Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՀԱՍԱՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Սեպտեմբեր 28,2004 00:00

Հերթական
վատ լուրը Հայաստանի համար
Ադրբեջանական աղբյուրները հաստատել են, որ անցած երեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Պֆայֆերը Բաքվում քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները, նաեւ՝ Ադրբեջանում ամերիկյան ռազմական հենակայան հիմնելու հարցը: Այս տեղեկությունը Հայաստանի համար վերջին շրջանում հերթական տհաճ նորություններից մեկն է: Բանն այն է, որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ ռազմակայանները նախատեսվում է տեղաբաշխել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, գրավյալ, մասնավորապես՝ Իրանին սահմանակցող Ջաբրաիլի, Ֆիզուլիի, Զանգելանի տարածքներում:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ վերջերս, երբ հերթական անգամ շրջանառության մեջ էր գրավյալ տարածքները վերադարձնելու մասին տեղեկությունը, խոսքը նույն այս երեք շրջանների մասին էր, որոնք, անշուշտ, ռազմավարական նշանակություն ունեն ինչպես ԼՂՀ-ի, Հայաստանի, այնպես էլ տվյալ դեպքում ԱՄՆ-ի հեռահար նպատակներն իրականացնելու համար:

ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ տրամաբանական է, որ այդ ռազմաբազաները տեղակայվելու են ազատագրված այդ տարածքներում: «Ես դրա համար երկու փաստարկ կարող եմ բերել: Նախ, ԱՄՆ-ը շահագրգիռ է ինչպես հաղորդակցական ուղիների, այնպես էլ Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործմամբ: Երկրորդ, այդ տարածքներում իր ներկայությունն ԱՄՆ-ին անհրաժեշտ է նաեւ Իրանի նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանելու եւ անհրաժեշտության դեպքում նաեւ գործողություններ ծավալելու տեսանկյունից»,- նկատեց վերջինս:

Իհարկե, ամերիկյան մոբիլ խմբերը հիշյալ տարածքներում տեղակայելու համար նախ անհրաժեշտ է, որ հայկական ուժերը ետ քաշվեն իրենց վերահսկողության տակ գտնվող այդ տարածքներից, ինչը, որոշ փորձագետների դիտարկմամբ, մոտակա հեռանկարում քիչ հավանական է: Բոլոր դեպքերում այդ խնդիրը անմիջականորեն շաղկապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Սա իր հերթին խոստանում է լրացուցիչ ճնշումներ հարցի կարգավորումը սառեցնելուն հակված ՀՀ իշխանությունների վրա: Վ. Դալլաքյանի մատուցմամբ՝ ակնհայտ է, որ եվրոպական կառույցներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին՝ ի դեմս Ռ. Քոչարյանի, հանդուրժում են՝ փոխարենը ԼՂ հարցում զիջումներ կորզելու համար:

ԱՄՆ մոբիլ խմբերի հնարավոր տեղակայումը Ադրբեջանի տարածքում մտահոգիչ են համարում նաեւ իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորները:

Մասնավորապես՝ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերով հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավոր Մհեր Շահգելդյանի ասելով՝ «խոսակցություններ ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխման մասին արդեն երկար ժամանակ էին շրջանառվում: Նախնական մոտեցումների համաձայն, ԱՄՆ-ը Ադրբեջանում ունենալու էր, այսպես կոչված, կոնսերվացված ներկայություն: Խոսքը վերաբերում էր ենթակառուցվածքների, պահեստների եւ այս ամենի պահպանությունն իրականացնող զորամասերին եւ միայն անհրաժեշտության դեպքում՝ ԱՄՆ-ից կամ այլ ռազմակայաններից զինծառայողների տեղափոխմանը: Նախագծի համաձայն, այդ ռազմակայանները տեղաբաշխվելու են Ադրբեջանի Հարավ-Արեւելյան տարածքներում, որոնք անմիջականորեն հարակից չէին լինելու ադրբեջանաղարաբաղյան զորքերի շփման գծին: Իհարկե, մենք շահագրգիռ ենք, որ այս ռազմակայանները չխախտեն կամ չփոփոխեն այսօր առկա հավասարակշռությունը, ինչը զինադադարի եւ հետագայում հիմնախնդրի լուծման երաշխիքներից մեկն է կարծում եմ»: Ինչ վերաբերում է այդ ներկայության հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության լուծման համատեքստում, ապա, ըստ պարոն Շահգելդյանի, այսօր այդ մասին խոսք լինել չի կարող, առավել եւս, եթե դա չի վերաբերելու զինուժի օգտագործմանը այդ շփման գծում:

«ԱՄՆ պաշտոնատարների հետ մեր հանդիպումների ժամանակ մենք այդ խնդիրը բարձրացրել ենք: Նրանք ասում են, որ սա ավելի շատ Ադրբեջանի Հարավ-Արեւելյան տարածքում ահաբեկչության դեմ պայքարի եւ այլ խնդիրների լուծմանն է ուղղված: Այս իմաստով, բնականաբար, ամերիկյան բազաները չեն կարող հայ-ադրբեջանական շփման սահմանագծում հավասարակշռություն խախտել, որովհետեւ դրանք չեն դրվում ադրբեջանական հրամանատարության տակ եւ ոչ էլ խոսք կա որեւէ պատերազմական գործողությունների կամ միջադեպերի ժամանակ դրանց հնարավոր օգտագործման մասին: Հավասարակշռության խախտում կլինի, եթե, ասենք՝ Ադրբեջանը հավելյալ ֆինանսավորում կամ զինատեսակներ ստանա»,- ասաց նա:

Գուցե ամերիկյան մոբիլ խմբերի տեղաբաշխումը Ադրբեջանում իսկապես էլ շատ անհանգստացնող չէ: Այդուհանդերձ, պետք է հիշել, որ արդեն վաղուց ծրագրեր կան 2005-ին Բաքու-Ջեյհան նավթամուղը շահագործման հանձնելու մասին, մյուս կողմից՝ նաեւ անհանգստացնող է Իրանի նկատմամբ միջազգային հանրության խստացող վերաբերմունքը, ինչը կապված է հագեցված ուրանի մշակման հնարավոր վարկածների հետ: Ասել է թե՝ վաղ թե ուշ եւ ԼՂ հարցը լուծելու, եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության խնդիրը, միեւնույն է, չոքելու են մեր դռանը: Իհարկե, Հայաստանին ոչ ոք չի կարող պարտադրել ինտեգրվել միջազգային տարբեր նախագծերում, եթե մենք ինքներս դա չենք ուզում, բայց որ այդ դեպքում մեզ կստիպեն չխոչընդոտել այդ ծրագրերի իրականացմանն ու ետ քաշել հայկական ուժերը «գրավյալ» տարածքներից՝ անմասն մնալով ինտեգրացիոն գործընթացներին, երկրորդ կարծիք լինել չի կարող:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել