Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՄԱՍՈ՞Ն Է

Սեպտեմբեր 28,2004 00:00

ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՄԱՍՈ՞Ն Է «Ընտանեկան օրենսգրքի» նախագծով նախատեսվում է, որ երեխայի ծննդյան վկայականում չպիտի նշվի նրա ազգությունը: Օրինագծի հեղինակների այս մոտեցումն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը գնահատում է իբրեւ մասոնության ազդեցություն: «Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը չի համաձայնում, որ ծննդյան վկայականում նշենք ոչ միայն ծնողների ազգությունը, այլ նաեւ երեխաների: Նրա պատճառաբանությունն այն է, թե 16 տարին լրանալուց հետո՝ անձնագիր ստանալիս, երեխան կարող է (եւ ոչ թե պարտավոր է) նշել տալ իր ազգությունը: Մուկուչյանն ասում է, թե այլ պետություններում չկա նման կարգ, եւ օրինակ է բերում Անգլիան, Ռուսաստանը եւ այլն: Բայց գտնում եմ, թե մենք նրանց հետ չպիտի համեմատվենք, քանի որ նրանք այլ ժողովուրդների են ձուլում իրենց մեջ, դրա համար էլ չեն նշում ազգությունը,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:- Կոնկրետ ես՝ ելնելով մեր ողջ պատմությունից, որ հայն այն ժողովուրդներից է, որտեղ ձեւավորվել են ե՛ւ նախամարդիկ, ե՛ւ մարդկային ամբողջ մշակույթի առաջնահերթ կրողները, գտնում եմ, որ ինչպես մեր նախնիները դարերի ընթացքում իրականացրել են հայապահպանման գործը, այնպես էլ մենք այսօր պիտի շարունակենք՝ հատկապես ելնելով միջազգային իրադրությունից եւ մեր պետության վարած արտաքին քաղաքականությունից: Եթե ազգությունը չնշենք՝ հայ տեսակը փաստորեն կդադարի գոյություն ունենալ: Չենք կարողանա ասել, թե որքան հայեր կան աշխարհում, եւ ապահովել նրանց հավաքական ուժերի օգտագործումը»: Քանի որ այս ամենին հակադրվելը Ռաֆիկ Պետրոսյանը համարում է մասոնականության դավ՝ հետաքրքրվեցինք, թե որոշակի տեղեկություննե՞ր ունի, որ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը մասոն է. «Ո՛չ: Ես նկատի ունեմ մասոնական գաղափարախոսությունը, ըստ որի՝ բոլոր ժողովուրդները պետք է միավորվեն եղբայրական մեկ միության մեջ: Նաեւ նկատի ունեմ աշխարհաքաղաքացիների գաղափարախոսությունը, որտեղ էլի չի ընդունվում ազգը, այլ ընդունվում է համաշխարհային քաղաքացին»: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը համարում է, որ եթե «Ընտանեկան օրենսգրքում» չլուծվի ազգությունը նշելու խնդիրը՝ «Կաշխատեմ, որ այն չընդունվի 3-րդ ընթերցմամբ՝ հանձնաժողովը բացասական եզրակացություն կտա նախագծին: Սա նաեւ «Ժողպատգամավորի» եւ բազմաթիվ այլ պատգամավորների տեսակետն է; Ո՞ւմ է խանգարում, որ ծննդյան վկայականում նշենք երեխայի ազգությունը, երբ Հայաստանի բնակիչների 96%-ը հայեր են, եւ ծնողների միջեւ ազգության առնչությամբ չեն կարող առաջանալ վեճեր: Եվ ոչ թե պետք է նշանակություն տալ նորածին երեխայի իրավունքներին, այլ նրա ծնողների իրավունքին՝ իրենց զավակին գրելու իրենց ազգությամբ: Սա չի հակասի ոչ մեկի շահերին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել