2004 00:00

Սահմանամերձ գյուղի հոգսերը Տավուշի մարզի Մովսես գյուղը մոտ 16 կիլոմետր երկարությամբ սահման ունի Ադրբեջանի հետ եւ, բնականաբար, արցախյան հակամարտության տարիներին շատ է տուժել։ Հրետակոծվել է տների 80 տոկոսը, որից 22-ը ավերվել է հիմնովին, զոհվել է 21 բնակիչ։ Պետբյուջեից տրված գումարներով վերականգնվել է 15 բնակարան եւ գործընթացը շարունակվում է։ Գյուղն ունի 1010 ծուխ կամ 2750 բնակիչ, որոնցից, ինչպես տեղեկացնում է գյուղապետ Ցողիկ Ավալյանը, 450-ը արտագաղթել է, հիմնականում՝ Մոսկվա։ Բնակիչները հավատացնում են, որ այդ թիվը շատ ավելի մեծ է եւ Մոսկվայի տարբեր դպրոցներում մովսեսցի երեխաների թիվը 2 անգամ ավելի է, քան գյուղում սովորողներինը։ Նախկին 1000-ի փոխարեն, այսօր գյուղում դպրոցականների թիվը 300-ի էլ չի հասնում։ Այս տարի առաջին դասարանում սովորում է ընդամենը 12 աշակերտ։ Արտադրական ձեռնարկություններ չկան, իսկ հողագործությամբ գյուղացին չի կարողանում ապահովել ընտանիքի նվազագույն պահանջները։ Առավել եւս, որ ոռոգման ջրի, սերմացուի, պարարտանյութերի պակաս կա։ Սերմացու չլինելու պատճառով այս տարի, նախորդ տարվա 220-ի փոխարեն, ցանել են 120 հա հացահատիկ, այն էլ ցածր բերքի պատճառով շատերը հրաժարվել են հնձել։ Գյուղտեխնիկան՝ ընդամենը 3 տրակտոր եւ 3 կոմբայն, ֆիզիկապես մաշվել է, մեքենամասերը թանկ են։ Անմխիթար վիճակում են 15 տարուց ավելի չնորոգված հանդամիջյան ճանապարհները։ 50-ականներին կառուցված մանկապարտեզի շենքն արդեն վթարային է, հնարավոր չէ նորոգել եւ գյուղապետն իրեն պատեպատ է տալիս հայթայթելու միջոցներ՝ նոր շենքի շինարարության համար։ Օրերս շահագործման հանձնվեց ջրագիծը։ Միգուցե նաեւ դա է պատճառը, որ տեղաբնակներից, գյուղապետի ասելով՝ 12, գյուղացիների ասելով՝ երկու ընտանիք վերադարձել է գյուղ։ Եվ, ընդհանրապես, վերջին երկու տարում գյուղում դրական տեղաշարժ է զգացվում հատկապես ամառվա ամիսներին, երբ «դրսում» աշխատող համագյուղացիները ընտանիքներով գալիս են հանգստանալու հարազատ օջախում։ Նորոգում են բնակարանները, կառուցում են նոր, երկհարկանի տներ։ Ի դեպ, դրսից ստացվող օգնությունների շնորհիվ գյուղում սոցիալական ծայր բեւեռացում է նկատվում, իսկ ամենամտահոգիչն այն է, որ այստեղ նպաստների համակարգը իրեն չի արդարացնում, ինչն էլ հարուցում է բնակիչների բողոքները։ Օրինակ, առանձին կենսաթոշակառուներ առոք-փառոք ապրում են իրենց երեխաների՝ դրսից ուղարկված գումարներով եւ չեն չարչարվում հող մշակելով կամ անասուն պահելով։ Մինչդեռ ընտանիքներ էլ կան, որոնք «մի տուն լիքը» անչափահաս երեխաներին կերակրելու համար մի կերպ կթան են պահում եւ համարվում ապահով։ Թղթաբանության այս համակարգը չի պարզում իսկական կարիքավորին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել