Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՌՃԱՑՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Գրենք
կոռուպցիայի, այլ ոչ թե կոռուպցիայի մասին խոսողների մասին
Հանգստյան օրերին Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը (ԱԳՄԱԿ) ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով:

Իր բացման խոսքում կազմակերպության նախագահ Լուսինե Մարգարյանը պարզաբանեց, որ թեմային անդրադառնալու գաղափարը ծնվել է այն մտքից, որ գործունեության թափանցիկությամբ, տեղեկատվության մատչելիությամբ ու ԶԼՄ-ների ակտիվ գործունեությամբ կարելի է գոնե մի փոքր քայլ անել դեպի կոռուպցիայի նվազեցում. «Չէ՞ որ կոռուպցիան ծաղկում է այնտեղ, որտեղ հասարակությունը չի կարողանում իրականացնել իր վերահսկողական գործառույթները»:

Հանդիպմանը ներկա զեկուցողների մի մասի կարծիքով, ԶԼՄ-ների դերն այս պայքարում ուռճացված է: ԱԺ փոխնախագահ, Հակակոռուպցիոն խորհրդի անդամ Վահան Հովհաննիսյանն այս տեսակետը բացատրում է այսպես. «ԶԼՄ-ների դերն այդքան էլ ուժեղ չէ, որովհետեւ 2000-3000 տպաքանակ ունեցող թերթը ֆիզիկապես չի կարող հասարակություն համախմբել՝ ինչ-որ խնդիր լուծելու համար, չի կարող մոբիլիզացնել հասարակությունը: Այստեղ ժողովրդի մենթալիտետը նաեւ պետք է հաշվի առնել. ժողովուրդը միասնական պայքարի սովոր չէ, երբեմն-երբեմն փայլատակումներ են լինում, բայց առօրյա կյանքում, ԺԵԿ-ի դեմ տարվող պայքարի հարցում մենք միասին չենք, եւ յուրաքանչյուրը նշանակվելով մի աստիճան վերեւ, մոռանում է, որ ինքը պետք է կոնտրոլի տակ լինի, ԶԼՄ-ներին, այսինքն ժողովրդին տա իր գործունեության մասին ամբողջական ինֆորմացիա»: Պրն Հովհաննիսյանը հայկական մենթալիտետից մի ուրիշ օրինակ էլ բերեց: Ինչո՞ւ հայ մատուցողը լավ չի աշխատում. որովհետեւ, ըստ նրա, յուրաքանչյուր հայ մատուցող մտածում է՝ «էս ո՞վ ա, որ ես սրան կարգին, քաղաքավարի, ժպիտով կոֆե տամ: Այս գործն ինձ համար ժամանակավոր է, այ, վաղը գործս կկպնի»:

«Մենք պետք է հասկանանք, որ ծառայելը ժամանակավոր չէ: Այսօր կոռուպցիայի դեմ պայքարում են՝ նկատի ունենալով սեփական հակառակորդներին»: Վ. Հովհաննիսյանի կարծիքով, նույն կերպ աշխատում են եւ մեր լրատվամիջոցները՝ կամ աջ, կամ ձախ: «Նրանք ոչ թե փորձում են պրոբլեմ լուծել, այլ այդ պրոբլեմը աշխատացնում են ինչ-որ շահերի համար: Իսկ ժողովուրդը, որ 2 տեսակետին էլ հետեւում է, հասկանում է, որ հույս չկա, ուրեմն պետք է 3000 դրամ վերցնել ու ընտրել այսինչ պատգամավորին: Այդ հույսի վերականգնողը պետք է լինի ԶԼՄ-ն: Իսկ դրա համար պետք է ստորադասել անհանդուրժողականությունը, եւ ժողովրդին դաստիարակել»: ԶԼՄ-ների դերը որոշ ուժերի ու անձանց կողմից ուռճացված է համարում նաեւ Տեղեկատվության իրավունքի ինստիտուտի տնօրեն Կարեն Անդրեասյանը. «Այդ մարդիկ այդպիսով պատասխանատվությունն իրենցից գցում են չորրորդ իշխանության վրա: Լրագրողները կատարում են իրենց միսիան, բայց երբ չկա մի դեպք, երբ բացահայտվում է, մի կոռուպցիոն փաստ որեւէ ասպարեզում, լրագրողին քիչ դեր է մնում: Երբ կոնկրետ նեղ ասպարեզում բացահայտվեր մի դեպք, լրագրողները մեծ դեր կունենային՝ մասսայականացնելու այդ փաստը, որպեսզի նաեւ վախ առաջացներ մյուսների շրջանում: Հիմա ես հավատում եմ կոնկրետ անձին»: Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւերից մեկը, պրն Անդրեասյանի կարծիքով, շրջանառությունից կոռուպցիա բառը հանելն է: «Պետք է ոչ թե գրել կոռուպցիայի դեմ պայքարողների, կոռուպցիայի մասին խոսողների, այլ բուն կոռուպցիայի մասին՝ ԺԵԿ-երում ու վայենկոմատներում հետաքննություններ անելով»: Իսկ հակակոռուպցիոն պայքարից, նրա կարծիքով, պետք է դուրս մղվեն կոռումպացված մասնագետները: Կ. Անդրեասյանը նաեւ նշեց, որ հաճախ լրագրողներն իրենք իրենց արժեզրկում են՝ այսօր մի բան գրելով ու վաղն իրենց գրածը հերքելով: Եվ դրանից է, որ հասարակությունը ուշադրություն չի դարձնում նրանց հրապարակումներին, հետեւաբար՝ ԶԼՄ-ի ազդեցությունը եւ դերը փոքրանում է:

ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը կարծում է, որ լրագրողներն իրենք պետք է իրենց դերը բարձրացնեն՝ հասնելով նրան, որ իշխանություններն ստիպված լինեն թափանցիկ աշխատել: «Ոչ ոք սկուտեղի վրա ինֆորմացիա չի մատուցում, ամեն տեղ էլ պետական պաշտոնյան ուզում է իր գործն անել եւ ոչ ոքի հաշվետու չլինել»: իսկ դրա համար նախ պետք է լրագրողների, ապա հասարակության բոլոր շերտերի տեղեկացվածությունը՝ օրենքներին: Հաճախ լրագրողը չգիտի էլ, որ ինքն իրավունք ունի այսինչ տեղեկատվությունը պահանջելու, որ այսինչ մարմնի վրա որեւէ պարտավորություն է դրված՝ տեղեկատվություն տրամադրելու առումով: «Միասնականությունը, որ դրսեւորվեց Ծաղկաձորում՝ անտառահատման փաստերն ուսումնասիրելիս, տալու է իր արդյունքը: Լրագրողական կազմակերպություններն իրենք պետք է նախաձեռնող եւ նախանձախնդիր լինեն, որ այսպիսի ակցիաները շատ լինեն»: Իսկ ի՞նչ տվեց Ծաղկաձորյան թեմայի լուսաբանումը կամ պաշտոնյաների առանձնատների մասին ռեպորտաժները: «Ցավոք, այսօր պատժելու համար օրենսդրական մեխանիզմ չկա. այդպիսով, պաշտոնյային միայն հասարակական պարսավանքի կարող ես ենթարկել: Այսօր հարկային ծառայության մեջ ներդրված չէ համեմատական վերլուծության համակարգի մեխանիզմը. եթե դու անցյալ տարի ունեիր մեկ «Զապորոժեց», ինչպես պատահեց, որ այսօր ունես 10 «Ջիպ»: Եթե նույնիսկ տունն արժե 100 հազար դոլար, մեխանիզմ չունես հարցնելու, պահանջելու, թե որտեղից քեզ այդ գումարը, օրենսդրական մեխանիզմ չկա»:

Լրագրողների եւ գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատուների տեսակետները՝ տեղեկատվության մատչելիության վերաբերյալ՝ վաղվա համարում:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել