Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԸ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Երեւանում է գերմանացի հայտնի երաժիշտ,
17 միջազգային մրցույթների դափնեկիր, 1993-ին Եվրոպայի լավագույն դաշնակահար
ճանաչված Բերնդ Գլեմզերը:
Դաշնակահարը սեպտեմբերի 26-ին Կամերային երաժշտության տանը հանդես եկավ մենահամերգով, իսկ երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացրեց վարպետության դասընթացներ: Հոկտեմբերի 1-ին Բ. Գլեմզերը ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ հանդես կգա Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտի կատարմամբ: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Դաշնակահարը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Դուք առաջին անգամ ելույթ ունեցաք Հայաստանում: Հետաքրքիր է, որքանո՞վ եք ծանոթ հայկական մշակույթին:

– Խոստովանեմ, որ քիչ գիտեմ: Իմանալ միայն Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, բնավ չի նշանակում քաջ ծանոթ լինել հայկական մշակույթին: Մանավանդ գիտեմ, որ հայերդ բազմադարյա մշակույթ ունեցող ժողովուրդ եք: Հենց առաջին մենահամերգից հետո հասկացա, որ մշակութասեր ժողովուրդ եք եւ գնահատել գիտեք: Շատ շոյված եմ նաեւ այն փաստից, որ համերգին ներկա էին հատկապես Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորը, դասախոսներն ու ուսանողները: Լավ էր, որ ականջալուր չեղա Գերմանիայում պտտվող լուրերին, թե Հայաստանը պրոբլեմներով հարուստ երկիր է, եւ չարժե այնտեղ համերգներ ունենալ:

– Ի՞նչ պրոբլեմներ նկատի ունեին ձեր հայրենակիցները:

– Մեր երկրում Հայաստանի մասին ցանկացած թեմայով զրույցում պարտադիր տեղ են գտնում Ադրբեջան եւ Ղարաբաղ բառերը, շարունակ հիշատակվում է հայտնի հակամարտությունը:

– Դուք մասնակցել եք 17 միջազգային մրցույթի, հատուկ նպատա՞կ էիք դրել ձեր առջեւ:

– Թեեւ ինքս մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների, նույնը, սակայն, խորհուրդ չեմ տա մյուս երաժիշտներին՝ պարզ պատճառով: Գաղտնիք չէ, որ նույնիսկ ամենահեղինակավոր մրցույթում էլ մրցանակները բաշխվում են ըստ կապերի ու ծանոթությունների: Ես նման բաների հետ առնչություն չունեմ (ծիծաղում է – Ս. Դ.), պարզապես այնպես է ստացվել, որ մասնակցել եմ ռեկորդային թվով մրցույթների:

– Միշտ հանդես եք եկել հայտնի դիրիժորների ղեկավարությամբ՝ հեղինակավոր նվագախմբերի հետ: Ի՞նչ կարծիքի եք ՀՊՖՆ-ի մասին:

– Էդուարդ Թոփչյանի հետ ծանոթացել եմ 2,5 տարի առաջ՝ Գերմանիայում: Ծանոթ եմ նաեւ նրա ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբին, այնպես որ «աչքերս փակ» չեմ ընդունել հրավերը, գիտեի ուր եմ գալիս:

– Դուք այն սակավաթիվ երաժիշտներից եք, որ Գերմանիայի նախագահից ստացել եք Federal Service շքանշանը: Նման բարձրագույն պարգեւը պարտավորեցնո՞ղ է:

– Մեր նախագահը հենց այնպես շքանշաններ չի բաշխում: Երկրի ղեկավարը հաճախակի ներկա է լինում համերգներին, իսկ պաշտոնյաները հետաքրքրվում են մշակութային կյանքով: Ավելին, նրանք մեծ պատիվ են համարում այս կամ այն մշակութային միջոցառումը հովանավորելը:

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել