Լուսանկար՝ առանց Կոբզոնի Երեկ տեղի ունեցավ Անկախության հռչակման 13-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրով պետական բարձրագույն պարգեւների ու կոչումների արժանացած տարբեր ոլորտների գործիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Ռ. Քոչարյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով առաջինը պարգեւատրեց խորհրդային տարիներին կուսակցական վերահսկողության կոմիտեն եւ Պետմատը գլխավորած Եղիշե Ասծատրյանին: Ընդ որում, վերջինս բարձրագույն պետական պարգեւի արժանացավ «տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, պետական եւ հասարակական ակտիվ գործունեության համար»: Պարգեւատրվածը նշեց, որ սա իր 33-րդ շքանշանն է, բայց «ամենաթանկարժեք պարգեւը եղածների մեջ», քանի որ ստանում է Քոչարյանի ձեռքից: Ե. Ասծատրյանն էլ փոխադարձաբար նախագահին շնորհավորեց՝ շնորհակալություն հայտնելով «մարտական բարձր կարգի աշխատանքների համար, որոնք ուղղված են ՀՀ տնտեսության ամրապնդմանը, Հայաստանի աշխատավորության տնտեսական-կենցաղային պայմանների բարելավմանը»: «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրվեցին ուժային կառույցների աշխատակիցներ գնդապետ Գարեգին Գաբրիելյանը, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գնդապետ Քաջիկ Մնացականյանը, Երկրորդ աստիճանի մարտական խաչով՝ հետմահու՝ ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանը: «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Կապանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի ավագ բուժքույր Մարուսյա Ղուկասյանը: Արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի ու բարձր վարպետության համար ՀՀ ժողովրդական արտիստի կոչման արժանացավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Դավթյանը: Երգչուհուն տեսնելուն պես նախագահը կատակեց. «Մի հատ երգե՞ս»: ՀՀ վաստակավոր արտիստի կոչումների արժանացան երգահան Արա Գեւորգյանը, ջութակահար Նիկոլայ Մադոեւը, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Հարություն Մովսիսյանն ու Գրետա Մեջլումյանը: Մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվեց արվեստի վաստակավոր գործչի, իսկ Եվա Բեժանովային՝ վաստակավոր բժշկի կոչում: Նախագահը հավաստիացրեց, որ պետական տոների առիթներով տարբեր ոլորտներում աչքի ընկած գործիչներին պարգեւատրելու ավանդույթը կշարունակվի: Այնուհետեւ պարգեւատրվածները մի-մի բաժակ շամպայնով շնորհավորեցին միմյանց ու գնացին լուսանկարվելու երկրի ղեկավարի հետ: Նկարվողների թվում միայն Իոսիֆ Կոբզոնը չկար, որը նույն հրամանագրով պարգեւատրվել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ