Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ՍԿՍՎԵՑ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Շաբաթ օրը Շվեյցարիայի Բրիսսագո քաղաքում Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)–Պետեր Լեկո (Հունգարիա) մրցամարտով սկսվեց դասական շախմատի աշխարհի միասնական չեմպիոնին որոշելու գործընթացը: Մյուս զույգը կազմել են Գարրի Կասպարովը (Ռուսաստան) եւ Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան), որոնք, սակայն, պայքարի մեջ կներգրավվեն եկող տարվա հունվարին:

Շախմատասերները հիշում են, թե ինչպես 90-ականների սկզբներին առաջատար մի շարք գրոսմայստերներ որոշեցին, որ իրենք կարող են յոլա գնալ առանց իրենց միավորող ՖԻԴԵ-ի: Իսկ շախմատի միջազգային ֆեդերացիան ի վիճակի չեղավ հակառակն ապացուցել: Դրանից հետո արդեն կազմակերպվեցին աշխարհի չեմպիոնության համար տարբեր վարկածներով մրցամարտեր: Տարիների ընթացքում այդ երկփեղկվածությունը վերացնելու, մարզաձեւում մեկ չեմպիոն ունենալու եւ թագակրի երբեմնի իսկական հեղինակությունը վերականգնելու պահանջ առաջացավ: Գործը, թեեւ շատ դանդաղ, սակայն տեղից շարժվեց եւ հաղթահարելով բազմաթիվ բարդություններ՝ հասավ տրամաբանական հանգուցալուծման:

Կրամնիկ-Լեկո մրցամարտը, որի մրցանակային ֆոնդը 1մլն շվեյցարական ֆրանկ է (մոտ $ 770 հազար), լուսաբանող ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ առաջին պարտիայում ժամացույցը միացվել է 30 րոպե ուշացումով, որովհետեւ մամուլի ասուլիսը ձգձգվել էր: Կրամնիկը, որ խաղում էր սեւերով, նախընտրել է ռուսական պարտիայի սկզբնախաղը ու 65-րդ քայլում առավելության հասել:

Կիրակի օրը կայացած երկրորդ պարտիայում, որում սպիտակներով խաղում էր Կրամնիկը, կողմերը արդեն 18-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի։ Այսպիսով, հաշիվը դարձավ 1,5։0,5՝ հօգուտ Կրամնիկի։ Երրորդ պարտիան կայանալու է այսօր։ Մրցակիցները խաղատախտակի առջեւ նստելու են 14 անգամ~ սեպտեմբերի 25, 26, 28, 30-ին, հոկտեմբերի 2, 3, 5, 7, 9, 10, 12, 14, 16, 18-ին:

Լեկոն նախընտրում է հայերին

Մրցամարտում ըստ արժանվույն հանդես գալու համար գրոսմայստերներից յուրաքանչյուրն ընտրել է մարտավկաների, որոնց հետ էլ ձեռնամուխ է եղել նախապատրաստությանը: Մեկնարկի նախօրեին Կրամնիկը եւ Լեկոն հրապարակել են նրանց անունները: Բրիսսագոյում Կրամնիկին օգնում են իսպանացի Իլյեսկասը, ռուսաստանցիներ Բարեեւը եւ ՌԴ գործող չեմպիոն Սվիդլերը, իսկ Լեկոյին՝ նրա մշտական մարզիչ Արշակ Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու ֆրանսիացի Վլադ Տկաչովը:

Կասպարով-իսպանացիներ՝~ 20:0

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը Իսպանիայի Պամպլոն քաղաքի «Օբերենա» մարզական ակումբի հրավերով շաբաթ օրը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 20 խաղատախտակի վրա, որի ընթացքում մրցակիցները եղել են սիրող շախմատիստներ: Սեանսը տեւել է 2 ժամ 20 րոպե եւ ավարտվել Կասպարովի լիակատար հաղթանակով:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել