Այս
տարի Երեւանի 2786-ամյակին նվիրված տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի
13-16-ը: Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը երեկ նշեց, որ արդեն հաստատվել
են Երեւանի դրոշը, հիմնը եւ զինանշանը:
Հոկտեմբերի 13-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դրանք կհանձնի Երեւանի պատմության թանգարանին: Հիշեցնենք, որ հիմնի ընտրության մրցույթի հատուկ հանձնաժողովը, որը գլխավորել է Ե. Զախարյանը, նախապատվությունը տվել է Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի «Էրեբունի-Երեւան» երգին: Ճիշտ է, այս երգը պաշտոնապես որպես հիմն գրանցված չէ, սակայն տարիներ շարունակ եղել է Երեւանը խորհրդանշող լավագույն ստեղծագործություն: Ա. Սահակյանը նշեց, որ երգի համար սահմանված մրցանակը՝ $500-ը, կտրամադրվի որեւէ մանկատան: Այս մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Արա Գեւորգյանի եւ Արամայիս Սահակյանի «Ողջյուն քեզ, Երեւան» երգը, իսկ երրորդ տեղում է Գեղունի Չթչյանի եւ Սուրեն Մուրադյանի «Երեւան» ստեղծագործությունը: Նշենք, որ մրցույթին ներկայացվել էր 25 հայտ՝ 30 առաջարկներով:
Որպես քաղաքի զինանշան, հաստատվել է Ալբերտ Սոխիկյանի 1995-ին ընդունված աշխատանքը, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այն այժմ հետեւյալ տեսքը ունի՝ ուղղանկյուն, կապույտ եզրով, բրոնզագույն վահանի վրա պատկերված է թեւավոր առյուծը, գլխին թագի տեսքով կենաց ծառի պատկերը, ձեռքին՝ իշխանության գավազանը, կրծքին, կլոր վահանի մեջ, հավերժության նշանի վրա Արարատի պատկերն է, ներքեւում՝ կապույտ ֆոնի վրա բրոնզագույն տառերով «Երեւան» մակագրությունն է: Դրոշի մրցույթին ներկայացվել է 118 հայտ՝ 162 առաջարկությամբ: Առաջին մրցանակին արժանացել են Կարապետ Աբրահամյանը եւ Կարապետ Փաշյանը: Ի դեպ, Կ. Աբրահամյանը հայկական մետաղադրամների (բացի 10 դրամանոցից) հեղինակն է: Դրոշի կազմությունը հետեւյալն է՝ սպիտակ, մաքրություն խորհրդանշող ֆոնի վրա պակերված է զինանշանը՝ շրջապատված հայոց 12 մայրաքաղաքները խորհրդանշող կարմիր եռանկյունիներով: Ա. Սահակյանը ներկայացրեց նաեւ Երեւանի օրվան նվիրված տոնախմբությունների ծրագիրը: Նա նշեց, որ թեեւ քաղաքապետարանը նախաձեռնել էր Էրեբունի թանգարանի ամրոցի տեղանքում անցկացնել «Էրեբունի- Երեւան» տոնախմբությունների բացման արարողությունը, սակայն հնագետների եւ մշակույթի նախարարության հետ քննարկումներից հետո որոշվել է մերժել այդ առաջարկությունը: Ա. Սահակյանը ասաց. «Այսպիսով, բլրի վրա ոչ մի միջոցառում չի լինելու: Այնտեղ նախատեսված միջոցառումը կտեղափոխվի ներքեւի հարթակ՝ այս անգամ տոնական համերգի տեսքով, քանի որ տասնյակ տարիներ գրեթե նույն ներկայացումն է պատրաստվել»: Ի դեպ, Երեւանի տոնակատարությունները չունեն գլխավոր ռեժիսոր, այլ յուրաքանչյուր միջոցառում պատրաստում է առանձին ստեղծագործական խումբ: Տոնախմբությունների կազմակերպման համար, կառավարության որոշմամբ, տրամադրվելու է 70 մլն դրամ: Տոնախմբության բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Հոկտեմբերի 13-14-ին Կիրովի անվան եւ Օղակաձեւ զբոսայգիներում կկազմակերպվեն համերգային եւ մարզական միջոցառումներ: Կկազմակերպվի նաեւ «Միսս Հայաստան-2004» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Երեւանը երգերի մեջ» փառատոնը, իսկ 16-ի «Երեւանն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Ա. Սահակյանը խոստացավ, որ հոկտեմբերի 16-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենալիք գալա համերգին կմասնակցեն աստղեր՝ դրսից: Թե ում նկատի ուներ, այդպես էլ չմանրամասնեց:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ