ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՄԵՐ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՑ Պարզվում է, ԱՊՀ տարածքի երկրներից բնապահպանական ոլորտում ամենալուրջ առաջընթաց արձանագրած երկիրը Հայաստանն է։ Տարածված կարծիք կա, թե որ պաշտոնյային ուզում են ասպարեզից «փափուկ» հեռացնել՝ տեղավորում են բնապահպանության նախարարի աթոռին։ Համենայնդեպս, այդպես է եղել մինչ օրս։ Բնապահպանությունը, սոցիալական մյուս ոլորտների համեմատ, առավել դժվար կառավարելի եւ հեշտ խոցելի համակարգ է։ Տարիներ շարունակ բյուջեից հատկացումները եղել են ոչ թե հաշվի առնելով ոլորտի զարգացման խնդիրը, այլ «բյուջեի տակ ինչ կմնա» սկզբունքը։ Ինչպես տվել, այնպես էլ պահանջել են, ինչը դարձել է հասարակության համար շարունակ դժգոհելու, իսկ բնապահպանների համար՝ գործին մատների արանքով նայելու եւ կոռումպացված աշխատելու հիմք։ Ասվածն առավելապես վերաբերում է բնապահպանական վերահսկողությանը, որի բարելավմանն ուղղված ծրագիր է իրականացնում Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունը՝ 1999-ից։ Երեկ կազմակերպության տարածաշրջանային համագործակցության աշխատանքային խումբը, որի մեջ էին 18 երկրների (առանց Ադրբեջանի) 60 պաշտոնյաներ եւ փորձագետներ, քննարկեց աշխատանքային ծրագրի կատարման ընթացքը։ Խմբի ղեկավար Բրենդան Գիլեպսիին «Առավոտը» խնդրեց գնահատել բնապահպանական վերահսկողության մեր ոլորտը՝ ԱՊՀ երկրների համեմատական ֆոնի վրա։ «ԱՊՀ բոլոր երկրների տեսչություններն ունեն ԽՍՀՄ-ից ժառանգած նույն բնութագիրը, բայց Հայաստանն առանձնանում է նրանով, որ այստեղ փորձ է արվում առավել արդյունավետ լուծել սահմանափակ ռեսուրսների օգտագործման հարցը, թափանցիկ դարձնել տեսչական աշխատանքը, աշխատել գործարարների ու ձեռնարկատերերի հետ համագործակցված։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի փորձը կդառնա մոդել տարածաշրջանի մյուս երկրների համար»,- պատասխանեց նա։ Պարոն Գիլեպսիի բարձր կարծիքը հայ բնապահպանների մասին գուցե շոյիչ է, բայց հավատ չներշնչող, բացի վերջին մասից։ Բազմիցս ենք անդրադարձել (եւ ոչ միայն մենք), թե ինչքան անխնա են օգտագործվում երկրի սահմանափակ բնական պաշարները՝ ընդերքը, ջուրն ու անտառը։ Տեսչական աշխատանքի «թափանցիկությունն» արտահայտվում է միայն եռամսյակային կամ տարեվերջյան հաշվետվություններում, իսկ դրանից դուրս նրանց ունեցած տվյալները լրագրողների համար եղել եւ մնում են մութ ու անթափանց։ Իսկ տեսչական վերնախավը, ինչպես միշտ, անմատչելի է։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների հետ «լեզու գտնելով» աշխատաձեւին, ապա այդ մեկը ստացվել ու ստացվում է, այն էլ բարձր մակարդակով։ Միակ մխիթարությունն այն է, որ նույն իրավիճակն է, գուցե եւ ավելի վատ, հարեւան երկրներում նույնպես, որոնց համեմատությամբ էլ մեր բնապահպաններն առաջավոր են ճանաչվել։ Իսկ պարոն Գիլեպսիի դրական կարծիքը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է օրենքի նախագիծ ընդունել՝ առաջնորդվելով նրա ղեկավարած ծրագրի պահանջներով։ Վերահսկողության ոլորտի բարեփոխումների մասին գրքույկում նշված էր, որ վերահսկողության կարգավորման համար մեծ խնդիր է «ազդեցություն ունեցող հզոր խմբերի լոբբինգը՝ առանձնահատուկ արտոնություններ ստանալու վերաբերյալ»։ Խնդրեցինք նախարար Վարդան Այվազյանին՝ մեկնաբանել, թե ի՞նչ ազդեցությունների եւ արտոնությունների մասին է խոսքը։ «Պարզ չէ՞՝ քաղաքական եւ տնտեսական։ Եթե խոշոր արտանետումներ իրականացնող կամ ժամկետանց ապրանք իրացնող ընկերություններին ես փորձում հակազդել, ապա առնչվում ես այդ երկու ազդեցություններին։ Բայց մենք պետք է աստիճանաբար այդ պրոբլեմը լուծենք՝ նախարարից մինչեւ վերջին չինովնիկ։ Ասեմ, որ ցանկացած երկիր էլ նման խնդիր ունի։ Ռուսաստանը՝ գազի ու նավթի ոլորտում, մյուսներն էլ՝ ուրիշ»,- պարզաբանեց նախարարը։ Բնապահպանական վերահսկողության մասին օրենքի նախագիծն այժմ ԱԺ-ում է։ Տեսուչները հույս ունեն, որ այն կընդունվի աշնանային նստաշրջանի ընթացքում, «ինչից հետո շատ բան կփոխվի»։ Հասկանալի է՝ տեսուչների իրավունքների եւ լիազորությունների առումով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ